«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ մի շարք ջերմոցատերեր այս օրերին սպասողական վիճակում են: Նրանք հույս ունեն, որ ռուբլու փոխարժեքի տատանումները կկարգավորվեն, որից հետո իրենց կհաջողվի լոլիկ արտահանել Ռուսաստանի Դաշնություն:
Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ջերմոցային տնտեսությունների ասոցացիայի նախագահ Պողոս Գեւորգյանի հետ:
-Այս պահին ջերմոցատերերը վաճառքի ենթակա ապրանք ունե՞ն:
-Այո՛, լոլիկ կա, բայց չեն կարողանում վաճառել, քանի որ գնորդ չկա: Մեր ասոցացիայի անդամները մտահոգվում են այս խնդրի շուրջ:
Նրանք զարմացած ասում են, որ գնում են Մալաթիայի շուկա, չի վաճառվում, տեղափոխում են Գումի շուկա, նույնպես մարդ չկա: Գնորդ չկա: Բացի այս՝ գրեթե բոլոր ջերմոցատերերը վարկային մեծ պարտավորություններ ունեն, խրվել են:
-Ինչո՞ւ:
-Գազի սակագնի պատճառով: Ի դեպ, 0.5 հա ջերմատունը գազով ջեռուցելու համար ծախսում է մոտ 50 հազար դոլար: Սրան գումարած պարարտանյութը, թունաքիմիկատը, աշխատողների աշխատավարձերը: Ահա, Հոլանդիայում մի ընկերություն է գործում, որի հետ պայմանավորվածություն ունի մեր ասոցացիան: Պետք է պայմանագիր կնքենք, որը վարկ է տրամադրում՝ ջերմոցներ կառուցելու համար:
Դրանով անհրաժեշտ սարքավորումները պետք է ձեռք բերենք: Մեր ասոցացիայի անդամներից 6-ը համաձայնել էին ստորագրել այդ ընկերության հետ պայմանագիր, բոլոր տեսակի փաստաթղթերը պատրաստ են, մնում է ստորագրել:
Բայց արի ու տես, որ մերոնք չեն համարձակվում: Նրանք մտավախություն ունեն, որ չի արդարացնի, չեն ցանկանում ներդրում անել: Ե՛ւ հոլանդացին է պատրաստակամ օգնել, ե՛ւ համապատասխան սարքավորումները կան՝ ջերմոց կառուցելու համար, մնում է մեր ֆերմերների համաձայնությունը, բայց չեն համարձակվում»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: