Նախորդ տարվա դեկտեմբերի 2-ին Վանաձորում դանակահարված 17-ամյա Տիգրան Գևորգյանը կոմայից դուրս է եկել: Այս մասին Armlur.am-ին հայտնեց նրա եղբայրը՝ Սարգիս Գևորգյանը, ում փոխանցմամբ՝ Տիգրանը վերականգնողական երկար ճանապարհ ունի անցնելու. դեռևս չեն վերականգնվել տեսողությունը, շարժունակությունը և մնացած զգայարանները:
Առաջիկայում նախատեսվում է ևս մեկ վիրահատություն, Տիգրանի համար շատ կարևոր է ձեր աջակցությունը:
Հիշեցնենք, որ Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի աշակերտ Տիգրան Գևորգյանը կոմայի մեջ էր արդեն մեկ ամիս: Նա «կրծքավանդակի առաջնային ձախ մասի կտրած-ծակած վերք, կոլակտոյիտ վիճակ» ախտորոշմամբ դպրոցից հիվանդանոց էր տեղափոխվել:
Ավելի վաղ Armlur.am-ին դպրոցի տնօրեն Հասմիկ Հովսեփյանը հայտնել էր, որ Տիգրանը մյուս համադասարանցիների՝ Ռոբերտի և Մաքսիմի հետ ցանկանում էր իրենից մեծահասակ նախահարձակներից պաշտպանել իր ընկերոջը: Այդ ամենի հետևանքով դպրոցական պատանիները հայտնվեցին հիվանդանոցում: «Ո՛չ մեղայականով ոստիկանություն ներկայացած տղան, ո՛չ նրա քույրը, ում պատճառով տեղի է ունեցել միջադեպը, մեր դպրոցի աշակերտները կամ շրջանավարտները չեն»,- հավելել էր դպրոցի տնօրենը:
Նույն օրը Ն. Ադամյանը (ծնվ 1997թ.) մեղայականով ներկայացել է։ Նա ձերբակալվել է: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են դեպքին ականատես անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: