ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն աշխատանքային քննարկումների արդյունքում համաձայնություն են ձեռք բերել՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործի քննության շրջանակներում իրականացնել համատեղ և փոխհամագործակցված գործողություններ` քրեական գործի քննության համակողմանիությունը և լիարժեք բացահայտումն ապահովելու ուղղությամբ:
Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են հարուցված քրեական գործի շրջանակներում պատշաճ ապացույցների ձեռքբերումը՝ օրենքով սահմանված կարգի, պայմանների խստագույնս պահպանմամբ:
Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել համակարգող մարմին: Երկու երկրների ՔԿ նախագահների հանդիպման արդյունքների մասին առավել մանրամասն տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ:
Այսօր ՀՀ և ՌԴ ՔԿ նախագահները մեկնել են Գյումրի, որտեղ նախ այցելել են գերեզմանոց, ծաղկեպսակ դրել հունվարի 12-ի զոհերի շիրիմներին, այնուհետև՝ ուղևորվել Գյումրիում տեղակայված ռուսական թիվ 102-րդ ռազմաբազա:
Հիշեցնենք, որ ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ա.Բաստրիկինը Երևան է ժամանել երեկ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով: