Մեզ հարկավոր է իմանալ ճշմարտությունը. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատ կարևոր է, որ Գյումրիի դեպքերի նախաքննությունը վարեն ՀՀ քննչական մարմինները, որպեսզի հայ հասարակությունը կարողանա վերահսկել դրա ընթացքը: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Քրեական գործի նախաքննական ընթացքին հետեւելու հնարավորություն հայկական կողմը չունի, քանի որ գործը գտնվում է ռուսական մարմինների վարույթում: Ես կարծում եմ, որ ճշմարտության բացահայտման գործում կարեւոր է, որ նախաքննությունը վարեն Հայաստանի քննչական մարմիններ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորի խոսքով՝ հայ հանրության համար կարևոր է ոչ միայն տեսնելը, որ հանցագործը դատապարտվել է, այլև հանցագործության դրդապատճառն ու հանգամանքներն իմանալը:

«Չնայած հավաստիացումներ են հնչում, թե Պերմյակովը ցմահ կդատապարտվի, սակայն ասեմ, որ այստեղ խնդիրը միայն պատիժն ու պատժաչափը չէ: Մեզ հարկավոր է իմանալ ճշմարտությունը»,- հավելեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանվեց Ավետիսյանների վեղ հոգանոց ընտանիքը, իսկ յոթերորդ անդամը` վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ յոթ օր անց մահացավ: Միակ մեղադրյալը ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն է:




Լրահոս