Հուլիսի 8-ին Լոռու մարզի Խնկոյան, Ահնիձոր, Սարչապետ եւ Սարամեջ համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ինչպես «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման հարցերի բաժնի պետ Ժիրայր Ղազարյանը, Խնկոյան համայնքում առաջադրվել են գործող համայնքապետ, անկուսակցական Վարուժան Համբարձումյանը եւ Արթուր Ղազարյանը, Սարչապետում` ՀՀԿ-ական գործող համայնքապետ Բորիս Բարոյանը, ինչպես նաեւ եղել է մեկ թեկնածու, որն ինքնաբացարկ է հայտնել: Սարամեջում նույնպես առաջադրվել է գործող համայնքապետ, ՀՀԿ-ական Հայկ Հովհաննիսյանը, նաեւ` Համեստ Տեր-Ավագյանը:
«Վերոհիշյալ համայնքներում նախընտրական քարոզարշավն ընթանում է բնականոն հունով, առանց լարվածությունների: Համայնքներից ՀՀ ընտրական օրենսգրքի խախտման ահազանգ չենք ստացել: Հուլիսի 8-ին այս համայնքների բնակիչները կարտահայտեն իրենց կամքը»,-նշեց Ժիրայր Ղազարյանը:
Ահնիձոր համայնքում կկազմակերպվեն միայն ավագանու ընտրություններ, որտեղ հինգ տեղի համար առաջադրվել է վեց թեկնածու: Ավագանու ընտրություններ կկազմակերպվեն նաեւ Սարչապետ եւ Սարամեջ համայնքներում: Սարչապետում 7 տեղի համար առաջադրվել է 9, իսկ Սարամեջում` 8 թեկնածու:
Լոռու մարզում ՏԻՄ հաջորդ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 9-ին: 96 համայնքներից 82-ում կկայանան համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների, 4-ում` միայն համայնքի ղեկավարի, իսկ մնացած 10-ում` ավագանու անդամների ընտրություններ:
Լոռի