ԻՏԱԼԻԱ, ՓԱՐԻԶ ԿԱՄ ՇՈՐԺԱ` ԸՆԿԵՐՈՋ ԱՄԱՌԱՆՈՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամառային հանգստի թեման շարունակում է մնալ արդիականներից մեկը, այդ իսկ պատճառով խոստացվածի պես շարունակում ենք ներկայացնել հայտնիների նախատեսած ու անցկացրած ամառային հանգստի մանրամասները: Այս անգամ ամառային արձակուրդների իրենց նախագծերով մեզ հետ կկիսվեն դերասան ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ, պարուհի ՎԻԿՏՈՐՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ու գեղեցկուհի ԻՐԻՆԱ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ:

 ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ
-Մեր արձակուրդն օգոստոսին է, երեւի այն կանցկացնենք Հայաստանում, գուցե գնանք Սեւան` ընկերոջս ամառանոց, դե կտեսնենք էլի:
-Փաստորեն, ոչ մի տուրիստական գործակալության չեք դիմելու:
-Այս տարի Հայաստանով կբավարարվենք: Անկեղծ ասած, Հայաստանում անցկացրած հանգիստը շատ եմ սիրում:
-Բայց Հայաստանում հանգստանալն ավելի թանկ է, քան դրսում:
-Դե ես գնում եմ ընկերոջս ամառանոց, հետո ես մի քիչ ուրիշ եմ, որտեղ էլ գնամ, ինձ զեղչեր են անում:
-Դրսում ամառային հանգիստ ունեցե՞լ եք:
-Այո՛, ծով եմ սիրում, ինչը հիմա դարձել է հայոց հարցը: Բայց ես Թուրքիա չեմ գնում միտումնավոր:
-Իսկ Վրաստա՞ն:
-Եղել եմ, բայց էդ Քոբուլեթին էլ չեմ հավանում: Ես սիրում եմ Ղրիմը, Սոչիի կողմերը: Բայց դա խնդիր ա, այս տարի կմնամ Հայաստանում:
-Խնդիրը գումարայի՞ն է:
-Չէ՛, ես ինքնաթիռներից հոգնում եմ, նախընտրում եմ նստել մեքենաս ու գնալ Սեւան` Շորժայի կողմերը, որտեղ շատ հանգիստ է, մարդիկ չկան:
-Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենաուրախ հանգիստը:
-Ես ակտիվ, աշխույժ հանգստի կողմնակից եմ, բայց որ ես ու Ալլան մի քիչ մեծացել ենք, թատրոնում էլ շատ ակտիվ ենք, հիմա ուզում ենք լռություն, խաղաղություն: Ա՛յ հիմա մի 10 օրվա հանգիստը մեզ չէր խանգարի:
-Որքա՞ն գումար անհրաժեշտ կլինի 10 օրում 2 հոգով հանգստանալու համար:
-Դե երեւի մի 300.000 դրամը բավական կլինի, չի հերիքի, քարտ ունենք, հաշվից կհանենք: Չնայած դա շատ հարաբերական ասացի, նայած՝ ուր ես գնում: Եթե գնաս Քոբուլեթի՝ մի 300.000 դրամ, Անթալիա` մի 3 հազար դոլար, Բուլղարիա` մի 2.5 հազար դոլար:  Իսկ գնալուց էլ պետք է գոնե 4-աստղանի հյուրանոց գնաս, եթե ոչ 5:
Բայց մեր երկիրն էլ շատ սիրուն տեղեր ունի, որտեղ մեծ հաճույքով կհանգստանամ` Ստեփանավան, Կիրովական, Դիլիջան… Դե Ծաղկաձորն ու Ջերմուկն էլ վատը չեն,  բայց ես չեմ սիրում: Եթե մեր հանգստյան տները կարգին սարքեն, ու թանկ չլինի, բոլորն էլ էստեղ կհանգստանան:

ՎԻԿՏՈՐՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
-Այս տարի, ինչպես եւ նախորդ տարիներին, մենք նույնպես կգնանք հանգստանալու, սակայն հիմա այնքան ենք զբաղված, որ հանգստի մասին չենք էլ մտածում: Օգոստոսի կեսերից, երբ ավելի թեթեւ աշխատանքային գրաֆիկ կլինի, ընտանիքով մի տեղ կգնանք, բայց թե ուր, ա՛յ դա չգիտեմ, հավանաբար մի 10 օրով երեխային ծով կտանենք:
-Եթե չեմ սխալվում, անցած տարի ընտանիքով Բուլղարիա էիք գնացել, հնարավո՞ր է՝ այս տարի կրկին նույն տեղը մեկնեք:
-Չեմ կարծում, ուղղակի դեռ հանգիստը չենք հասցրել պլանավորել, բայց անպայման տոմսեր կվերցնենք ու մի տեղ կմեկնենք: Այս պահին ոչ մի երկիր չեմ կարող նշել:
-Ո՞րն է եղել ամենատպավորիչ հանգիստը:
-2007թ. ԱՄՆ-ում դիմավորեցի Նոր տարին, հրաշալի էր այդ տոնն այնտեղ նշել: Իսկապես շատ տպավորիչ էր:
-Հանգստի մեկնելուց առաջ ո՞ր իրն եք առաջինը դնում ճամպրուկի մեջ:
-Միայն հագուստիս մասին եմ մտածում, չկա էնպիսի իր, առանց որի չեմ կարող: Իսկ պետքական տեխնիկայից էլ՝ ֆոտոխցիկ ու հեռախոս:
-Իսկ հանգստի համար գումարը հավաքում եք տարվա ընթացքո՞ւմ, թե՞…
-Ես այդ ուղղությամբ չեմ մտածել, գումարային հարցերի հետ ես բացարձակապես կապ չունեմ, ամուսինս է կարգավորում այդ հարցերը:

ԻՐԻՆԱ ԹՈՎՄԱՍՅԱՆ
-Այս տարի ես, ամուսինս ու աղջիկս գնալու ենք նավով ճամփորդության: Օգոստոսի երկրորդ կեսին գնալու ենք Իտալիա, այնտեղ մեքենա կվարձենք, մի քանի երկրներ ենք մտնելու, այնուհետեւ գնալու ենք Փարիզ, 3 օր մնալու ենք Դիսնեյ Լենդում, ինչի մասին միշտ երազել է Մեգին: Հետո կվերադառնանք Իտալիա, մի քանի օր կմնանք ծովում ու հետ կգանք Հայաստան: Ամբողջ ճամփորդությունը կտեւի 15 օր:
-Բավականին հետաքրքիր բան եք մտածել: Իսկ նախորդ հանգիստներից ո՞րը կհիշեք:
-Անցած տարվանը, երբ կրկին երեքով գնացինք Հունաստան, շրջեցինք Հունաստանի քաղաքներով, ամեն ինչ շատ լավ անցավ: Ես սիրում եմ ծովափին հանգստանալ, առաց ջուր հանգիստը հանգիստ չէ: Իրականում հանգիստը շատ անհրաժեշտ բան է, մենք փորձում ենք տարվա ընթացքում գոնե մեկ կամ երկու անգամ մի տեղ գնալ: Իսկ ձմռանը կարող ենք ուղղակի Ծաղկաձորում հանգստանալ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս