ԳՐՈՂՆ ՈՒ ՕԼԻԳԱՐԽԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին  հանրային  ցասման եւ ատելության սլաքն ուղղված է  ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ: Եւ այն, որ նա ի վերջո հայտարարեց  պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, որեւէ կերպ չթուլացրեց նրան պատասխանատվության ենթարկելու հանրային պահանջը: Ինչը, իհարկե, արդարացված է: Սակայն այսօր ականատեսն ենք դառնում նաեւ այնպիսի մի իրավիճակի, որ ով չի ալարում, խոսում է Հայրապետյանի եւ առահասարակ օլիգարխների դեմ: Թեման դարձել է սերիալների դեմ խոսելու պես անշառ մի բան: Հատկապես հանրությանը հայտնի մի շարք մշտապես ակտիվ մտավորականներ չեն զլանում օրական մի քանի անգամ տարբեր մամուլի սրահներում եւ կայքերում  հրապարակավ հայհոյել եւ անարգանքի սյունին գամել Հայրապետյանին: Սակայն եթե փորձենք հասկանալ Վահե Ավետյանի հետ կապված ողբերգության խորքային արմատները, ապա կտեսնենք, որ այստեղ խնդիրը ոչ միայն Ռուբեն Հայրապետյանն է կամ որեւէ այլ օլիգարխ: Խնդիրն անգամ օլիգարխիկ ողջ համակարգը չէ: Խնդիրը մեր ողջ հասարակությունն է` իր բոլոր շերտերով` այդ նույն օլիգարխներով, նրանց դեմ պայքարող քաղաքացիներով եւ օրական մի քանի ասուլիս տվող մշտաքննադատ մտավորականներով: Այս շերտի ամենավառ ներկայացուցիչներից Վահրամ Սահակյանը, որը մի քանի օր առաջ հայտարարել էր, թե իրեն դաժանորեն ծեծել են, ինչի կադրերը նաեւ շրջանառության մեջ էր դրել համացանցում, երեկ  խոստովանեց, որ ինքն ընդամենը կատակ է արել: Սահակյանը մինչ այդ նաեւ հայհոյել էր այն լրագրողին, որը զանգահարել էր` հետաքրքրվելու գրողի վիճակով եւ ճշտելու ծեծի հետ կապված մանրամասները: Ավելին, Սահակյանը նաեւ հայտարարել էր, թե ինքը ծեծի հետ կապված դիմել է ոստիկանություն, որտեղից, սակայն, հերքել էին այդ տեղեկատվությունը: Սակայն հանրությունը, բնականաբար, հավատացել էր գրողի եւ ոչ թե ոստիկանության խոսքին: Ասել է թե` Սահակյանն իր այդ «կատակով» խաղացել էր նաեւ ոստիկանության առանց այդ էլ սասանված հեղինակության հետ: Հիմա եկեք հասկանանք` ինչով է տարբերվում ազգիս մտավորական Վահրամ Սահակյանը ազգիս օլիգարխ Նեմեց Ռուբոյից: Երկուսն էլ հայհոյում են լրագրողներին, գուցե մեկն առավել նեմեցավարի, մյուսը` փոքր-ինչ գեղարվեստորեն: Երկուսն էլ թքած ունեն ոստիկանության վրա. մեկը նրա հետ խաղ է անում` ծեծի կեղծ ահազանգ հնչեցնելով, մյուսը ոստիկանների աչքի առջեւ հարվածում մոմավառության եկած իրավապաշտպանին: Տարբերությունն առանձնապես մեծ չէ նաեւ դաժան ծեծի հանդեպ ունեցած հակումների մասով. մեկը բավականաչափ փող ունի մարդասպանների հրոսակախումբ պահելու համար, մյուսն էլ, դա չունենալով, այդ հրոսակների ձեռքից զոհված բժշկի մահվանը հաջորդող օրերին դաժան ծեծի թեմայով «կատակ» է անում: Թե այդ երկուսից որն է առավել անբարոյական, դժվար է ասել, քանի որ անբարոյականությունն ավել կամ պակաս չի լինում: Եւ ամենատխուրն այն է, որ մեր հասարակության մի մասի հերոսը հենց Նեմեց Ռուբոն ու նրա նման օլիգարխներն են, իսկ մյուսինը` Վահրամ Սահակյանն ու նրա նման մտավորականները:




Լրահոս