Գյումրիում 102-րդ ռազմաբազայի անձնակազմը հաջորդ տարվա գարնանից ամբողջությամբ կփոխարինվի պայմանագրային զինծառայողներով: Զորակոչով ծառայող վերջին զինծառայողները կլքեն Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան 2016թ. գարնանը:
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո ՌԴ պաշտպանության նախարարության համակարգում և կադրերի ընտրության հարցում ավելի զգուշավորություն, խստություն է դրսևորվում:
«Ճիշտ է` Ռուսաստանը վաղուց էր որոշել պայմանագրային զինծառայողներով փոխարինել զորակոչով ծառայող զինծառայողներին, սակայն Գյումրիում տեղի ունեցած դեպքը մեծ արձագանք է գտել ՌԴ պաշտպանության նախարարության համակարգում, և կադրերի ընտրության հարցում նրանք ավելի զգուշավորություն են դրսևորում, ավելի խիստ են: Այս դեպքերից հետո հրամկազմի պատասխանատվությունը շատ է բարձրացվելու»,- նշեց Շիրխանյանը:
Վերջիս նշեց, որ այդ որոշումը վաղուց էր կայացվել, սակայն ինքը կարծում է, որ Պերմյակովի գործած զազրելի հանցագործթյունը ևս իր ազդեցությունն ունեցավ այս որոշման կայացման հարցում:
«Այս ցավը ժամանակի ընթացում կարող է մի փոքր մեղմվել: Սակայն չեմ բացառում այն հանգամանքը, որ կարող են նաև հրահրողներ լինել: Եթե հրահրողներ կան, պետք է նրանց հեռացնել և մեկուսացնել, իսկ այս ահավոր ցավը միայն ժամանակի ընթացքում կարող է մեղմանալ: Այն միայն գյումրեցիներինը չէ. ամբողջ հայ ժողովրդին է ցավեցնում»,- ասաց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարարը` հավելելով. «Կան մարդիկ, ովքեր պղտոր ջրում ձուկ որսալ են սիրում` փորձելով խոսել այնպիսի հարցերից, որոնք իրենց խելքից հեռու են շատ: Այդպիսի միտում ես նկատում եմ: Կան համապատասխան մարմիններ, և նրանք պետք է զբաղվեն այդ հարցերով»:
Վահան Շիրխանյանի կարծիքով` Պերմյակովի դատավճիռը շատ խիստ է լինելու, լինի դա Հայսատանում, թե` Ռուսաստանում:
«Պերմյակովի արժանի պատիժը գնդակահարությունն է, նա ուրիշ բանի արժանի չէ»,- ասաց Շիրխանյանը: Վերջինս ասաց նաև, որ պետք է ուսումնասիրել ու պարզել հանցագործության բոլոր հանգամանքները, հասկանալ` ինչքանով էր դա ինքնուրույն, ինչքանով էր ուղղորդված այդ քայլը, այդ ուղղորդողներն արդյոք Հայաստանի կամ Ռուսաստանի թշնամինե՞րը չէին: