Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանը ԵՏՄ շրջանակներում Հայաստանի գործընկեր հանդիսացող Բելառուսն ու Ղազախստանը որևէ կերպ չարձագանքեցին: Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Նորսուլթան Նազարբաևն անգամ ցավակցական ուղերձ չհղեցին Սերժ Սարգսյանին: Այդ երկրի առաջատար լրատվամիջոցների կողմից ևս որևէ արձագանք երկար ժամանակ չի եղել այդ դեպքի առնչությամբ:
Քաղաքագետ, միջազգային մեկնաբան Ստեփան Սաֆարյանը Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԵՏՄ մեր գործընկերների անտարբեր պահվածքին, նշեց, որ դրա հիմքում Ռուսաստանից վախենալու կամ էլ ՌԴ-ի խնդրանքը կատարելու հանգամանքն է:
«Սկի մեր իշխանությունները պատշաճ կերպով չեն արձագանքում, ԵՏՄ-ի գործընկերներից ինչի՞ ենք նեղանում: Քանի որ խնդիրը կապված է ռուսական ռազմաբազայի և ռուս զինվորի հետ, Հայաստանն ու ԵՏՄ-ի մեր դաշնակիցները խորհրդավոր պահվածք են դրսևորում»,- ասաց Սաֆարյանը: Նրա կարծիքով`Հայաստանի իշխանությունները «ծպտուն չեն հանում» և Հայաստանում սուգ չի հայտարարվում, քանի որ խնդիրը Ռուսաստանն է:
«Չեմ կարող ասել`ԵՏՄ-ի մեր գործընկերները Ռուսաստանից վախենալո՞վ են այդպես պահում իրենց, սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանի ազդեցությունը կա»,- ասաց քաղաքագետը:
Վերջինս կարծում է, որ այն հիմնավորումները, թե ցավակցությունները քաղաքական ենթատեքստեր են պարունակում, անհեթեթություն է: