Գյումրու 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի ամենափոքր ներկայացուցչի մահն ավելի ցավեցրեց մեր՝ առանց այդ էլ վիրավոր հոգիները: Թեեւ դարձյալ սգո օր չհայտարարվեց մեր երկրում:
Եւ եթե զգացմունքայնությունը մի կողմ դնենք ու սթափ վերլուծենք վաղուց քաղաքականացված ողբերգական դեպքերի ժամանակագրությունը, պետք է արձանագրել, որ մամուլի, ակտիվ քաղաքացիների համառ ու արդարացի պահանջներն արդեն իսկ տվել են ցանկալի պտուղները: ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը «արթնացավ» եւ ցավակցական ուղերձ հղեց հայ ժողովրդին՝ փոքրիկ Սերյոժայի մահվան առիթով:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ շտապեց Գյումրի գնալ: Այնտեղ էին նաեւ մինչ այս՝ Ավետիսյանների վեց հոգանոց ընտանիքի հուղարկավորության առիթով ընդհատակ անցած շատ ու շատ պաշտոնյաներ, պատգամավորներ: Նույնիսկ ԱԺ ՀՀԿ խմբակցությունն առանձին ցավակցական ուղերձ է հղել: Լրագրողական քննադատությանը տեղի տալով՝ մի շարք կուսակցություններ եւս երեկ ցավակցական ուղերձներ տարածեցին:
Արդեն երկու օր է՝ Գյումրիում են նաեւ ԱԺ պատգամավորները, որոնք Գյումրիից են ընտրվել: Իսկ երբ ոստիկաններն ու գյումրեցիները ցավալի բախում ունեցան, նրանց մանրադիտակով էինք փնտրում:
Այսինքն՝ մեր բողոքի ձայնը տեղ հասավ. ե՛ւ Հայաստանի ե՛ւ Ռուսաստանի իշխանությունները լսեցին այն: Բայց ցանկալի կլիներ, որ Հայաստանում մեր ազգային ցավին հաղորդակից դառնալու հրապարակային քայլերն արվեին ինքնաբուխ, ոչ թե քննադատություններին տուրք տալով, ստիպված, ամաչելով: Լավ կլիներ, որ համարձակության չափաբաժինն ավելի մեծ լիներ հայ պաշտոնյաների, ազգընտիրների մոտ, որպեսզի անհրաժեշտության դեպքում վտանգավոր գոտիներ էլ ինքնաբուխ գնային՝ մենակ չթողնելով իրենց փափուկ կյանքն ու բիզնես-հաջողություններն ապահոված ընտրողներին: Լավ կլիներ նաեւ, որ Ռուսաստանի իշխանություններն ադեկվատ պահվածք դրսեւորեին, եւ իրադարձությունների զարգացումը նման լարումներով չուղեկցվեր…
Նկատենք, որ այս իրավիճակում շատ կարեւոր էր գյումրեցիների ադեկվատ պահվածքը. նրանք իրենց բազմամարդ ակցիաներով, որոնք թեեւ անկարգություններով զուգորդվեցին (հատուկ ներդրված սադրիչների բեմադրմամբ), այնուամենայնիվ կարողացան մեր ողջ երկրի արժանապատվությունը բարձրացնել, փրկել մեր կորսված անկախության իմիջը, ստիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անձամբ զանգահարել Սերժ Սարգսյանին, ցավակցել: Գյումրեցիներն իրենց համախմբվածությամբ ստիպեցին ռուսական էլիտային ներողություն խնդրել հայերից… Կորուստների գնով ստացված այս արդյունքների ցանկը երկար կարելի է թվարկել: Բայց դեռ անելիքներ կան, ուստի չպետք է բավարարվել եղածով:
Հիմա բոլորիս խնդիրը մեկն է՝ յուրաքանչյուրս մեր տեղում պետք է պայքարենք, որպեսզի Վալերի Պերմյակովը հանձնվի ՀՀ արդարադատությանը, եւ մեր երկրում հնարավոր լինի լրիվ եւ բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում պատասխանել բոլոր մութ հարցերին: Սա նշանակում է, որ Վալերի Պերմյակովը մեզ ողջ է պետք, որպեսզի ողջ ճշմարտությունն իմանանք:
Հ. Գ. Արժանապատիվ թշնամի ունենալն էլ, կարելի է ասել, բախտի հարց է: Ով է մեր թշնամին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը կես տարեկան երեխայի մահվան օրը հրաման է տալիս կրակել հայ-ադրբեջանական սահմանին եւ զինվոր սպանել: Ինչպես հայտնի է՝ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը: Իսկ հուղարկավորության օրը՝ հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում դիվերսիոն հետախուզական ներթափանցման հրաման էր տվել Ի. Ալիեւը, որը հետ մղելու ճանապարհին զոհվեց զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը: Այսքանից հետո ինչպե՞ս կարելի է արդարություն որոնել…
Թագուհի Թովմասյան