ՎՏԱՆԳԱՎՈՐ ՕԲՅԵ՞ԿՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ իշխանությունները քնում-զարթնում` նորանոր որոշումներ են կայացնում` ինչ անել, որ լրացուցիչ եկամուտ ապահովեն եւ բյուջեն լցնեն ոչ թե իրենց մերձավոր շրջապատի, օլիգարխ-կրիմինալների փողերով, այլ շարքային քաղաքացու կիսադատարկ  գրպանը էլ ավելի  դատարկելով: Հերթն առանց այն էլ ծանր վիճակում գտնվող գյուղացունն է: Եւ այսպես, իշխանավորները փորձեր են անում հակակարկտային կայան ունեցող համայնքներից գումարներ գանձել կայանի աշխատանքի դիմաց:
Բայանդուրի գյուղապետ Հովակիմ Սարգսյանն օրերս գրություն է ստացել, որով նրան իրազեկել են, որ այսուհետ պարտավոր են տարեկան բավականին խոշոր գումար  վճարել որպես հակակարկտային կայանի սպասարկման վճար: Նման գրություն ստացել են այն համայնքները, որտեղ կայաններ են տեղադրված: Նախկինում սպասարկման  համար համայնքային բյուջեից տարեկան վճարել են 250.000 դրամ գումար: Համայնքապետերի փոխանցմամբ՝ հիմա պետությունը փորձեր է անում ստեղծել ՊՈԱԿ, որն իր մեջ է ընդգրկելու բոլոր կայանները եւ հատուկ սարքի օգնությամբ ցրելու է ամպերը: Մեր ունեցած տեղեկություններով՝ այն արժե շուրջ 1 մլն 700 հազ. եվրո: Ու որպեսզի այդ գումարը հետ գանձեն, որոշել են բարձրացնել սպասարկման գումարը:
Կոնկրետ Բայանդուրի օրինակով նշենք, որ այստեղ ավագանու նիստ են գումարել եւ պատասխան նամակ գրել` նշելով, որ համաձայն չեն տարեկան սպասարկման բարձր գին վճարել: «Եթե որոշումը սկսեն մասսայականորն կիրառել, դա բունտի կհանգեցնի, որովհետեւ որեւէ մեկը չի համաձայնի վճարել էդ գումարը»,-ասում է Բայանդուրի համայնքապետը:
Իշխանությունները մտմտում են որոշակի հնարքների շուրջ,  որպեսզի գյուղապետն ու գյուղացիները չհամարձակվեն հրաժարվել սպասարկման գումարը վճարելուց, դրա համար հակակարկտային կայանը որոշվել է մտցնել վտանգավոր օբյեկտների ցանկ: Հիմա կասեն՝ իրավունք չունեք ինքներդ տնօրինել կայանը, եւ հատուկ ՊՈԱԿ-ը պետք է զբաղվի այդ հարցերով: Գյուղապետերն էլ իրենց հերթին սկսել են փաստաթղթեր հավաքել, որոնք կապացուցեն հակառակը` ցույց տալով, որ հակակարկտային կայանը վտանգավոր օբյեկտների ցանկ ընդգրկելը սխալ որոշում է:
«Նման տրամաբանությամբ եթե շարժվենք, ապա ցանկացած մեկիս տունն  էլ կարող է լինել վտանգավոր օբյեկտ: Էսօր ցանկացած մեքենա էլ գազով է աշխատում: Մեքենաներն էլ են այդ դեպքում վտանգավոր օբյեկտներ»,-ասում է Երազգավորս համայնքի ղեկավար Արտաշես Մխիթարյանը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս