«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ խորհրդաժողովից առաջ, հանդիպելու է «Հրազդան» մարզադաշտին կից տոնավաճառի աշխատակիցներին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Հրազդան» տոնավաճառի առեւտրականներին ԲՀԿ ներկայացուցիչները վստահեցրել են, որ նրանք շատ ավելի բարենպաստ պայմաններում կաշխատեն Գ. Ծառուկյանի «հովանավորությամբ». նա տարածք կտրամադրի առավել արտոնյալ պայմաններով եւ կօգնի ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանից դժգոհ առեւտրականներին:
Աշոտ Աղաբաբյանը «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչ քայլեր է անելու, որպեսզի առեւտրականներն իր տոնավաճառից չհեռանան, պատասխանել էր. «Ամեն շաբաթ կարող են մեր մոտ 50 հոգի գալ, կամ գնալ, ես ինչ կարող եմ ասել: Ես վարձավճարը չեմ իջեցնելու»: Հարցին, թե Գագիկ Ծառուկյանի այդ քայլն իրեն չի վիրավորում, նա հակադարձել էր. «Բայց ինչի՞, ասենք՝ իմ մոտից չեն գնացել, ուրիշի մոտից են գնացել, մարդը հնարավորություն ունի, թող օգնի»:
Եվ ահա Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին Գագիկ Ծառուկյանը զրուցում է առևտրականների հետ: Նա խոստացավ նախնական շրջանում տարածքը վերջիններիս տրամադրել անվճար: