ՀՀԿ-ն մեկ ամիս ժամանակ ունի, որ կարողանա հող նախապատրաստել, որպեսզի Սերժ Սարգսյանը կարողանա հայտարարել սահմանադրական հանրաքվեի գործընթացը շարունակելու մասին: Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանի խոսնակ Արման Սաղաթելյանը հայտարարել էր, որ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ իր ղեկավարի տեսակետը կհրապարակվի 2015 թվականի փետրվար-մարտ ամիսներին:
Սերժ Սարգսյանի հաստատմանը ներկայացված սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի տված եզրակացության մեջ ուղղակի նշված է, որ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի սահմանադրական փոփոխությունների շուրջ խորհրդարանական ուժերի եւ, ընդհանրապես, քաղաքական դաշտի՝ հնարավորինս մեծ կոնսոլիդացիա ապահովեն: Այսինքն՝ որպեսզի Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների մասին խոսի, մինչ այդ իշխանությունները պետք է քաղաքական դաշտի կոնսոլիդացիայի պատրանք ստեղծեն:
Խորհրդարանական ուժերի մասով խնդիրը, կարելի է ասել, լուծված է: Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ից բացի Աժ-ում կա եւս 5 խմբակցություն: Դրանցից ՕԵԿ-ի հարցը քննարկելու կարիք չկա, երբ իշխանությունները հրահանգեն, այս կուսակցության ղեկավարությունը կհայտարարի, որ Հայաստանի փրկությունը սահմանադրական փոփոխությունների մեջ է: ՀՅԴ-ն ի սկզբանե ասել է, որ կողմ է սահմանադրական փոփոխություններին: Ավելին՝ դաշնակցությունն արդեն իսկ հրապարակել է սահմանադրական փոփոխությունների առնչությամբ իրենց կուսակցության մոտեցումը, որում ներկայացված են նրանց առաջարկները կոնկրետ փոփոխությունների վերաբերյալ:
«Ժառանգությունը» եւս սահմանադրական փոփոխություններին դեմ չի արտահայտվել. այս կուսակցությունը բովանդակության հետ կապված իր մոտեցումներն ունի: Իսկ բովանդակային հարցերը քննարկելու համար անհրաժեշտ է դառնալ գործընթացի մասնակից:
Ստացվում է՝ խորհրդարանի վեց խմբակցություններից սահմանադրական փոփոխություններին դեմ են արտահայտվել միայն ՀԱԿ եւ ԲՀԿ խմբակցությունները: Ի դեպ, վերջինս միակ կուսակցությունն է, որի ծրագրում արձանագրված է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը: Այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ն ոչ թե սահմանադրական փոփոխություններին է դեմ, այլ դրանք այս փուլում կամ ոչ իր դրոշի ներքո անցկացնելուն:
Քաղաքական ուժերի «կոնսոլիդացիայի» պատրանք ստեղծելու ճանապարհին իշխանություններին պակասում են մի քանի արտախորհրդարանական, տվյալ դեպքում՝ մարդ-կուսակցություններ:
Իսկ թե քանի նման կուսակցություն ՀՀԿ-ն կներգրավի, հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, թե քանի նման մարդ-կուսակցություն կմասնակցի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից հունվարի 20-ին հրավիրված խորհրդաժողովին:
Եթե պարզվի, որ Գագիկ Ծառուկյանի հավաքի ցուցակում, ասենք, 10 կուսակցություն է գրվել, ապա ՀՀԿ-ն առնվազն 11-ը պետք է իր ցուցակում գրի: Իրականում այս խնդիրը եւս ՀՀԿ-ի համար հեշտ լուծելի է: ՀՀԿ խմբակցության կազմում այսօր առկա են վեց կուսակցություններ` «Ազգային միաբանությունը»՝ ի դեմս Արտաշես Գեղամյանի, «Սահմանադրական իրավունք» միությունը` Հայկ Բաբուխանյան, «Հզոր հայրենիք» կուսակցությունը` Շիրակ Թորոսյան, «Միացյալ ազատական ազգային» կուսակցությունը` Լեւոն Մարտիրոսյան, «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցությունը` Սպարտակ Մելիքյան, «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական» միությունը` Խոսրով Հարությունյան:
Մի կողմ թողնենք այն փաստը, որ ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանի շուրջը կուտակված, ՀՀԿ-ն եւ վերջինիս իրենց հնազանդությունը հայտնած մարդ-կուսակցությունները, անգամ միասին վերցրած, հանրության մեծամասնության վստահությունը չեն վայելում, կամ այլ կերպ ասած՝ Հայաստանի հանրության մեծամասնության հետ կապ չունեն: Տվյալ դեպքում երկուսն էլ զբաղված են իրենց շուրջ կոնսոլիդացիայի պատրանք ստեղծելով եւ, ըստ այդմ էլ, իրար հետ մրցելու են:
