Ունենք մի իրավիճակ, երբ մեղադրական կողմն օգտվել է առիթից, որ դատավորը հրաժարվել է կատարել արդար դատավարություն: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում նման տեսակետ արտահայտեց դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Ամբողջն անցել է դատավարական նորմերի կոպիտ խախտումով: Մի քանի փաստեր բերեմ: Վարդան Պետրոսյանին ձերբակալելուց հետո նրան պետք է հարցաքննեին նույն օրը, սակայն երկու օր անց են հարցաքննել: Իմ ներկայությամբ դերասանը փորձեց բացատրություն տալ, սակայն քննիչը չէր արձանագրում Վարդան Պետրոսյանի բառերը: Ես փորձեցի գրավոր առարկություն ներկայացնել, նա գրիչը ձեռքիցս վերցրեց և փախավ սենյակից»,- նշեց նա:
Փաստաբանի խոսքով՝ նախաքննության ընթացքում այդպես էլ չի բացահայտվել, թե որտեղ է տեղի ունեցել վթարը:
Դերասան Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբան Մարի Լոռ Դոզեն նույնպես ներկա էր այսօր կայացած ասուլիսին և հայտարարեց, որ չի հասկանում, թե մեկ տարի ձգված դատական նիստերն ինչին են ծառայել, քանի որ մեղադրական ճառը կրկնությունն է մեկ տարի առաջ ներկայացված մեղադրական ակտի:
«Վարդան Պետրոսյանի հետ կապված այս գործում ես տեսա այդ դժվարությունը, երբ նույն դատարանը քննություն և վճիռ է իրականացնում: Ընթերցելով մեղադրական ճառերը` այնպիսի տպավորություն ես ստանում, որ այս մեկ տարվա քննությունը գոյություն չի ունեցել: Այնպես որ չեմ հասկանում, թե մեկ տարի ձգված դատական նիստերն ինչին են ծառայել: Յուրաքանչյուր ուրբաթ քննարկվել են հարցեր, որոնք երբեք ոչ մի տեղ չեն օգտագործվելու»,- ասաց նա:
Նշենք, որ դատախազը պահանջել է դերասանին ենթարկել 6 տարի 6 ամիս ազատազրկման՝ 3 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից: