ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը տարեսկզբի առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական Սևադա Հայրապետյանին և ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության պետ-ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ Արամ Մելքոնյանին, շնորհավորելով նրանց պաշտոնների ստանձնման կապակցությամբ և մաղթելով արդյունավետ աշխատանք:
Նախարարը խորհրդակցության ընթացքում անդրադարձել է 2015 թվականին քաղաքաշինության նախարարության կողմից կատարվելիք աշխատանքներին: Մասնավորաբար, նախարարության մշակած մի շարք՝ «Երևանի փոքր կենտրոնի մասին», «Ճարտարապետական գործունեության մասին», «ՀՀ պետական պարգևների և կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» (ներառելով «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչումը), ինչպես նաև՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (տնտեսական եղանակով շինարարության թույլատրելի օբյեկտների մասով) ՀՀ օրենքների նախագծերի հետ կապված նախարար Սարգսյանը կարևորել է 2015-ին վերը նշված օրենքները ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնելուն ուղղված աշխատանքները:
Անդրադառնալով 2014-ին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից շինարարության ոլորտում արձանագրված ցուցանիշներին, նա կարևորել է 2015-ին նոր մոտեցումների մշակումը՝ խթանելու ներդրումային ծրագրերը, և նպաստելու շինարարության կայուն զարգացմանը:
Այս առումով Ն. Սարգսյանը հիշատակել է արդեն իսկ սկսված մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք նախադեպային կարող են լինել ոլորտի զարգացման համար՝ փոփոխություններ ապահովելով 2015 թվականի վերջերին: «Անցյալ տարեվերջին՝ 2014 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրվել է «Հին Երևան» ծրագրի պայմանագիրը, որի շինարարական աշխատանքները կսկսվեն այս տարի: Միաժամանակ, նախարարության կողմից աշխատանքներ են կատարվում 33-րդ թաղամասի՝ Ֆիրդուսի շուկայի տարածքի կառուցապատման սխեմայի մշակման և ներդրողներին այն ներկայացնելու ուղղությամբ»:
Ներդրումային ծրագրերի իրականացման տեսանկյունից նախարար Սարգսյանը կարևորել է նաև քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի դերն ու նշանակությունը, նշելով, որ այն տարիներ շարունակ զուտ շինարարություն կազմակերպող կառույց է եղել` հետին պլանում թողնելով իր բուն՝ ներդրումային ծրագրերի իրականացման գործառույթը:
Նախարարը հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումներին՝ իրավական ակտերի համատեքստում հատուկ նորմատիվային պահանջներ մշակել, հետայսու բացառելով առանց բակային տարածքների բնակելի շենքերի կառուցումը, միաժամանակ, կառուցվող շենքերում որպես պարտադիր նորմ նախատեսելով մանկական սենյակի, ծերերի զրուցարանի և այլ սոցիալ-մշակութային նշանակության տարածքների առկայությունը:
Անդրադարձ կատարելով դեռևս նախորդ տարի սկսված ՀՀ քաղաքաշինության նախարարության ծրագրերին՝ ուղղված հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծման քաղաքականության զարգացմանը, նախարար Սարգսյանը հանձնարարել է ուսումնասիրել և խոշորացված նախահաշիվ կազմել Ալեքսանդր Սպենդարյանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի և Արամ Խաչատրյան համերգասրահի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության պետական թանգարանի, Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի շենքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց մատչելի (արտաքին և ներքին թեքահարթակների, վերելակների, սանհանգույցների ստեղծմամբ) դարձնելու առումով՝ նպատակ ունենալով տվյալ խնդիրը առաջիկայում ներկայացնել ՀՀ կառավարությանը:
Քաղաքաշինության նախարարն անդրադարձել է նաև աղետի գոտու բնակապահովման ծրագրերին, նախարարության պատասխանատուներին հանձնարարելով, որ հետևողական լինեն սեփականաշնորհման գործընթացի արագ իրականացմանը, քանի որ 2014-ին մեկնարկած ԲԳՎ ծրագրի հաջողությունը մեծապես պայմանավորված է դրանով: Նա նշել է, որ 2015 թվականին պետք է ամբողջովին ավարտին հասցվի երկրաշարժի հետևանքով Գյումրիում անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագիրը:
Նարեկ Սարգսյանը խորհրդակցության ընթացքում կարևորել է քաղաքաշինության նախարարության մարզային այցելությունները՝ մարզային քաղաքներին և գյուղական բնակավայրերին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու և տեղերում զարգացման ծրագրեր իրականացնելու համատեքստում:
Նախարարը կարևորել է նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության և միջազգային կառույցների համագործակցությունը` նշելով որ ըստ նախնական պայմանավորվածության՝ այս տարվա մայիսին նախատեսվում է ՀՀ և ՌԴ քաղաքաշինության ոլորտների պատասխանատուների հանդիպում և փոխհամագործակցության պայմանագրերի ստորագրում: Միաժամանակ նախարարությունը կշարունակի արդյունավետ կերպով համագործակցել իր եվրոպական գործընկերների՝ Ասիական զարգացման բանկի, KFW բանկի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի, ՄԱԿ-ի գլոբալ էկոլոգիական ֆոնդի հետ և այլն:
Քաղաքաշինության ոլորտի պատասխանատուն խորհրդակցության ընթացքում անդրադարձել է նաև շինարարության և ճարտարապետության երախտավորների գործունեության քարոզման ու հանրահռչակման խնդրին՝ այս համատեքստում կարևոր համարելով Հայաստանի շինարարների միության հետ վաստակաշատ շինարարների գործունեությունը հանրությանը մատչելի և ամբողջական ներկայացնելուն ուղղված ժողովածուի հրատարակումը:
Իսկ ճարտարապետության ոլորտի երախտավորների կյանքն ու գործը հանրությանը ճանաչելի դարձնելուն ուղղված աշխատանքների ցանկում նախարարը հիշատակել է անցյալ դարասկզբի հայ ճարտարապետներ Բորիս Մեհրաբյանի և Վլադիմիր Միրզոյանի վերաբերյալ գրքերի հրատարակումը՝ գնահատելով հայ ճարտարապետության մեջ կարևոր դեր ունեցած և այսօր հանիրավի մոռացության մատնված մեր երևելիների գործունեության ըստ արժանվույն ներկայացումը սերունդներին:
Ն. Սարգսյանն առանձնաբար անդրադարձել է 2015 թվականին ՀՀ քաղաքաշինության նախարարության 2 կարևոր նախաձեռնություններին, ավստրիացի պատմաբան Յոզեֆ Ստրժիգովսկու «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» երկհատոր աշխատության երկրորդ հատորի թարգմանության գործում ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտին աջակցություն ցուցաբերելուն, ինչպես նաև՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հետ համատեղ (ղեկավար՝ Սամվել Կարապետյան)՝ Արևմտյան Հայաստանի տարածքում 1915 թվականից հետո ոչնչացված հայ ճարտարապետական ժառանգությանը վերաբերող «Եղեռն Եղեռնից հետո» վերնագիրը կրող փաստավավերական գրքի հրատարակությանը:
ՀՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայություն