“Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին” նախաձեռնությունը կոչ է անում ԱԺ պատգամավորներին օրենքով նախատեսված ընթացակարգով անհապաղ միջոցներ իրականացնել` “Հարսնաքարի” միջադեպի հարցով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու ուղղությամբ:
Նախաձեռնության հայտարարությունում ասվում է.
“Հարսնաքարում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով զբաղվող իրավապահների հետ հանդիպում կազմակերպելու խորհրդարանական չորս խմբակցությունների` ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ եւ Ժառանգություն, դիմումն` ուղղված ԱԺ նախագահին, երեկ մերժվել է:
Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ՀՀ քաղաքական իշխանությունները չեն պատրաստվում ապահովել հարուցված քրգործի քննության հրապարակայնությունն ու խուսափում են միջադեպի իրական պատկերի բացահայտմանն ուղղված հարցերի բարձրաձայնումից:
ԱԺ խմբակցությունները, սակայն, համաձայն ՀՀ օրենսդրության, կարող են հրավիրել ԱԺ արտահերթ նստաշրջան` Ռուբեն Հայրապետյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացն իր ավարտին հասցնելու նպատակով:
Մենք ԱԺ պատգամավորներին կոչ ենք անում օրենքով նախատեսված ընթացակարգով անհապաղ միջոցներ իրականացնել` ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու ուղղությամբ”: