«ՌՈՒՍՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ, ԻՐԵՆՑ ՀԻՄԱՐԻ ՆՄԱՆ ԵՆ ՊԱՀՈՒՄ». ՌՈՒՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 12-ին Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունը շարժել է յուրաքանչյուր բանական մարդու զայրույթն ու ցասում առաջացրել: Նույնիսկ Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Կադիրովն է համացանցում գրառում արել. «Այդ զինվորը, որը Գյումրիում ընտանիք էր սպանել, պետք է գնա Բաքու՝ Ալիեւից պարգեւ ստանալու»:

Ռուս զինվորի կատարած հանցագործության համար Հայաստանում պատիժը կրելու անհրաժեշտության պահանջով փողոց դուրս եկած բազմահազար գյումրեցիների դժգոհությունը եւ 14 վիրավորները, իրենց զոհաբերելով, սթափության կոչ արեցին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իշխանություններին: Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի արարքը չեն հասկանում եւ աններելի են համարում անգամ Ռուսաստանի Դաշնությունում:
«Ժողովուրդ» օրաթերթն այս իրադարձությունների զարգացման ու հայ-ռուսական հարաբերությունների վրա դրանց հնարավոր ազդեցության շուրջ զրուցեց ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Բորիս Նեմցովի հետ:
-Պարո՛ն Նեմցով, ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ Գյումրիում սկսված իրադարձությունները հայ-ռուսական հարաբերությունների վրա:
-Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության հետագա հարաբերությունները կախված են այն բանից, թե ինչով կավարտվեն Գյումրիում սկսված իրադարձությունները: Ռուսները չեն ցանկանում ընդառաջ գնալ Հայաստանի իշխանությունների արդարացի պահանջներին:
-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Ռուսաստանի Դաշնության ուժային կառույցի ներկայացուցիչները, այս դեպքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, չեն ցանկանում սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատությանը:
-Ռուսները, ինչպես միշտ, իրենց հիմարի նման են պահում: Օգտվում են այն հանգամանքից, որ Հայաստանը տնտեսապես ու Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով ռազմական առումով կախված է Ռուսաստանի Դաշնությունից: Կարծում եմ, որ ռուս զինվորականների նման վարքագիծը ստորացնում է հայ ժողովրդին, սա նրանց կողմից հիմար ու մեծամիտ քայլ է:
-Հայաստանի Հանրապետության իշխանությունները հունվարի 12-ից սկսած գրեթե լուռ են: Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անեն Հայաստանի Հանրապետության իշխանություններն այսօր:
-Հայաստանի Հանրապետության իշխանությունները պետք է թուլամորթ չլինեն ու պահանջեն Ռուսաստանի Դաշնության իշխանություններից, որպեսզի Հայաստանի տարածքում հանցանք կատարած հանցագործին դատեն հենց Հայաստանում, այդ երկրի օրենսդրության համաձայն:
-Այս օրերին բազում կարծիքներ են հրապարակվում տեղի ունեցած հանցագործության եւ դրան հաջորդած զարգացումների մասին: Դուք հավանական համարո՞ւմ եք վարկածն առ այն, որ Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց սպանության հետեւում կանգնած է երրորդ ուժ կամ երրորդ պետություն:
-Լիակատար հիմարություն է, նրանք ամենուր ու ամեն ինչում Ամերիկա են տեսնում, ո՞ւմ է դա այնտեղ պետք: Դա պուտինյան լրատվամիջոցների ապատեղեկությունն է: Եղե՛ք ավելի խելամիտ, չէ որ դուք հայեր եք:

Զրուցեց ՏԱԹԵՎ ՖՐԱՆԳՅԱՆԸ

 

 

 

 

«ԵԹԵ ԻՄԱՆԱՅԻ, ՈՐ ՄԵՐ ԿԱՐԻՔԸ ԿԱՐ, ԿԳՆԱՅԻ»

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանը, անդրադառնալով օրերս Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերին, ասաց, որ ինքը շփվելով ռուսական բանակի հետ՝ գիտի, որ նման հարցերում ՌԴ-ն շատ խիստ է: Ըստ պատգամավորի՝ նման արարք կատարող մարդը չարիք է իր ազգի ու մարդկության համար, որին պետք է շատ խիստ դատեն:

-Պարո՛ն Սարոյան, հունվարի 12-ին Գյումրիում մի ողջ ընտանիքի դաժանորեն սպանած ռուս զինվորը ներկայումս գտնվում է ռուսական ռազմաբազայում, այլ ոչ թե հայկական կալանավայրում: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ռուսական իրավապահ համակարգը չի ցանկանում հանցագործին «հանձնել» հայկական կողմին, անգամ Հայաստանում հակառուսական տրամադրությունների սրացման գնով:
-Նախ ասեմ, որ շատ ցավալի ու շատ վատ բան է իրականում տեղի ունեցել: Ես կարծում եմ, որ անգամ Ռուսաստանում, եթե դատեն, իրեն ճիշտ կդատեն, քանի որ ռուսները էդ հարցերում միշտ էլ ավելի խիստ են, ես չեմ կասկածում, որ ռուսները շատ խիստ կդատեն: Դա նաեւ չարիք է Ռուսաստանի համար, ո՞ր ազգը նման մարդուն կընդունի, դրանք մարդկային չարիքներ են, որոնք պետք է պատժվեն: Էդ արարքը գործվի հայի, թե ռուսի դեմ, էդ մարդը պետք է անպայման պատիժ կրի:
-Բայց գյումրեցիները չեն ցանկանում, որ ռուսական կողմը հանցագործին դատի: Չեք կարծո՞ւմ, որ ժողովրդի պահանջն արդարացի է: Ի վերջո, նա հայ ընտանիք է սպանել, հանցագործություն է կատարել Հայաստանի Հանրապետության, այլ ոչ թե ռազմաբազայի տարածքում:
-Արդարացի է, մի ամբողջ ընտանիք, մի ցելի հայ ընտանիք կոտորվել է, ով ուզում է՝ լիներ անողը, ուզում է՝ հայ լիներ, էլի նույն ձեւով էին վերաբերվելու, դա ինչ կապ ունի, թե ով էր մարդասպանը, հանցագործը, կամ ի՞նչ ազգություն ունի: Ժողովուրդը ճիշտ է, ժողովուրդի արածն էլ ա ճիշտ, բայց պետք է նաեւ մենք հասկանանք, որ կարար նաեւ տենց բան աներ մեր հայը, մեր հայերից հեռու չի: Չի կարելի նման բաները բացառել: Ես ռուսական բանակի հետ շփվելով՝ գիտեմ, որ ռուսական բանակում նման հարցերը շատ խիստ են, շատ… որովհետեւ ուրիշ բան չի, դա չարիք է, էդ մարդը մարդկության մեջ չարիք է, դրա ի՞նչը զիջեն: Էտի ավարիա չի, էտի, ասենք, փորձանք չի, չգիտեմ, դա անգամ հանցագործություն չի կարելի ասել, դա ուղղակի չարիք է: Իսկ տենց չարիքները պետք չեն ժողովրդին, որովհետեւ եթե ազգը ինչ էլ անի, նման չարիքներ լինելու են: Եթե էդ մարդուն խիստ չդատեն, ապա էդ նույն բանը էդ մարդը կանի իր ազգի համար: Եթե մարդը գնացել, փոքր էրեխուն, քնած մարդուն սպանելա… չգիտեմ, սատանի ծնունդա դա:
-Ինչո՞ւ որպես ՀՀ քաղաքացի, ԱԺ պատգամավոր՝ գյումրեցիների կողքին չէիք, եթե կարծում եք, որ նրանց պահանջը ճիշտ է: Նախօրեին մեծ բախումներ տեղի ունեցան գյումրեցիների ու ոստիկանների միջեւ, ինչո՞ւ Դուք չէիք գնացել Գյումրի:
-Չգիտեմ… չեմ իմանում, եթե իմանայի, որ մեր կարիքը կար, կգնայի: Բայց էթաս, ժողովրդին ի՞նչ ասես, ի՞նչ կարաս ասես ժողովրդին, ես բառեր չունեմ ժողովրդին ասելու, ի՞նչ պետք է ասեմ: Նույն ժողովուրդն էլ ես եմ, իմ սիրտն էլ է ցավում, ես էլ եմ մղկտում մեր ժողովրդի համար, էթամ, ի՞նչ ասեմ, բան կա՞ ասելու, որ գնաս ու ասես էս ժողովրդին: Ժողովուրդը պետք է ինքն իրենով հանգստանա, միակ տարբերակը դա է:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 
ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿԻ ՊԵՍ
«Գյումրիում ցուցարարների 80 տոկոսը հարբած էր: Խմցրին ժողովրդին ինչ-որ մարդիկ, որից հետո ամբոխն անկառավարելի դարձավ: Մեծ մասը ոգելից խմիչքի ազդեցության տակ էր, ինչն էլ բերեց նրան, ինչ-որ եղավ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, ահա, այսպիսի պատասխանատու հայտարարություն է արել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը: Հետաքրքիր է՝ Լ. Երանոսյանը չհասկացա՞վ, որ իր խոսելը չի ստացվում: Ավելի լավ է՝ լռի. այդպես ավելի իմաստուն կթվա: Հակառակ դեպքում գեներալը պարտավոր է բացատրել, թե ինչ չափիչ գործիքով է որոշել, որ արդարության համար պայքարի դուրս եկած գյումրեցիների 80 տոկոսը հարբած է եղել, ո՞վ էր նրանց «խմցրել», եւ այդ ժամանակ հատկապես ի՞նչ տեսակ կանաչի էր ուտում ինքը:

