Սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ. ի՞նչ տվեց նախարար Օհանյանի խորհրդակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած պաշտոնապես մարտական գործողությունները չեն վերսկսվել, բայց Ադրբեջանը, ըստ էության, միակողմանի պատերազմ է վարում: Ստեղծված իրավիճակը ՀՀ իշխանություններից պահանջում է ոչ միայն արագ և հստակ քայլեր իրականացնել ադրբեջանական կողմին սաստելու համար, այլև կտրուկ փոխել Հայաստանում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը:

Այս խնդրի միակ լուծումը կարող է լինել այն, որ ՀՀ բոլոր մեծուփոքր պաշտոնյաները, մեծահարուստները, ովքեր ունեն զինապարտ որդիներ, որոնք ինչ-որ հիմնավորմամբ տարկետում են ստացել և չեն զորակոչվել բանակ, թեկուզ մեծ հանդիսավորությամբ ինքնակամ հրաժարվեն տարկետումներից և մեկնեն բանակ՝ պաշտպանելու մեր սահմանները: Այսպիսով՝ իշխանական թիմը կարող է ՀՀ քաղաքացիներին համոզել, որ չնայած կոռումպացված է, բայց անհայրենիք վարձկան չէ: Կկարողանա ապացուցել, որ Հայաստանն իրենց միայն թալանի համար չէ, որ պետք է, այլ իրականում Հայաստանի Հանրապետությունը նաև իրե՛նց Հայրենիքն է, ոչ թե միայն անապահով և իրենց երեխաներին բանակից ազատել չկարողացող շարքային քաղաքացիներինը:

Տեղեկացնենք, որ երեկ էլ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ ողջ գիշեր հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Մոտ 200 կրակոց է արձակվել հակառակորդի կողմից և միայն հայկական կողմի պատասխանից հետո կրակոցները դադարել են: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ ՊՆ-ի դիրքորոշումն իմանալու և մի քանի այլ հարցերի շուրջ Armlur.am-ը զրուցեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:

-Պարո՛ն Հովհաննիսյան, ի՞նչ է մտածում ՊՆ-ն 2015-ի մեկնարկով սկսված կրակոցների մասին: Ինչո՞ւ են այսքան զոհեր գրանցվում նույնատիպ գործողությունների արդյունքում:

-Իրավիճակն այս պահին կայուն լարված է: Հակառակորդի ագրեսիվ պահվածքի պատճառը մեկն է. ամեն տարի փորձ է արվում վիճակն ավելի լարված պահել: Նախորդ տարվա հունվարին էլ շատ լարված էր վիճակը:

-Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն նման պայմաններում: Ի՞նչ է պետք անել:

– Ձեզ թվում է, թե կա այնպիսի դեղամիջոց, որով հնարավո՞ր կլինի վերջնականապես վերացնել լարվածությունը:

-Բայց չէ՞ որ մարդիկ տևական ժամանակ է` անորոշության, երբեմն խուճապի մեջ են:

-Մարդիկ պետք է հասկանան, որ մենք քառորդ դար է` պատերազմի մեջ ենք: Հանրության մեջ խուճապ պետք է չլինի: Իսկ եթե կա խուճապ, ուրեմն` մենք պետք է մեր տեղեկատվությամբ փորձենք այնպես անել, որ խուճապը վերանա:

-Տեղեկատվությա՞մբ, ինչպե՞ս:

-Դե, օրինակ, 800 անգամ կրկնված արտահայտություններ նորից չտպագրենք, թե այս կամ այն գյուղը տեղահանել են… Երևանի վերևով ուղղաթիռներն ինչո՞ւ են թռչում… Ճի՞շտ է արդյոք, որ 3 զոհ ունենք, միայն մեկի անունն եք ասում… Այսինքն` նման բաներ: Սրանց հետ հասարակությունը վաղուց մերվել է, մենք նորից մեջտեղ ենք բերում, նորից պտտեցնում ենք:  Ցավոք, մենք զոհեր ենք ունենում, քանի որ փաստացի պատերազմական իրավիճակում ենք: Բայց իրավիճակը մենք ենք թելադրում: Հակառակորդը մարտավարական որևէ լուրջ հաջողության չի հասել: Հակառակորդի խնդիրը մարդ սպանելը չէ, այլ լուրջ ձեռքբերումները: Այդ մարդը պարզապես ճանապարհին կանգնած մարդն է, ով զոհվում է կամ չի զոհվում: Եթե իրավիճակը մենք չթելադրեինք, հիմա դրությունը շատ ավելի վատ կլիներ:

-Իրավիճակը մենք ենք թելադրում, սակայն պարբերաբար զոհեր ենք ունենում…

-Իսկ ո՞վ ասաց` նրանց կողմից հնգապատիկ զոհեր չեն լինում: Կրկնում եմ` պատերազմ է:

-ՀՀ ՊՆախարար Սեյրան Օհանյանի հայտնի փակ խորհրդակցությունից հետո, կարծես թե, մահվան դեպքերն ավելացել են: Ինչո՞ւ այդպես ստացվեց: Արդյո՞ք այս իրավիճակը բանակի կառավարման համակարգի թերացումներով է պայմանավորված:

-Պաշտպանության նախարարն ըստ իրավիճակի` սահմանային և ոչ միայն, խորհրդակցություններ անց է կացնում բավականին հաճախ: Հրամանատարներին հրահանգներ տալ, խորհրդակցություններ անցկացնել. սա հստակ կանոնակարգ է: Կապել խորհրդակցությունն ինչ-որ իրավիճակի հետ` չեմ կարծում` ճիշտ է: Կառավարման արդյունավետությունը պետք չէ համադրել սահմանային լարվածության հետ: Այն, ինչպես արդեն ասացի, չունի վերջնական դեղամիջոց կամ ահեղ զենք, որը կարող ենք կիրառել և լուծել խնդիրը: Ես համարում եմ, որ բանակն արդյունավետ է հակառակորդին դիմակայում:

Այլ հարց է, որ մենք ունենք պատերազմ, և այն սաստկանում է: Եթե պատերազմը սաստկանում է, և մենք ունենք զոհեր, սա չի նշանակում, որ արդյունավետ չենք կռվում: Պարզապես այս տարիների ընթացքում կարծիք է ձևավորվել, որ եթե զոհեր կան, ուրեմն` պարտվում ենք: Բայց այդպես չէ: Փաստն այն է, որ հակառակորդը որևէ մարտական հենակետ չի կարողացել գրավել: Իսկ սա նշանակում է, որ նա վախենում է: Այսօր հակառակորդն ուրիշ խնդիր է դրել իր առջև: Եթե հայ զինվորի զոհվելն անհանգստացնում է, ինչը նորմալ է, դա չի նշանակում` լավ չենք աշխատում: Սա այլընտրանք ունի, այն է` լայնամասշտաբ պատերազմը: Բայց բոլորս փորձում ենք խուսափել դրանից:

– Պարոն Հովհաննիսյան, այսօր շատ է խոսվում, որ բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա ազդում է պաշտոնյաների որդիների դե ֆակտո դասալքությունը: ՀՀ-ում գործունեություն ծավալող շուրջ 50 հազար միջին և բարձր պաշտոն զբաղեցնողներից (խոսքը զինվորականների մասին չէ), գրեթե որևէ մեկի որդու սահմանում գտնվելու մասին ոչինչ հայտնի չէ: Հնարավո՞ր է` ՊՆ-ն առաջիկայում հանդես գա նախաձեռնությամբ՝ պարտադրելով պետական պաշտոնյաներին, որպեսզի իրենց որդիները պարտադիր զինվորական ծառայություն անցնեն:  

-Պաշտպանության նախարարությունը բազմիցս հանդես է եկել հայտարարությամբ, որ կողմ է տարեկետման վերացմանը: Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այս հարցերը լուծելու իրավասությունը Պաշտպանությունը չունի: Այդ մարդիկ դիմում են այլ ճանապարհների: ՊՆ-ն զորակոչ իրականացնելու գործառույթները չեմ ասի` 100 տոկոսով, սակայն 100 տոկոսին շատ մոտ չափով իրականացնում է: Իսկ թե ինչու որոշ մարդիկ այդտեղ չեն հայտնվում, այլ գերատեսչությունների անհետևողական և երկարաժամկետ աշխատանքների արդյունքն է: Մեղքն այլ գերատեսչություններինն է:

Զրուցեց Տաթև Հարությունյանը




Լրահոս