Ամուսնության տարիքը փոխվել Է գենդերային անհավասարությունները վերացնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ընտանեկան օրենսգրքում աղջիկների եւ տղաների համար ամուսնության միեւնույն տարիք սահմանելը, այն է` 18 տարին լրանալը, բխում է գենդերային անհավասարությունները վերացնելու անհրաժեշտությունից: Այդ մասին այսօր` հուլիսի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` կառավարության հավանությանը ներկայացնելով օրենսդրական փոփոխություններ ենթադրող համապատասխան նախագիծ:
Ըստ Հ. Թովմասյանի` միջազգային կազմակերպությունները վաղուց են հորդորում Հայաստանի իշխանություններին` վերացնել այս գենդերային անհավասարությունը: Բացի այդ` դեր են խաղացել այլ դրդապատճառներ եւս: 
“Դպրոցական կրթությունը նախկին 10 տարվա փոխարեն սահմանվել է 12 տարի: Այսինքն` աղջիկները 17 տարեկանում դեռեւս դպրոցական են, ինչը նպատակահարմար չի դարձնում ամուսնությունը: Երկրորդ` առկա է առողջապահության նախարարության եզրակացությունն այն մասին, որ կանանց վաղ տարիքում հղիությունը մի շարք առողջական խնդիրներ է առաջացնում հետագայում: Եւ վերջապես` ամուսնական տարիքը Հայաստանում առանց այդ էլ բարձրացել է: Եթե 20-րդ դարի 80-ական թվականներին 1000 ամուսնությունից 250-ում աղջիկները 17-18 տարեկան էին, ապա ներկայում այդ թիվը 50-ից չի անցնում”:
Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը նշեց, որ աղջիկների եւ տղաների ամուսնական տարիքի հավասարեցումը համաձայնեցվել է նաեւ հասարակական կազմակերպությունների հետ: Նշենք, որ գործող ընտանեկան օրենսգրքով աղջիկների ամուսնական տարիք է սահմանված 17 տարեկանը, իսկ տղաների համար` 18 տարեկանը:




Լրահոս