2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացները» թեմայով խորհրդարանական լսումների հիմնական զեկուցող Գևորգ Կոստանյանին դիմեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա անդրադարձավ այն հանգամանքին, որ ՀՀ իրավապահների կողմից քրեական գործ չի հարուցվել ապօրինի սահմանը հատելու փորձի համար:
«Ես ճի՞շտ եմ հասկանում, որ այս պահի դրությամբ չկա հարուցված քրեկան գործ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի համար: Միայն սպանության գործով է ՀՀ իրավապահների կողմից մեղադրանք առաջադրվել: Եթե նման քրեական գործ չկա, Դուք ինչո՞ւ եք սպասում ինչ-որ քննարկումների: Պերմյակովը զինվորական հագուստով չի եղել սահմանին, իրենք ինչպե՞ս են իմացել, որ դա Պերմյակովն է: Յուրաքանչյուր անձ, ով փորձում է հատել ՀՀ պետական սահմանը, պետք է ՀՀ օրենսդրությամբ պատասխանատվության ենթարկվի: Մեր ԱԱԾ աշխատակիցները անգործություն են թույլ տվել այս հարցում: Այս պահի դրությամբ ՀՀ տարածքում տեղի են ունեցել այլ հանցագորոծություններ ևս: Եթե չեք հարուցել նման քրգործեր, ապա ես հիմա հաղորդում եմ տալիս, որ քրեական գործ հարուցվի: Պահանջն այն է` հարուցել քրգործ նշված մասերով: Ինչո՞ւ եք անգործություն անում»,- վրդովված ասաց Զարուհի Փոստանջյանը:
Գևորգ Կոստանյանը, պատասխանելով նշված հարցերին և դիտարկումներին, ասաց. «Տիկի՛ն Փոստանջյան, մենք դեռ պետք է քննության ենթարկենք, թե նա ապօրինի ճանապարհո՞վ է հայտնվել ռուս սահմանապահների ձեռքում, արդյոք նա աապօրինի՞ է հանձնվել ռազմաբազային և այլն: Երբ արդյունքները լինեն, ապա իմ պահանջը ՌԴ դատախազին կլինի հիմնավորված: Դուք ինքներդ՝ որպես իրավաբան, լավ գիտեք, որ դեպքում է մեղադրանք առաջադրվում: Հայտարությունների հիման վրա մեղադրանք չեն առաջադրում: Դրանց հիման վրա մենք միայն ստուգում ենք և ապացույցներ ենք հայտնաբերում: Ահա հենց այս հանգամանքը ես նկատի ունեմ, որ ասում եմ՝ պետք է բավարարար հիմքեր լինեն ՌԴ գլխավոր դատախազին դիմելու համար:»,- նշեց գլխավոր դատախազը: