«Վալերի Պերմյակովի նմանները պատերազմի ժամանակ կկրակեն իրենց ծառայակիցներին ու կփախնեն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի հայերի միությունը համարում է, որ Գյումրիում իսկապես ծանր հանցագործություն և մեծ ողբերգություն է տեղի ունեցել: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց միության փոխնախագահ Լևոն Մուկանյանը:

«Անհրաժեշտ է, որ մեղավորը պատժվի օրենքի ամբողջ խստությամբ՝ համապատասխան ՌԴ և ՀՀ օրենսդրության: Պետք է հասկանալ, որ հանցագործը ոչ թե սովորական տուրիստ է, այլ զինծառայող: Քննությունից առաջ ասել որևէ բան՝ հնարավոր չէ: Իհարկե, տարբեր վարկածներ կան, օրինակ, որ հոգեկան ոչ հավասարակշիռ վիճակում գտնվող անձի արարք է, կամ որ նախօրոք ծրագրված է եղել, իսկ հանցագործն էլ՝ ոչ միայնակ: Այս բոլոր տարբերակներն էլ քննարկվում են», – նշեց նա:

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահն ընդգծեց, թե չպետք է թույլ տալ, որ Ավետիսյանների ընտանիքի ողբերգությունն ինչ-որ անձինք շահարկեն և քաղաքականացնեն:

«Ամպագորգոռ արտահայտությունները, հակառուսական կոչերը վնասում են հայ-ռուսական հարաբերություններին: Ռուսաստանի հայերի միությունն այն կարծիքին է, որ հայ-ռուսական դարավոր բարեկամությանը վնասող հայտարարություններ չպետք է լինեն»,- հայտարարեց նա:

Մուկանյանն այն կարծիքն արտահայտեց, որ Հայաստանին թողել էին որպես «համեղ պատառ», որպեսզի սրեին իրավիճակը նաև հարավում, քանի որ այժմ Ռուսաստանն այնպիսի վիճակում է գտնվում, որ մշտապես սանկցիաներ են կիառվում, իսկ արևելքում էլ ոչ մի բարեկամ չի մնացել: Նա այն կարծիքն արտահայտեց, որ այս ոճրագործությունը կարող էր նպատակ ունենար սրել հայ-ռուսական հարաբերությունները:

«Այս դեպքի հատ կապված շատ հարցեր կան. արդյոք միայնակ է եղել, ինչպես է սահման հասել, ինչու է հագուստը թողել: Ես մտածում եմ, որ ամեն ինչ ծրագրված է եղել և նրան պետք է անպայման ռուս սահմանապահները վերցնեին, այլ ոչ թե կրակեին: Մեր դիրքորոշումն այն է, որ չքաղաքականացնենք ոչինչ, թողնենք, որ իրավապահներն իրենց գործն անեն»,- իր խոսքում նշեց Մուկանյանը:

Նա անդրադարձավ նաև դեպքից հետո հնչող այն տեսակետներին, թե անհրաժեշտ է Գյումրիից հանել ռազմաբազան, և ընդգծեց, որ այն ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ է համարվում և հավելեց. «Մենք կոչ ենք անում չքաղաքականացնել ամեն ինչ: 102-րդ ռազմաբազան հանելու մասին խոսակցությունները հակահայկական են, որն էլ հենց ցանկանում է անել մեր թշնամին: Այն շատ կարևոր ռազմական նշաակություն ունի Հայաստանի համար, պաշտպանում է սահմանը: Այդպիսի բան ցանկացողներն առաջին հերթին պրովակատորներ են, որովհետև այդ պաշտպանում է Հայաստանի անվտանգությունը»:

Մուկանյանը նշեց, թե վստահում է Հայաստանի դատական համակարգին և կարծում է, որ եղած երկու քրեական գործերը պետք է միավորվեն, իսկ սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովն էլ իր պատիժը կրի Հայաստանի Հանրապետությունում: Միաժամանակ նա ընդգծեց, թե ճիշտ չէ, որ Հայաստանը Պերմյակովին մշտապես պահի իր մոտ և նրա վրա գումարներ ծախսի:

«Թող նրան դատեն Հայաստանի Հանրապետությունում, առանց  ներման իրավունքի, իսկ հետո շարունակի պատժաչափը կրել Ռուսաստանում: Հայաստանը փոքր երկիր է և չպետք է մեծ գումարներ ծախսվեն նրա համար, նրան կերակրեն և պահեն: Նա ռուս զինվորի կերպարի ամոթն է, նա Ռուսաստանի Դաշնության դավաճանն է, մարդասպան: Այդպիսի մարդիկ վտանգավոր են, նրանք ռազմական գործողությունների դեպքում կկրակեն հենց իրենց ծառայակիցներին և կփախնեն: Նրան պետք է հրապարակային դատեն, որպեսզի բոլոր զինվորականները դա տեսնեն», – եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Գյումրիում. սպանվել էր Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, իսկ յոթերորդ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Բժիշկները յոթ օր շարունակ պայքարեցին նրա կյանքի համար, սակայն հունվարի 19-ին երեխան մահացավ: Նշենք, որ սպանդի միակ մեղադրյալը Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է:




Լրահոս