Այսօր` հունվարի 20-ին, կլրանար հայ գրող ու բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 96-ամյակը:
Ս. Կապուտիկյանը ծնվել է Երևանում Վանից գաղթած ընտանիքում։ Սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում։ 13 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը, որը տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։ Նրա հայրը՝ Բարունակ Կապուտիկյանը, ազգային գործիչ էր, խմբագիր, որն սպանվեց 1920 թվականին։
1936 թվականին ընդունվել և 1941-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, 1950-ին՝ գնացել Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներին։
Կապուտիկյանը շատ է գրել հայրենիքի, հայոց լեզվի, հայ ժողովրդի ճակատագրի մասին։ Նա ամբողջ կյանքը նվիրել է ստեղծագործական աշխատանքի։ Շրջագայել է սփյուռքի հայկական գաղթօջախներում և նախկին խորհրդային միության հանրապետություններում և քաղաքներում։ Նրա գրական ձիրքը հանդես է եկել պատանեկան տարիներից, իսկ երիտասարդական տարիներից ձևավորվել է քաղացիական ուղղվածությունը։
Նա դարձավ իսկական խորհրդային գրողի կերպար՝ կրելով այդ տարիների կուսակցական գաղափարախոսության ամբողջ պատասխանատվությունը։ Այդ իսկ պատճառով նրան շռայլորեն տրվեցին բազմաթիվ մրցանականեր, կոչումներ, շքանշաններ։ Սիլվա Կապուտիկյանը մահացել է 2006 թվականին։
Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Ունի ռուսերեն ավելի քան 20 ժողովածու։
ԽՍՀՄ պետական (1952), Հայաստանի պետական (1988), Նոսիդեի անվան միջազգային (Հռոմ, 1989) մրցանակների դափնեկիր է։ Նա եղել է Հովհաննես Շիրազի առաջին կինը։ Նրանց տղան` Արա Շիրազը, քանադակագործ է եղել: Արա Շիրազը մահացել է 2014 թվականի մարտի 18-ին: