Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Armlur.am-ը, Շիրակի մարզային ոստիկանության վարչությունում հանրապետության ոստիկանապետի հրավիրած փակ խորհրդակցությունն էր:
Գյումրիի մեր թղթակիցը տեղեկացնում է, որ խորհրդակցությունն արդեն ավարտվել է:
Armlur.am-ի այն հարցին, թե ինչով է պայմանավորված Գյումրիում այդքան մեծ թվով ոստիկանների կենտրոնացումը, փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը պատասխանել է. «Որևէ արտակարգ բան չկա: Արդեն մեկ շաբաթ է, ինչ սովորականից ավելի շատ քանակի ոստիկաններ են Գյումրիում, և այս խումբը եկել է փոխարինելու նախորդ խմբին:
Փոխոստիկանապետի խոսքերով՝ իրենք պատգամավորների և տեղական իշխանությունների հետ քննարկել են Սերյոժա Ավետիսյանի թաղման արարողակարգը: Թաղումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունվարի 21-ին:
Մեր այն դիտարկմանը, թե կարող է արդյոք երեխայի մահն ավելի բորբոքել գյումրեցիների կրքերը, փոխոստիկանապետը պատասխանեց. «Չեմ կարծում, որ գյումրեցիներն այդպես կվարվեն: Նրանք նախորդ անգամ էլ հետևեցին մեր հորդորներին, և կրքերը հանդարտվեցին»:
Շիրակի մարզային ոստիկանություն էին եկել նաև ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչներ: Փոխոստիկանապետը նրանց ներկայությունը պատճառաբանել են նրանով, որ իրենց ևռուսական կողմի համագործակցությունը մշտապես առկա է եղել:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը որևէ մեկնաբանություն չի ցանկացել անել: