ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած ՀՀ քաղաքացի Գեւորգ Թեւանյանը հայտնեց, որ ինքը նոր կուսակցություն է հիմնել, որը կոչվում է «Արդարություն եւ առաջադիմություն» ժողովրդական կուսակցություն: Նա նշեց, որ 5 տարի առաջ են մտադրվել կուսակցություն հիմնել, իսկ այժմ զբաղված են համակիրների գրանցմամբ:
«Մենք երկար ժամանակ է՝ աշխատում ենք կուսակցության հիմնադրման համար, եւ այժմ մեր նպատակն այն է, որ մենք ընդլայնվենք: Այժմ զբաղված ենք նաեւ գաղափարախոսության մշակմամբ: Ճիշտ է, Հայաստանում այսօր գոյություն ունեն 70-ից ավելի կուսակցություններ, սակայն մերն իր գաղափարախոսություններով առանձնանալու է: Մեր նպատակը ոչ թե հերթական կուսակցության ստեղծումն է, այլ ստեղծել մի կուսակցություն, որը հասանելի կլինի հայ հասարակությանը, մենք նպատակ ունենք ստեղծել հասարակագիտական լուրջ սկզբունքներով հիմնավորված կուսակցություն, որը լուրջ ազդեցություն կունենա հասարակական կյանքի, ժողովրդի ու պետության վրա»,-նշեց Թեւանյանը:
Ըստ մեր զրուցակցի՝ այդ կուսակցությունը չի լինելու այլ կուսակցությունների նման, երբ գրվում է կուսակցության գաղափարախոսությունը, եւ այն այդպես էլ մնում է թղթի վրա: «Մենք նոր նախաձեռնություններով ենք հանդես գալու, մեր կուսակցությունում չեն լինելու մարդիկ, որոնք չեն աշխատելու, ակտիվ չեն լինելու, բայց գրանցվելու են մեր կուսակցության շարքերում: Պետք է լինեն մարդիկ, որոնք համոզմունք կունենան ու մեր գաղափարախոսությունները կտարածեն, կաշխատեն՝ միայն մեր ժողովրդի շահերից ելնելով, մեր խոսքը կհասցնեն հասարակությանը»,-նշեց նոր կուսակցության հիմնադիրը:
Մեր այն դիտարկմանը, թե Հայաստանում գոյություն ունեցող 70-ից ավելի կուսակցությունների թվին ավելանալով` իր հիմնադրած կուսակցությունն ինչ է փոխելու երկրի ու հասարակության կյանքում, ինչ են անելու, որ մինչեւ այժմ չեն արել մյուս կուսակցություններն այս տարիների ընթացքում,  Թեւանյանը պատասխանեց. «Ո՛չ,  ավելորդ չէ այս կուսակցության ստեղծումը: Մեր կուսակցությունը չի հիմնադրվել նրա համար, որ միայն ընտրություններից առաջ իրեն ցուցադրի, հավաքվեն իրենց շտաբներում, աշխատեն միայն այդ ժամանակ ու տարիներով լռեն: Մենք լինելու ենք ժողովրդի մեջ, նրա խնդիրների համար ենք պայքարելու: Այսօր ժողովուրդը շատ վատ վիճակում է ապրում, պետք է աշխատել՝ նրան հասկացնելու համար, որ պետք է պայքարել՝ արդյունքի հասնելու համար: Էս տարիների ընթացքում, որ կուսակցությունները խաբել են ժողովրդին, սխալ են աշխատել, իրենք նպատակ չեն ունեցել, դրա համար էլ հիմա ժողովրդի հետ աշխատելը շատ դժվար է»:
Գեւորգ Թեւանյանը հավելեց, որ իրենց կուսակցությունը դեմ է լինելու երկրում կատարվող բոլոր վատ երեւույթներին. «Ժողովուրդն այսօր ահավոր վախեցած վիճակում է, մենք չենք գալու, ամպագոռգոռ ձեւով խոսենք` էս կանենք, էն կանենք, այլ մեր գործը լինելու է շատ ռեալ, հավատացե՛ք, որ մենք երկրում բան ենք փոխելու, ու մեր շարքերում շուտով շատ մարդիկ են ավելանալու»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս