Արտակ Նազարյանի մահվան գործով հուլիսի 3-ի դատական նիստում ցուցմունք տալու հերթն ամբաստանյալ զինվոր Մխիթար Մխիթարյանինն էր: Նա հրաժարվեց ցուցմունք տալուց՝ չնայած մի շաբաթ առաջ դատարանում հայտարարում էր, որ ցուցմունքներ է տալու եւ ասելու է ճշմարտությունը:
Դատավոր Սամվել Մարդանյանը հրապարակեց Մխիթար Մխիթարյանի նախաքննական ցուցմունքները, զինվորների հետ նրա առերեսման արձանագրությունները: Դատավորը դժվարանում էր ընթերցել քննիչների գրառած ցուցմունքները: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ ինքը բազում դեպքերով համոզվել է, որ քննիչները դժվար ընթեռնելի ձեռագիր ունեն, որ հարկ է քննչական ծառայության ուշադրությունը հրավիրել դրա վրա:
Ամբաստանյալն ասաց, որ նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքները ճիշտ են, իսկ առերեսման ժամանակ իր դեմ ցուցմունք տված զինվորների ցուցմունքները` սխալ: Այդ զինվորները ցուցմունք էին տվել, որ Մխիթարյանը ծաղրալից տոնով է շփվել Ա. Նազարյանի հետ: Վկաների ցուցմունքներով` Մխիթարյանը մի անգամ հրաժարվել է իրեն պատկանող բջջային հեռախոսի լիցքավորման մարտկոցը տալ Նազարյանին, այդ մերժումից հետո Նազարյանը ձեռքով թեթեւակի հարվածել է Մխիթարյանի ուսին եւ ասել` լավ չես անում, Մխիթարյանն էլ, սեռական հայհոյանքներ տալով, հարվածել է Նազարյանին, ծեծկռտուք է եղել:
Մխիթարյանն ասաց, որ ինքը բջջային հեռախոս եւ դրա լիցքավորման մարտկոց չի ունեցել; Նախաքննության ընթացքում նա սկզբից ժխտել է, որ կապիտան Հակոբ Մանուկյանի եւ լեյտենանտ Արտակ Նազարյանի միջեւ ճաշարանում տեղի ունեցած վեճից ու ծեծկռտուքից հետո ինքն է աղբյուրի մոտ լվացվելու ուղեկցել Արտակ Նազարյանին, որի քթից արյուն էր հոսում: Սակայն Հ. Մանուկյանի հետ առերեսման ժամանակ Մխիթարյանը խոստովանել է, որ ինքն աղբյուրի մոտ է ուղեկցել Նազարյանին:
Մխիթարյանը դատարանում հայտարարեց, որ կապիտան Մանուկյանն իրեն չի հրահանգել Նազարյանին աղբյուրի մոտ ուղեկցել: Պատասխանելով մեղադրող Հարություն Հարությունյանի այն հարցին, թե իր դեմ ցուցմունք տված զինվորների հետ Մխիթարյանը լավ հարաբերություններ է ունեցել, ինքն ինչու է նրանց ցուցմունքները կեղծ համարում, ամբաստանյալն ասաց, որ վկաները ռազմական ոստիկանության նույն խցում են եղել, նրանց ցուցմունքները պայմանավորված են: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Մխիթարյանը նույն ժամանակահատվածում առերես հարցաքննվել է Հարութիկ Կիրակոսյանի եւ Արտակ Հովհաննիսյանի հետ:
Ընդմիջումից հետո դատարանում ցուցմունք տվեց քրեական գործով գլխավոր ամբաստանյալ, կապիտան Հակոբ Մանուկյանը: Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, մինչ հարցեր տալը, ամբաստանյալին ներկայացրեց իր ով լինելը՝ նշելով, թե զինվորական հանցագործությունների բացահայտման համար ինքն ինչ է արել, պայքարել է օրինազանց քննիչների, դատախազների, դատավորների դեմ: Դատավոր Սամվել Մարդանյանին ակնհայտորեն դուր չեկավ այդ հիշատակումը: Նա պահանջեց կոնկրետ փաստերով խոսել, իրավապաշտպանը սկսեց այդ պաշտոնատարների անունները տալ՝ չմոռանալով հիշատակել, որ ինքը դատավոր Մարդանյանի դեմ 2002թ. հոդված է հրապարակել «Իրավունք հետաքննություն» թերթում:
Քիչ անց դատավոր Մարդանյանը հայտարարեց, որ դահլիճում սպիրտային խմիչքի հոտ կա, եւ պահանջեց հայտնել, թե ով է խմածը: Ամբաստանյալ զինվորներից մեկի հայրը դուրս եկավ դահլիճից: Սակայն դատավորն ասաց, որ այդ հոտն իր առջեւ նստած Ռ. Մարտիրոսյանից է, եւ որ նա հարբած է: Վերջինս դատավորին ասաց, որ խմածն ու հարբածը տարբեր բաներ են, մի՞թե ինքը հարբած մարդու տպավորություն է թողնում: Դատավորն ասաց, որ կարող է նրա խմածությունը ստուգելու համար բժիշկ հրավիրել եւ իրավապաշտպանից պահանջեց լքել դատարանի դահլիճը: Մարդանյանն ասաց, որ դատական սանկցիա է կիրառել, որովհետեւ իրավապաշտպանի վարքագիծն իրավիճակին ոչ համարժեք էր: Մինչդեռ փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարեց, որ խմիչք օգտագործած լինելը եւ հարբածությունը տարբեր բաներ են, որ Ռ. Մարտիրոսյանը նախկինում դատարանում ավելի ազատ պահվածք է ունեցել, բայց դուրս չի հրավիրվել:
Դատական հաջորդ նիստում, որը կկայանա հուլիսի 10-ին, կշարունակվի Հակոբ Մանուկյանի հարցաքննությունը:
ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ ԴԱՀԼԻՃԻՑ ԴՈՒՐՍ ՀՐԱՎԻՐՎԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