ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ
Հայաստանյան շուրջ 40 գիտնականներ նամակ են հղել ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանին, որտեղ իրենց աջակցությունն են հայտնում նրան:

ՃԻՇՏ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՉԷ
«Փարիզյան սուրճ» ընկերության նախկին սեփականատեր, ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը դեռ սպասում է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իրեն տված խոստումն իրականացնի: «Պարոն քաղաքապետն անձամբ ասաց, որ փարիզյանի ամառային մասը կբացվի Աբովյան փողոցը մաքրագործելուց 2 ամիս հետո, բայց բավական երկար բանակցելուց հետո արտոնեց միայն պատի տակ բացելը, իսկ փողոցի հատվածում մինչեւ հիմա չի արտոնում: Ես նրա խոսքին հավատացի ու զարմանում եմ, որ քաղաքապետի խոսքը կարող է խոսք չլինել»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասել է  տիկին Գործունյանը: Տեղեկանալով, որ Աբովյան փողոցում՝ ճիշտ ապամոնտաժված կրպակների տեղում, քաղաքապետն արտոնել է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբորը սրճարան բացել, տիկին Գործունյանն ավելի է հիասթափվել. «Միամիտ սփյուռքահայը մտածում է, որ քաղաքապետը պիտի հարգի իր խոսքը: Դժվարանում եմ ասել, թե արդյոք Երեւանի քաղաքապետը ազատ է իր որոշումների հարցում կամ օլիգարխներն իրենց քաղաքականացված շահերի համար թույլ տալի՞ս են նրան ազատ շարժվել, բայց տեսնելով հայկական իրականությունը՝ դժվարանում եմ հավատալ, որ ինքը ճիշտ կամ քաղաքի ու քաղաքացիների օգուտը պաշտպանող քաղաքապետ է»:

ԲԱԿՈ-ՌՈԲԵՐՏ
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է տեղեկությունները Ռոբերտ Քոչարյանի եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի՝ օրերս կայացած հեռախոսազրույցի մասին: «Իրոք, օրերս նրանք զրուցել են հեռախոսով: Բայց սա ինչ-որ արտառոց երեւույթ չէ: Նշված հեռախոսազրույցի բոլոր մանրամասներին, բնականաբար, տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ Ռոբերտ Քոչարյանը հաջողություն է մաղթել Բակո Սահակյանին գալիք նախագահական ընտրություններում»,-«Մեդիամաքս»-ին ասել է Վ. Սողոմոնյանը:

ԳՆԱ ՄԵՌԻ՛, ԱՐԻ՛ ՍԻՐԵՄ
Հայ ազգային կոնգրեսը տարածած հայտարարության մեջ ցավակցել է  օրերս մահացած ազատամարտիկ Ժորա Աթոյանի հարազատներին ու մտերիմներին: Հիշեցնենք, որ գյումրեցի ազատամարտիկը մեղադրվում էր կեղծ փաստաթղթերով  թոշակ ստանալու մեջ: «Իրականում ազատամարտիկ Ժ. Աթոյանի դեմ տեւական այս հետապնդումը պայմանավորված էր նրա քաղաքական հայացքներով։ Անբարոյականության որեւէ սահման չճանաչող վարչախումբը նրան անգամ զրկել էր անհրաժեշտ դեղորայք ստանալու հնարավորությունից: Վարչախմբի համար ոչինչ չարժեն նախկին հերոսները, եթե այսօր նրանք հայտնվել են հակառակ քաղաքական ճամբարներում»,-ասված է հայտարարության մեջ: Ուշագրավ է, որ ազատամարտիկի դեմ դատական երկարատեւ գործընթացում ՀԱԿ-ը որեւէ անգամ հանդես չի եկել Ժ. Աթոյանի հրապարակային աջակցությամբ:

ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ երեկ մի խումբ երիտասարդներ մոմավառություն են կազմակերպել՝ ի հիշատակ Կրասնոդարում աղետի հետեւանքով մահացած քաղաքացիների: Նրանց միացել են նաեւ դեսպանատան աշխատակիցներ:

ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը «Գրանդ սան» ընկերության նախկին տնօրեն Ռոբերտ Հարությունյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1 կետի հատկանիշներով` գույքի վատնում, առանձնապես խոշոր չափի գումարների յուրացում: Հուլիսի 6-ին նա կալանավորվել է։ «Ա1+»-ի հետ զրույցում «Գրանդ հոլդինգ»-ի ղեկավար Հրանտ Վարդանյանը նշել է, որ ընկերությունում 200 մլն դրամի գողություն է կատարվել, եւ ինքը համացանցից է իմացել, որ գործարանի տնօրենը ձերբակալված է. «Կարող է վաղն ինձ էլ ձերբակալեն: Ես ոչ մեկի դեմ բողոք չունեմ, մինչեւ չպարզվի` ով է դա արել:  Նա, ով որ հիմա նստած է, մակագրել է, որ գողություն է եղել»:




Լրահոս