Հովիկ Աբրահամյանը դատապարտված է ձախողման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովիկ Աբրահամյանն իր ծննդյան տարեդարձն առաջին անգամ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնում: Հունվարի 24-ին նա դարձավ 57 տարեկան: Եթե անցած տարի՝ հունվարին, որեւէ մեկն ասեր, որ ընդամենը երեք ամսից Հովիկ Աբրահամյանը կդառնա Հայաստանի վարչապետ, իսկ հաջորդ՝ 2015 թվականն էլ նրա համար լինելու է ճակատագրական, դժվար թե հավատացող մարդիկ գտնվեին:

2014 թվականի ապրիլի 3-ին պաշտոնապես հայտարարվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին, վերջինիս մտերիմները մասնավոր զրույցներում պնդում էին, որ նա մինչ այդ մեկուկես ամիս շարունակ փորձել է հրաժարական ներկայացնել եւ պաշտոնանկությունից հետո նա իրեն մի տեսակ ազատագրված է զգում: Բանն այն է, որ Տիգրան Սարգսյանը դեռեւս 2014-ի սկզբին կարող էր կանխատեսել, որ համաշխարհային տնտեսական զարգացումները նման հունով կընթանան:

2014 թվականի փետրվարի վերջին, երբ ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանը պատրաստվում է ներխուժել Ուկրաինա, ակնհայտ էր, որ այդ քայլն անհետեւանք չէր մնա: Այսինքն՝ լավ տնտեսագետը, ով բոլորից լավ գիտեր, թե որքանով է Հայաստանի տնտեսությունը կախված Ռուսաստանից եկող տրանսֆերտներից, հաստատ կգիտակցեր, թե առջեւում ինչ է սպասվում: Այլ կերպ ասած՝ Տիգրան Սարգսյանը՝ որպես նախկին ԱԺՄ-ական, իր «գնացքից թռչելու» հնարավորությունից օգտվեց. ճիշտ ժամանակին թռավ:

2014 թվականի ապրիլի 13-ին, երբ այն Ժամանակ դեռեւս ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, վերջինիս շրջապատը ցնծում էր, իսկ իշխանության, այսպես կոչված՝ երիտասարդ թեւը, այդպես ընդունված է համարել Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի թիմին, շատ հանգիստ, ինչ-որ տեղ նաեւ հեգնանքով էր վերաբերվում Աբրահամյանի շրջապատի ցնծությանը:

Աբրահամյանի շրջապատը վստահ էր, որ նա այսպիսով դառնալու է գործող իշխանության ժառանգորդը, եւ Սերժ Սարգսյանը հենց նրան է փոխանցելու իշխանությունը: Իսկ իշխանության երիտթեւի ներկայացուցիչները վստահ էին, որ Հովիկ Աբրահամյանը դեռ զղջալու է այս փուլում վարչապետ դառնալու համար, եւ իրականում նա վերածվելու է «քավության նոխազի»:

Այսօր արդեն կարող ենք ասել, որ վերջին կանխատեսումներն օր օրի իրականանում են: Նախ՝ 2014-ի երկրորդ կեսից այլեւս ակնհայտ դարձավ, որ միջազգային հանրության կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված եւ գնալով խստացվող պատժամիջոցների արդյունքում այդ երկրի տնտեսությունը լրջագույն խնդիրների առջեւ է կանգնելու: Իսկ երբ արդեն աշնանը Ռուսաստանի տնտեսությունը սկսեց երերալ պատժամիջոցների արդյունքում, հասկանալի դարձավ, որ փլուզման այս ալիքի Հայաստան հասնելն ընդամենը օրերի հարց է: 2014-ի նոյեմբերի վերջից ՀՀ իշխանությունները ստիպված էին ընդունել, որ Ռուսաստանի տնտեսությունում տեղի ունեցող զարգացումների արդյունքում Հայաստանի տնտեսությունում լրջագույն ճգնաժամ է սկսվել: Իսկ արդեն անցած տարվա վերջին իշխանամերձ տնտեսագետները սկսեցին խոսել այն մասին, որ 2015-ին Հայաստանում տնտեսական անկում է արձանագրվելու: Տնտեսագետներն առայժմ կանխատեսում են, որ անկումը կլինի 3-ից 5 տոկոսի սահմաններում: Սակայն լրացուցիչ գործոնները, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության արդյունքում տեղի ունեցող զարգացումները, վկայում են, որ իրավիճակն ավելի վատ է, քան ենթադրվում է:

Այս ամենի հետ միասին անցած տարվա ամռանից սկսած Ադրբեջանը պարբերաբար լկտիորեն խախտում է զինադադարի ռեժիմը, ինչի արդյունքում զոհվում են ՀՀ եւ ԼՂՀ զինվորները: Զինադադարից հետո 20 տարվա մեջ առաջին անգամ արձանագրվեց Ադրբեջանի կողմից ԼՂՀ զինված ուժերի ուղղաթիռ խոցելու դեպք: Այս տարվա առաջին իսկ օրերից Ադրբեջանը պարբերաբար դիվերսիոն գործողություններ է կազմակերպում, որոնք գնալով դառնում են ավելի սանձարձակ եւ լկտի:

Հունվարի լույս 12-ի գիշերը Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունը, որին զոհ գնացին Ավետիսյանների ընտանիքի բոլոր յոթ անդամները, Հայաստանում առկա վիճակը է՛լ ավելի բարդացրեց: Հանրությունը իշխանություններից պատասխաններ եւ գործողություններ է ակնկալում, սակայն վերջիններս ապացուցում են, որ իրենք անկարող են եւ անգամ «տղամարդավարի» տված խոստումներն ի վիճակի չեն կատարելու: Միակ բանը, որ ՀՀ իշխանությունները կարող են կատարել, դա ոստիկաններին ժողովրդի վրա բաց թողելն է, սակայն Գյումրիի դեպքերը ապացուցեցին, որ սա էլ լուծում չէ, քանի որ անհրաժեշտության դեպքում մարդիկ կարող են համարժեք պատասխանել իրենց վրա իրականացված հարձակումներին:
Այլեւս ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին նշանակելով՝ ցանկացել է նրան «քավության նոխազ» դարձնել: Վերջինիս պաշտոնավարումը, թերեւս, կշարունակվի մինչեւ սահմանադրական հանրաքվեի կայացումը: Դրանից հետո շատ բան կփոխվի հայրենի քաղաքական դաշտում: Իսկ թե ինչու Սարգսյանը որոշեց այսպես վարվել Աբրահամյանի հետ, առանձին նյութի թեմա է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս