Երեխան մահացավ, մարդասպանին պետք է հրապարակում մահապատժի ենթարկել. համացանցում սգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահը հերթական ցնցումն է առաջացրել սոցիալական կայքերում: Համացանցում բազմաթիվ օգտատերեր իրենց էջերում սև լուսանկար են տեղադրում՝ ի նշան վշտի, կարեկցանքի, ափսոսանքի, ցավակցության….

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նույնպես համացանցի իր էջում սև լուսանկար է տեղադրել, ցավակցել է երեխայի մահվան կապակցությամբ և գրել. «Նա միացավ երկնքում իր հարազատներին: Շատ ցավալի է: Մի բան կրկին կոտրվեց մեր մեջ: Հոգին լուսավորի Աստված»:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը գրել է. «Ցավով տեղեկացա փոքրիկ Սերյոժայի կորստի մասին:

Հիրավի, խոսքերն անզոր են փարատելու Ավետիսյանների հարազատների ու վերջին իրադարձություններից ցնցված մեր հայրենակիցների վիշտը:

Ուժ ու տոկունություն մեզ բոլորիս: Թող Աստված փոքրիկի հոգին լուսավորի»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրել է. «Կապ չունի՝ պաշտոնապես սուգ կհայտարարվի՞, թե ոչ: Սու՛գ է մեր հոգիներում»:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ գրել է. «Սիրտս պայթում է… Վերջ… Էլ ոչինչ չեմ ուզում… Ինչ արդարություն, ինչ բան…»:

Երեխայի մահվանն է անդրադարձել նաև ռուս հայտնի հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը. «Երեխան մահացավ. մարդասպանին պետք է հրապարակում մահապատժի ենթարկել»,- գրել է նա:

Հեռուստահաղորդավար Նազենի Հովհանիսյանը գրել է. «Մահացավ։ էլ ուժ չուներ պայքարելու…. մարդու սիրտը պիտի քարից լինի, որ դիմանա»:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն իր ցավակցական ուղերձում գրել է. «Տեղեկացա, որ հանգավ Ավետիսյանների ընտանիքի վերջին լույսը։ Ցավոք, մեզ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը։ Ցավակցում եմ մեր ողջ ժողովրդին, ուժ և տոկոնություն եմ մաղթում բոլորիս»։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրել է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը իր խորին ցավակցությունն է հայտնում Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Այն ավելացրեց առանց այդ էլ այդ ընտանիքին պատահած դժբախտության պատճառով ողջ հայ ազգին համակած ցավը: ՊՆ -ն համբերություն է մաղթում Ավետիսյանների ընտանիքի հարազատներին»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ևս անդրադարձել է փոքրիկի մահվան. «Աստված իմ, դեռ ինչքան ցավ պիտի բերի այդ մարդակերպ ոչնչության ոճրագործությունը բոլորիս:  Այդքան սիրեցինք փոքրիկին, այդքան աղոթեցինք նրա համար ու հիմա ջարդվել ենք ու հիմա սգում ենք: Բոլորս:
Աստված հոգին լուսավորի լույս փոքրիկի: Ցավակցում եմ: Ցավակցում եմ բոլորիս, բոլոր հարազատներին, բոլոր գյումրեցիներին:  Հպարտ եմ գյումրեցիներով, հիանում եմ այդ վիրավոր, բայց ամուր մարդկանցով:  Համբերություն բոլորիս»:

Դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն սգո օր է պահանջում. «Եթե հիմա պետության ղեկավարները չհայտարարեն սգո օր, ես վերջնականապես կհամոզվեմ, որ նրանք թքած ունեն ամեն սրբության վրա: Պատասխանը ժողովորդի կողմից լինելու է համաչափ: Անձամբ ես դա չեմ մոռանա: Պահանջում եմ Սգո օր», – նշել է նա:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ հիվանդանոցում մահացավ Գյումրու սպանդինզոհ գնացած Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամը՝ փոքրիկ Սերյոժան:




Լրահոս