Սերժ Սարգսյանը լավ է արել, որ չի եկել Գյումրի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ավետիսյանների ընտանիքի ամենափոքրիկ անդամի հուղարկավորությունն էր: Երբ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում «պաթետիկ» հարցեր էին բարձրացնում, թե ախր որտե՞ղ ես, է՞, Սերժ Սարգսյան, ինչո՞ւ չմասնակցեցիր գոնե հուղարկավորության արարողությանը, գյումրեցիներն իրար մեջ խոսում էին, որ չէին ցանկանա տեսնել նրան, նույնիսկ հոգեհանգստի ժամանակ: «Գա հասնի Գյումրի, որ ի՞նչ փոխվի: Դժբախտությունը, եթե նկատել եք, շուտ է տեղի ունեցել: Լավ նախագահ էր՝ թող ավելի շուտ գար կամ ավելի շուտ ցավակցեր»,- ասաց մի տղամարդ:

«Երբ իմացանք, որ փոքրիկը հիվանդանոցում է, էս տառապանքի մեջ մի փոքր հույս ծնվեց: Այն էլ էդ հույսը մեռավ ու ավելի դաժան»: Սբ. Նշան եկեղեցու մոտ հավաքված մարդկանց մեջ էին նաև Ավետիսյանների ազգականները, որոնք այնպիսի վիճակում էին, որ անկարող էին խոսել: «Չենք ասում, որ Սարգսյանն ա մեղավոր այս ամեն ինչում, բայց, որպես նախագահ, պետք է որոշ գործողություններ ձեռնարկեր: Եթե առաջ իրան չէինք սիրում երկրի վատ վիճակի համար, հիմա՝ առավել ևս, մեր աչքից ավելի ընկավ»:

Հոգեհանգստի և թաղման արարողությունների ժամանակ մարդիկ իրենց անելիքների մասին դեռ չգիտեին: «Հիմա դեռ լռելու ժամանակն է, բայց եթե մարդիկ իրենց խոստացածները չկատարեն, էստեղ հավաքված բոլոր մարդիկ էլ մի մարդու նման կպայքարեն, էդ թող հաստատ իմանան իշխանությունները: Իսկ Սերժ Սարգսյանի գալ-չգալը մեզ պետք չէ:

Մեզ մենակ մի բան է պետք, որ էդ ոճրագործին հանձնեն մեզ»,- ասաց մի մեծահասակ գյումրեցի: Կողքից էլ միջամտեց առավոտից եկեղեցու մոտ կանգնած մի երիտասարդ. «Համ էլ, եթե գար, գյումրեցիները հաստատ վատով էին ընդունելու: Երևանում էլ պահանջում են սուգ հայտարարեն, ինչ-որ նման բաներ, բայց հիմա այն դեպքն է, որ պետք չէ սուգ հայտարարեն, այսպես թե այնպես, մարդիկ սգում են, ավելորդ ձևականություններ են»:

Ի՞նչ է լինելու հիմա՝ հարց էին տալիս մարդիկ: Ի վերջո, Գևորգ Կոստանյանի «տղավարի» խոստումը կիրականացվի՞, թե՞ ոչ: Եթե ռուս զինծառայողին դատելու իրավունքն այդպես էլ հայկական կողմին չհանձնվի, ինչպե՞ս են վարվելու գյումրեցիները: Վերջին դեպքերն ամեն դեպքում հուշում են, որ հանգիստ տներում չեն նստելու. «Հիմա դեռ բան չեմ կարող ասել, էս պահին նման բանի մասին խոսելը ճիշտ չի լինի: Համ էլ ո՞վ իմանա, կախված է գործերի ընթացքից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս