«ԲԱՆԴԱՅԻ» ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԹԱՔՑՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011թ. սեպտեմբերի 23-ից ՀՀ ոստիկանությունը մեծ շուքով վնասազերծեց զինված ավազակախմբի 16 անդամներին, որոնք տարբեր պաշտոնյաների բնակարաններից բռնությամբ գողություն էին կատարում: Ձերբակալություններից շուրջ 10 ամիս է անցել, սակայն ո՛չ գողոնն է հայտնաբերվել, ո՛չ էլ հանցագործության քննությունն է ավարտվել: Ամեն ինչ օդում կախված է:   
«Ժողովուրդ»-ը զրուցեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, «բանդայի» ավազակային հարձակումներից տուժած Աղվան Գրիգորյանի հետ՝ պարզելու, թե գործն ինչ ընթացքի մեջ է: Նա ասաց, որ որեւէ տեղեկություն չունի. «Ոչ մի նորություն չկա: Գողոնի մասով էլ ոչ մի նորություն չկա: Ա՛յ բարեկամներ ջան, միայն սպասում եմ»:   
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ շարունակվում է գործի նախաքննությունը: Թե ինչն են քննում, անհայտ է: Չէ՞ որ գործում ամեն ինչ ավելի քան պարզ է. բոլորին է հայտնի, թե ովքեր են տուժողները՝ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Աղվան Գրիգորյան, ԱԺ նախկին պատգամավոր, Կոտայքի մարզպետի եղբայր Սամվել Շահգալդյան, «Երեւանճանապարհշին» ՍՊԸ տնօրեն Էդուարդ Բեզոյան, ՊԵԿ նախկին նախագահ Արմեն Ավետիսյան եւ այլք: Նրանց բոլորի ընտանիքների անդամներին դաժանաբար ծեծել են ու գողացել արժեքավոր իրեր եւ դրամ: Հայտնի են նաեւ հանցագործները (համենայնդեպս, նրանց մեծ շուքով կալանավորեցին): Ինչո՞ւ գործը ո՛չ դատարան է գնում, ո՛չ էլ բանտարկվածներին են ազատ արձակում:
Գառնու «Սուրիկի լավաշ»-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանը 10 ամիս է՝ ձերբակալված որդիներին չի տեսել: Հակոբյանի մի որդին՝ Արտյուշա Հակոբյանը, մեղադրվում է ավազակախմբի պարագլուխ լինելու մեջ: Իսկ մյուս եղբայրը՝ Անդրանիկ Հակոբյանը, մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել կանեփ օգտագործելու համար: Ս. Հակոբյանը շարունակում է զայրացած մնալ, որ որդիները կալանքի տակ են: «Թող իրենք իրենց էրեխեքից կարոտ մնան: Միայն դա կարող եմ ասել: Հենց որդիներիցս հարցնում են, լացս գալիս է: Ախր ի՞նչ են արել, իմ զավակները պետական հանցագործնե՞ր են, թե՞ հայրենիքի դավաճաններ: 78 տարեկան մարդ եմ, կարող է այսօր քնում եմ ու չեմ արթնանում: Կարոտո՞վ մեռնեմ իմ էրեխեքից»,-դողդոջուն ձայնով ասաց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ 3000 գառնեցիներ իրենց ստորագրություններով եւ անձնագրերի սերիաներով դիմում-բողոք էին գրել Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: «Եւ ի՞նչ պատասխան եմ ստացել: Գնացի նախագահական պալատ: Այնտեղից պատասխանեցին, որ ուղարկել են դատախազություն, գնացի դատախազություն, այնտեղից էլ ուղարկեցին քննչական վարչություն: Ոչ ոք իմ հարցերին չի պատասխանում»,-վրդովված հայտնեց Ս. Հակոբյանը: Նրա խոսքերով՝ գառնեցիները փորձել են Գառնու ճանապարհը փակել, բայց ինքը թույլ չի տվել. «Ասեցի՝ անհարմար է, զբոսաշրջիկների մոտ մեր պետությունը խայտառակ կլինի: Ուզում են՝ իմ բիզնեսը մեռնի, բայց ես որ քայլում եմ, իմ բիզնեսը կաշխատի: Էդ թող հիշեն»:
Արտյուշա Հակոբյանի դատապաշտպան Հովիկ Արսենյանից տեղեկացանք, որ նախաքննական մարմինը որոշում է կայացրել արգելելու տեսակցությունները եւ զանգերը: «Եզրահանգում եմ անում, որ միանգամայն արհեստականորեն է Արտյուշա Հակոբյանի վրա բանդայի մասնակցության, ավազակային հարձակումների առնչությամբ մեղադրանքը»,-նկատեց Արսենյանը:  
«Բանդայի» գործով մյուս մեղադրյալ Արման Դալլաքյանի պաշտպան Վաչագան Քոսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց. «Ոչ մի մեղադրանք հիմնավորված չէ: Միայն հատուկ քննչական ծառայությանը բողոք էինք ներկայացրել 6-րդ բաժնի աշխատակիցների դեմ քրեական գործ հարուցելու մասին, բայց մերժվեց: Դատարաններով բողոքարկելով եկանք, Վերաքննիչն էլ մերժեց: Հիմա էլ դիմել եմ Վճռաբեկ»: Պաշտպանի խոսքերով՝ ոստիկանության շենքում կտրող-ծակող գործիքից վնասվածքներ ստացած Արման Դալլաքյանին մինչեւ հիմա արտաքին զննության չեն ենթարկել, չգիտեն, թե նա ինչ վնասվածքներ ունի, ինչը նշանակում է, որ որեւէ ապացույց ձեռք բերված չէ: Իսկ Արմանի առողջական վիճակը շատ ծանր է: «Դանակահարության արդյունքում վիրահատվել է, բայց հետո բավարար բուժօգնություն նույնիսկ չի ստացել: Նրա վիճակը շատ վատ է: Ճողվածք ունի, մինչեւ այսօր որովայնը գրկած ման է գալիս: Այդ հարցով բազմիցս դիմել ենք ՔԿՀ-ի ղեկավարությանը, նույնիսկ վարչության հիվանդանոց չեն տարել»,-տեղեկացրեց Վ. Քոսյանը:
Նշենք, որ օգոստոսի 9-ին լրանում է նախաքննության վերջնաժամկետը: Մինչ այդ նախաքննական մարմինը ձերբակալվածների կալանքը երկարաձգելու միջնորդությամբ հավանաբար նորից դատարան կմտնի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս