Ձեր խոսքը նման էր հոգևորականի ելույթի. Նաիրա Զոհրաբյանը` Գևորգ Կոստանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ԱԺ-ում տեղի ունեցան «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացները» թեմայով խորհրդարանական լսումները:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

«Ուզում եմ մի քանի հանգամանքի վրա ձեր ուշադրությունը հրավիրել: Ես որպես գլխավոր դատախազ չեմ կարող իմ որոշումներն իրականացնել զգայական ոլորտի վրա հիմնվելով: Ես պարտավոր եմ օրենքի սահմաններում գործել՝ անկախ նրանից՝ իմ զգայական ոլորտին դա բավարարում է, թե՝ ոչ»,- ասաց Գևորգ Կոստանյանը` հավելելով. «Եթե ես խոստացել եմ, որ պետք է դիմեմ ՌԴ գլխավոր դատախազին, ուրեմն` դիմելու եմ:

Անհրաժեշտ քնչական և դատավարական հիմքերի ձեռքբերումից հետո արդեն ես ավելի վստահ կդիմեմ, բայց ես դա կանեմ այն դեպքում ես կունենամ հիմքեր դիմելու և կակնկալեմ ցանկալի և ակնկալվող արդյոք: Երբ ունենամ անհրաժեշտ բոլոր հիմքերը կդիմեմ գլխավոր դատախազին»,- ասաց Կոստանյանը:

Հիմնական զեկուցողին իր հարցով դիմեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհարբյանը:

«Ձեր զեկույցը նման էր հոգևորականի, հոգեվերլուծողի զեկույցի: Եթե մենք ունենայինք նման մարդկանց կարիքը, կհրավիրեինք կաթողիկոսին: Մենք դատախազին վայել ելույթ էինք սպասում: Հստակ հաշվետվություն, թե ինչ է արված այս հարցերի հետ կապված»,- ասաց Զոհրաբյանը:

«Մենք չենք կարող կաթողիկոսին այստեղ հրավիրել»,- միջամտեց Էդուարդ Շարմազանովը:

«Ես իմ ներածական խոսքում հանդես եկա այն նպատակով, որպեսզի ձեռնպահ մնամ զգացմունքային հարթության մեջ այս հարցը քննարկելուց: Ես իմ գործընկերներին հորդորում էի դուրս մնալ զգայական ոլորտից: Ես  չէի կարող նախաքննության գաղտնիքները հրապարակել, քանի որ դրա իրավունքը չունեմ: Քննչական գործողությունների և դրա հետագա ընթացքը չեմ կարող այստեղ ներկայացնել: Ես դրանով կվնասեմ իրավական ընթացքին: Չեմ հրապարակելու նախաքննության գաղտնիք հանդիսացող որևէ հանգամանք»,- արձագանքեց Գևորգ Կոստանյանը:

 




Լրահոս