ԾԵՓԱՄԱԾԻԿՈՎ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ԵՎՐՈՊԱՑԻ ՀՅՈՒՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյին երեկ ԱԺ-ում դիմավորել են բավական հետաքրքիր միջավայրում. այս օրերին խորհրդարանում հատկապես նորընտիր պատգամավորները հիմնովին վերանորոգում են իրենց աշխատասենյակները, ինչի հետեւանքով ԱԺ ուղեգորգը միջանցքներից հանվել է՝ տեղը զիջելով զանազան շինարարական նյութերի:
Ի դեպ, եվրոպացի հյուրի հետ հանդիպումը կայացավ ԱԺ դահլիճում, ընդ որում ելույթ ունեցան միայն պարոն Ռոմպոյն ու Հովիկ Աբրահամյանը: Մինչդեռ ԱԺ խմբակցություններին նախապես տեղեկացրել էին, որ հանդիպման ընթացքում Ռոմպոյին հարցեր ուղղելու հնարավորություն է տրվելու: Բայց դա տեղի չունեցավ: Ենթադրվում է՝ իշխանությունները վախեցել են, որ ընդդիմությունը, մասնավորապես ՀԱԿ-ը, այդ հանդիպման ժամանակ եւս կբարձրաձայնի մարտի 1-ի, ինչպես նաեւ «Հարսնաքար»-ի ոճրագործությունների մասին՝ տհաճություն պատճառելով ներկաներին:
Ինչեւէ, ԵԽ նախագահը բավականին հետաքրքիր ելույթ ունեցավ: Անդրադառնալով մայիսին կայացած ՀՀ ԱԺ ընտրություններին՝ Ռոմպյոն ասաց, թե դեռ անելիքներ կան երկրում մարդու իրավունքների, ժողովրդավարության ինստիտուտների զարգացման, կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության եւ այլնի հետ կապված: Ըստ նրա՝ մայիսի 6-ի ընտրությունները ցույց տվեցին` Հայաստանը կատարեց լրջագույն քայլ առաջ, որ իշխանությունների մոտ կա քաղաքական կամք: Սակայն, նրա խոսքերով, կան աննշան թերություններ, որոնք կշտկվեն նախագահական ընտրություններին: Հյուրը խոսեց նաեւ ԼՂ խնդրի մասին ասելով, թե Հայաստանը եւ Ադրբեջանը քայլեր պետք է անեն հակամարտության լուծման ճանապարհին, եւ մեծ մտահոգություն համարեց հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման պատճառով մարդկային կորուստների կապակցությամբ: Ռոմպոյնի խոսքերով` հետայսու եւս ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն աջակցություն կստանան ԼՂ հակամարտության եւ Հարավկովկասյան տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատման հարցում:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը ԵԽ  նախագահ Հերման Վան Ռոմպոնի այս ելույթը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում որակեց որպես ՀՀ իշխանություններին ուղղված «մեսիջ»: «Սա էր կոնկրետ մեխը, որքան շատ ժողովրդավարություն, այնքան ձեր կողքին ենք, կլինեք այդպիսին, կստանաք օգնություն, չեք անի, չեք ունենա աջակցություն»,- ասաց նա՝ հավելելով, որ անգամ գումարի չափն է կախված՝ որքան ժողովրդավարություն, այնքան գումար:
Հիշեցնենք, որ Եվրոպայի կողմից խոստացված բոլոր տեսակի գումարները այդպես էլ չեն տրվում Հայաստանին, քանի որ մեր երկիրը չի կատարում տրված խոստումները:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս