Armenian text to speach

ՄԵՐ ԵՐԳԱՐՎԵՍՏԸ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Սասուն Պասկեւիչյանի հետ մեր զրույցի առաջին հատվածում երգահանը նշեց, որ բոլորովին չի զղջում հայրենիք վերադառնալու որոշման  համար, իսկ թե այստեղ նա ինչի պակաս ունի եւ  արդյոք գոհ է իր սոցիալական վիճակից, կիմանանք հարցազրույցի այս հատվածում: 
-Որպես ՀՀ քաղաքացի` ինչի՞ պակաս ունեք այսօր:
-Այն ամենի, ինչի պակասը մեր բնակչության առնվազն 80-90%-ն ունի, կարծում եմ` այդ  թվում  նաեւ Դուք: Բայց մի՛ կարծեք, որ այլ վայրերում ամեն ինչ OK է, ամեն տեղն էլ ունի իր բացասական կողմերն ու թերությունները:  Եւ մի՛ մոռացեք. 
 “Օտարության մեջ ազատ լինելը մի գերություն է, իսկ տան մեջ նույնիսկ գերի լինելը` այլ ազատություն…” (Պարույր Սեւակ):  
-Գո՞հ եք այսօրվա Ձեր սոցիալական վիճակից:
-Փառք Աստծո, ես առաջնորդվում եմ քրիստոնեական սկզբունքներով: Կուզեի նաեւ հիշեցնել  Ձեզ Օմար Խայամի մի քառյակը.
Ինչ ժամանակ վիշտը սրտիդ տիրանա,
Եւ վիճակիդ հոգսը վզիդ ծանրանա,
Ուրիշների սրտի հալը հարցրո՛ւ, 
Որ քո սրտից ամեն մի ցավ վերանա…
-Ինչպիսի՞ երկիր եք ուզում ունենալ:
-Երկիրն իրեն-իրեն երկիր չի դառնում: Ամերիկացիները հաճախ են կրկնում Ջոն Քենեդու խոսքը. “Դու մի՛ հարցրու, թե երկիրն ինչ է տվել քեզ, այլ` թե դու ինչ ես տվել քո երկրինե: Սակայն ո՛չ Քենեդին, ո՛չ էլ ամերիկացիները չգիտեն, որ Քենեդուց շատ առաջ Զորավար Անդրանիկն է ասել. “Ամեն օր գլուխդ  բարձին  դնելուց  առաջ  մտածի՛ր, թե ինչ ես արել քո Հայրենիքի համար”:
-Ինչո՞վ եք հիմա զբաղվում, որեւէ կոնկրետ աշխատանք ունե՞ք:
-Երգ ստեղծելը, հորինելը հեշտ գործ չկարծեք: Ամեն մի երգ ստեղծվում է տառապանքով: Իսկ ընդհանրապես շատ բազմազբաղ եմ, հիմնականում աշխատում եմ օգտակար լինել մարդկանց: Պարույր Սեւակն է ասել, որ բանաստեղծները, ինչպես նաեւ մյուս ստեղծագործողները, չեն կարող ապրել առանց հաց ու ջրի, սակայն նրանք չեն կարող ապրել միայն հաց ու ջրով:  
Ավելացնեմ, որ ես մասնագիտությամբ շինարար-ինժեներ եմ, երաժշտական որեւէ կրթություն չունեմ, որն ամենեւին չի խանգարում երգեր հորինելուն: Այդ շնորհքը, եթե կուզեք` տաղանդը, ի վերուստ է տրվում: Ինձ կոմպոզիտոր չեմ համարում, այլ` երգահան: Ավելորդ չէ ասել, որ ո՛չ Սայաթ-Նովան է կոմպոզիտոր եղել, ո՛չ Շերամը, ո՛չ Հավասին, ո՛չ Հեքիմյանը, բայց հիմնականում նրանց երգերն են գոյատեւել…
-Պատվերով երգեր գրո՞ւմ եք:
-Ես արհեստավոր չեմ, ամենեւին նպատակ չունեմ վիրավորելու որեւէ արհեստավորի, ընդհակառակը, չափազանց հարգում եմ նրանց: Նույնիսկ ինձ արվեստագետ չեմ համարում, այլ` արվեստասեր: Պատվերով երգեր չեմ գրում, ընդհանրապես երգը ոչ թե գրում եմ, այլ ստեղծում եմ, իսկ երգ գրողներ շատ կան: 
Ես իմ երգերը հիմնականում նվիրում եմ իսկական երգիչներին եւ հիմա էլ հայտարարում եմ, որ եթե կան իսկական երգիչներ, ես նրանց կնվիրեմ իմ երգերից:
-Ձեզ դո՞ւր են գալիս այն երգերը, որոնք  այսօր հնչում են մեր եթերում: Ի՞նչ կասեք դրանց որակի մասին:
-Ես միշտ անկեղծ եմ խոսում, անշուշտ, կան լավ երգեր: Իսկ Ձեր հարցը շատ տարողունակ է, որովհետեւ նախ պետք է որոշել, թե որն է լավ կամ վատ երգը, ով կամ ովքեր են որոշելու, այսինքն` մասնագիտորեն գնահատելու երգի լավ կամ վատ լինելը: 
-Մի քիչ վիրավորակա՞ն չէ, որ Դուք այսքան տարիների վաստակ ունեք, բայց Ձեր գրած երգերը այսօր շատ հազվադեպ են հնչում, փոխարենը լսում ենք անիմաստ տեքստերով ու անհասկանալի երաժշտական ելեւէջներով կատարումներ:
-Անձամբ ինձ համար վիրավորական չէ, թող վիրավորվեն նրանք, ովքեր լսում են Ձեր ասած անիմաստ կատարումները: Լսողներն իրենց մեղքի բաժինն ունեն, որ հավուր պատշաճի չեն ըմբոստանում, այլ միայն բողոքում են, հիմնականում անհասցե: Ես անորակ երգերը չեմ լսում: Իմ պայքարի ձեւը  երգեր  ստեղծելն ու ժողովրդի եւ ժամանակի դատին հանձնելն է: Իմ երգերը լայնորեն տարածված են ճշմարիտ երգը գնահատողների եւ սիրողների մեջ, անհամեստություն չհամարեք, եթե ասեմ, որ 40-50 տարվա կենսագրություն ունեցող երգերս այսօր էլ կատարում են երիտասարդ, նոր սերնդի երգիչները: Ավելորդ չէ նշել, որ Լոս Անջելես մեկնելուց հետո արգելվեց իմ երգերի թողարկումը ռադիոյով եւ հեռուստատեսությամբ:
-Ինչպե՞ս կարելի է ազատվել այս անորակությունից:
-Տարբեր առիթներով ասել եմ` պետք է վարվել քրիստոնեաբար, այսինքն` ինչպես Հիսուսը մտավ տաճար, շրջեց վաճառականների, աղավնավաճառների սեղաններն ու դուրս վռնդեց նրանց, այդպես էլ հայ երգի ներկայով ու ապագայով մտահոգ մարդիկ, առաջին հերթին` մասնագետ մտավորականները, պետք է մտնեն մեր մշակույթի տաճար եւ բառի ուղղակի իմաստով վռնդեն տաճարը գրաված առեւտրականներին` ասելով. “Իմ հոր տունը վաճառատուն մի՛ դարձրեք”… Մեր երգարվեստը ծանր հիվանդ է:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ



Լրահոս