 

ՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ
Տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը դժգոհություն է ստանում «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցներից: Նրանց պնդմամբ՝ իրենք գրեթե մեկ տարվա աշխատավարձ չեն ստացել: Ի դեպ, աշխատավարձ չստացածների ցանկում են ոչ միայն հիվանդանոցի մաքրուհիները, այլեւ բուժքույրերը: Դժգոհող աշխատակիցներից մեկը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ հիվանդանոցի աշխատակիցների մի մասը վերջերս ստացել է 2014 թվականի փետրվար ամսվա աշխատավարձը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշված հիվանդանոցի տնօրեն Արթուր Թամազյանն ասաց. «Այն, որ աշխատակիցները ստացել են նախորդ տարվա փետրվար ամսվա աշխատավարձը, դա իրականությանը չի համապատասխանում: Բայց բաժիններ կան, որոնք հետ են, եւ իրենք ստացել են նախորդ տարվա նոյեմբեր ամսվա աշխատավարձը: Գումարը չի բավարարում»: Ըստ Թամազյանի՝ ՀՀ առողջապահության նախարարությունը խնդրի մասին տեղյակ է: «Մեզ ուղարկում են բանկ՝ վարկ վերցնելու: Բայց բանկը վարկ չի տրամադրում աշխատավարձերը փակելու նպատակով: Այս խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է»,-անհասկանալի հանգստությամբ ասած հիվանդանոցի աշխատանքները տապալած Թամազյանը:

 

«ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊԻՆ» ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
Նոր տարվա նախօրեին ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայությունը տուգանել է «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեկտեմբերի 23-ին եւ 30-ին ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Բադալյանը Հայաստան է ներմուծել ադամաթուզ, սակայն հայտարարագիրը սահմանված ժամանակահատվածում չի ներկայացրել մաքսային մարմին, ինչի համար էլ ընկերության տնօրենը տուգանվել է 100 հազար դրամի չափով: Հիշեցնենք, որ «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրը ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանն է:

 

ՎԱՀԱՆՆ ԱԺ-ՈՒՄ
ՀՀ Ազգային ժողովի առաջին հարկում՝ հենց մուտքի մոտ, տեղադրվել է ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ, Գերմանիայում ՀՀ դեսպան, վաղամեռիկ Վահան Հովհաննիսյանի նկարով հուշատախտակ, որի մոտ թարմ վարդեր են դրված:




Լրահոս