Հայաստանի կոմունիստական եւ Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունների համատեղ հայտարարությունում ասվում է.
«Հայաստանի կոմունիստական եւ Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունները խորը զայրույթով դատապարտում են 2015թ. հունվարի 12-ին ռուս դասալիք զինվոր Վալերի Պերմյակովի Գյումրի քաղաքում կատարած անմարդկային ոճրագործությունը, որը խլել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների կյանքը եւ ծանր վիրավորել վեց ամսական երեխային:
Այդ սահմռկեցուցիչ սպանդը հանրության մեջ առաջացրել է մեծ լարվածություն, սպասումներ, տարատեսակ մեկնաբանություններ: Այս ոճրագործության բոլոր հանգամանքները պետք է բացահայտվեն Հայաստանի եւ Ռուսաստանի իրավապահ մարմինների օբյեկտիվ եւ բարձր մասնագիտական քննության արդյունքում: Պահպանելով նախաքննության անհրաժեշտ գաղտնիությունը, այդուհանդերձ որոշակի տեղեկատվություն պետք է տալ հանրությանը: Դեպքն իրոք արտառոց է, որը տեղին առաջացրեց հասարակության եւ հատկապես գյումրեցիների դժգոհությունը, բայց դա չի նշանակում, որ որոշ անպատասխանատու քաղաքական – հասարակական ուժեր փորձեն ապակայունացնել վիճակը, ստվերեն հայ-ռուսական դարավոր բարեկամությունն ու վնասեն մեր երկրների ռազմավարական դաշնակցային հարաբերությունների գործառույթները:
Այս քստմնելի արարքը դատապարտել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ ԱԳ նախարարությունը, Հայաստանում ՌԴ դեսպանատունը, Հայաստանի եւ Ռուսաստանի առաջադեմ հասարակական – քաղաքական գործիչներն ու մտավորականությունը:
Դիմում ենք Հայաստանի եւ Ռուսաստանի զինվորական պատկան մարմիններին, միջազգային պայմանագրերի եւ համաձայնագրերի շրջանակներում ծառայության ներկայացվող զինվորականներին ենթարկել հոգեբանական լրջագույն ստուգումների` հնարավորինս կանխատեսելի դարձնելով նրանց վարքագիծը ողջ ծառայության ընթացքում:
Մեր ժողովրդի համար փորձության այս պահին կոչ ենք անում բոլորին պահպանել զգոնությունը, տեղի չտալ կրքերին, չտրվել սադրանքներին եւ զերծ մնալ տարատեսակ մեկնաբանություններից»: