Հայաստանի անտառներին ու քաղաքների կանաչ տարածքներին հսկայական վնաս հասցվեց 1990-ականների սկզբին՝ էներգետիկ ճգնաժամի տարիներին: Շուրջ 20 տարի անց հանրապետության անտառները կրկին վտանգված են՝ այս անգամ ապօրինի ծառահատումների, կոռուպցիայի ու փայտանյութի ստվերային առեւտրի պատճառով:
Եթե վստահենք պաշտոնական տվյալներին, ապա ՀՀ կառավարության եւ ՀԿ-ների համատեղ ջանքերով 2004թ-ի համեմատությամբ 2011թ. ավելի քան 20 անգամ պակասել են ապօրինի ծառահատումները: Դրա արդյունքում մոտ 19 անգամ նվազել է նաեւ ստացված փայտանյութի ծավալը: 2004թ. հատվել է շուրջ 27.157 ծառ` 10520,7 խորանարդ քմ խտության, իսկ 2011թ.՝ 1810 ծառ` 2087,58 խտ խմ քառ. ծավալով:
20-րդ դարում Հայաստանի անտառները 2 անգամ ենթարկվել են գերհատումների: Առաջինը տեղի է ունեցել 1930-50թթ., երբ արդյունաբերական նպատակով տարեկան հատվում էր 450 հա անտառ: Գերհատումների 2-րդ շրջանը սկսվել է 1991թ. էներգետիկ ճգնաժամի եւ տնտեսական շրջափակման պատճառով: Պետական անտառային ֆոնդի զգալի տարածքներն այսօր էլ տուժում են զանգվածային ծառահատումների պատճառով, որոնց հետեւանքով առաջացել են ցածրարժեք անտառներ, տեղի են ունեցել անցանկալի փոփոխություններ, անտառների որոշ հատվածներ կորցրել են բնական վերականգնման հատկությունը: Մարդու անհեռատես տնտեսական գործունեության հետեւանքով, անտառածածկ տարածքների կրճատումներից բացի, տեղի է ունեցել ծառատեսակների կազմի եւ դրանց զբաղեցրած տարածքների զգալի փոփոխություն: Հրաշալի փայտանյութ համարվող կաղնու, ընկուզենու, հաճարենու որոշ տեսակներ արդեն հայտնվել են Կարմիր գրքում: 2005թ. ընդունված Անտառային նոր օրենսգիրքը սահմանում է, որ արժեքավոր ծառատեսակներն ապօրինի հատողները տուգանվում են մինչեւ 50.000 դրամով: Ըստ «Հայաստանի անտառներ» բնապահպանական ՀԿ-ի տվյալների` Հայաստանում տարեկան ապօրինաբար հատվում է մոտ 1 մլն խմ բնափայտ, որը կազմում է մոտ 8000 հա անտառ:
Անտառների ոչնչացման հիմնական պատճառներից մեկն էլ փայտանյութի պահանջարկն է, որը պայմանավորված է դրա արտահանման գերշահավետ բիզնեսով: Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 1999-ին ՀՀ-ից արտահանվել է 1,028 տոննա փայտանյութ, իսկ 2011-ին` 10,641 տ.՝ 1.720.900 ԱՄՆ դոլար արժեքով: Ամրապնդվել են Հայաստանի կապերը կահույք արտադրող այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Իտալիան, աճել է այն ծառատեսակների պահանջարկը, որոնք աճում են Հայաստանում:
2004-2011թթ. ընթացքում ՀԿ-ները եւ մասամբ էլ կառավարությունը, անտառվերականգնման աշխատանքներ են իրականացրել 330479 հա-ի վրա: Այդ թվում, գյուղնախարարության տվյալներով, կատարվել է բնական վերաճի օժանդակում` ցանքս եւ տնկում` 2987 հա-ի, բնաշիվային վերաճի` 7674 հա-ի եւ բնական վերաճի օժանդակ ցանքապատման միջոցով` 14.0320 հա-ի վրա: Թե նշվածի որ մասն է անտառ դարձել, դժվար է ասել, քանի որ միայն ծառատունկ կատարելով՝ անտառ չես վերականգնի, հարկավոր է համալիր մշակում, որը ՀՀ-ում տարերային բնույթ է կրում:
Ներկայում ՀՀ անտառների մոտ 70%-ը կազմալուծված է ու ծերացած: Զարմանալի է, սակայն Հայաստանում դեռեւս կան կուսական անտառներ, որոնք դժվարհասանելիության շնորհիվ մինչ օրս փրկվել են ոչնչացումից: Գերշահագործման, հատումների, արածեցման, խոտհնձի, հողազավթումների եւ այլ պատճառներով զգալի կրճատվել Է անտառածածկը: Վերջին տարիներին Ճապոնիայի ու Գերմանիայի աջակցությամբ Հայաստանի տարբեր մարզերում հիմնադրվել է 1288 հա անտառմշակույթ, որի արդյունավետությունը կնկատվի շուրջ 5 տարի հետո:
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ԱՆՏԱՌՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