Զոհված զինվորը 6 տարի ծառայել էր հայոց բանակում. ինչ է պատմում գյուղապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:

Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը և վիրավորում է ստացել 1973թ. ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը:

Նահապետ Ասատրյանը պայմանագրային զինծառայող էր, Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղի բնակիչ: Armlur.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Քաջիկ Զաքարյանը հայտնեց, որ Նահապետ Ասատրյանն արդեն 6 տարի է՝ ծառայում է հայոց բանակում: Երեք անչափահաս երեխա ունի, ավագը՝ 7 տարեկան:

«Միայն նա էր աշխատում ընտանիքում: Ծնողները վատառողջ են, կինը՝ երեխաների խնամքով է զբաղվում: Ծնողներին դեռ չենք ասել տեղի ունեցածի մասին, այս պահին գիտեն, թե վիրավոր է»,- մեծ ցավով նշեց գյուղապետ Քաջիկ Զաքարյանը:

Վերջինս հայտնեց, որ գյուղում զոհվածներին նվիրված հուշարձան-պանթեոն կա, որտեղ էլ հողին կհանձնեն զոհված զինծառայողի մարմինը:

Նշենք, որ հրազենային վիրավորում ստացած զինծառայող Հովհաննես Գասպարյանը ԼՂՀ Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքի բնակիչ է:

Հիշեցնենք, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՌՊԳ-7 և ԳՊ-25 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների: Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Հայկական առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել իրենց ելման դիրքեր:




Լրահոս