1921 թվականի հունվարի 22-ին է ծնվել հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային միության (1971) և Հայաստանի Հանրապետության (1956) ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանը: Տաղանդավոր երաժիշտը ծնվել է Երևանում:
Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։ Դրանից հետո՝ 1929-ին, ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորել կոնսերվատորիայում։
1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։
1950-1956թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից հաստատվել է Մոսկվայում, ուր և վախճանվել է 1983-ի նոյեմբերի 11-ին:
Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, փոփ, ջազ։
Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝ «Առաջին սիրո երգը»,«Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլն։ Նա գրել է տարբեր ստեղծագործություններ՝ «Էլեգիա», «Նոկտյուրն» և այլն։