Հ.Գ. Գագիկ Ծառուկյանի հրավիրած ժողովը, չնայած քաղաքական կոնտեքստով է հրավիրված, սակայն որոշ կարծիքների համաձայն՝ այն իրականում այլ իմաստ եւ նշանակություն ունի: Այդ միջոցառումն ավելի շուտ լինելու է Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրանտ» հյուրանոցային համալիրի ոչ պաշտոնական շնորհանդեսը: Բանն այն է, որ պաշտոնական շնորհանդեսը, որը տեղի ունեցավ անցած տարվա դեկտեմբերի 19-ին, ըստ մասնակիցների՝ գործնականում ձախողվել էր: Այդ միջոցառմանը հրավիրված է եղել Հայաստանի ողջ իշխանական վերնախավը՝ քաղաքական գործիչներ, գործարարներ եւ այսպես շարունակ: Սակայն իշխանական վերնախավից բացմանը մասնակցել էր միայն վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այսինքն՝ Ծառուկյանի խնամին, իսկ գործարարներից՝ Սամվել Ալեքսանյանը: Մնացած հայաստանցի հյուրերը եղել են Ծառուկյանի դե ֆակտո ենթակաները: Գուցե այս տապալումն էլ պատճառ է դարձել, որպեսզի Ծառուկյանը մեկ այլ միջոցառում նախաձեռնի՝ թերեւս որպես իր նորակառույց հյուրանոցի «շնորհանդես»:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՓԱԿ ՆԻՍՏ ԱԺ-ՈՒՄ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հունվարի 20-ին Ազգային ժողովի երեք հանձնաժողովները փակ նիստ են հրավիրել: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն են նախաձեռնել այդ նիստը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ: Նիստը վերաբերելու է օրերս Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերին: Մեր տեղեկություններով՝ փակ նիստին ներկա կլինեն ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, եթե այս օրերի ընթացքում որեւէ իրավիճակ չփոխվի, ինչպես նաեւ՝ ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները: Արդեն մի քանի տասնյակից ավել պատգամավորներ ցանկություն են հայտնել ներկա գտնվել փակ նիստին, որպեսզի իրենց հարցերն ուղղեն իրավական համակարգի ներկայացուցիչներին:
ՀՐԱՏԱՊ ԿԱՐԳՈՎ
ԱԺ գարնանային նստաշրջանը մեկնակելու է փետրվարի 2-ին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ օրակարգում հրատապ կարգով քննարկվելու եւ հաստատվելու է վերահսկիչ պալատի տարեկան ծրագիրը, որը մինչեւ այժմ չկա: Հունվարի 25-ին մեկնարկելու է նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նիստի օրակարգում կա մի զեկույց, որը վերաբերում է մամուլի ազատությանը, քննարկվելու է նաեւ մի հարց, որը վերաբերում է քրիստոնության նկատմամբ խտրականություններին: Ի դեպ, նախատեսված է նաեւ հրատապ կարգով քննարկել օրերս Ֆրանսիայում իսլամիստ ակաբեկիչների կողմից 10 լրագրողների եւ երկու ոստիկանի սպանության ողբերգական դեպքերը:
ԷԺԱՆԱԳԻՆ ՀՆԱՐՔ
Ինչպես հայտնի է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Դարդանելի ճակատամարտի 100-ամյակը նշվելու է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը: Էրդողանը նշել է, որ այդ կապակցությամբ հրավերներ են ուղարկվել աշխարհի բոլոր երկրների ղեկավարներին, եւ ինքն ու Ալիեւն այդ օրը կլինեն Դարդանելում: Հրավեր ուղարկվել է նաեւ Սերժ Սարգսյանին: Ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի՝ Էրդողանի այդ հայտարարությունը նվաստացնում է հենց իրեն: «Դա թուրքական դիվանագիտության էժանագին հնարք է՝ աշխարհի ուշադրությունը Հայոց ցեղասպանության տարելիցից շեղելու համար: Շատ պրիմիտիվ հնարք է»,- ասաց պատգամավորը: Ի դեպ, Սերժ Սարգսյանը երեկ պատասխանել է Էրդողանին. «Ձե՛րդ Գերազանցություն, դեռեւս մի քանի ամիս առաջ հրավիրել եմ Ձեզ Երեւան՝ 2015 թ. ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԵՄ-Ն ԷԼԻ ՓՈՂ ՏՎԵՑ
Հայաստանում կշարունակվեն Եվրամիության աջակցությամբ իրականացվող բարեփոխումները. վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի ներկայությամբ երեկ Կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ ֆինանսավորման ութ համաձայնագրերի մեկնարկի արարողությունը: Աջակցության նոր փաթեթը՝ շուրջ 77.5 մլն եվրո (44 մլրդ դրամ), նպատակաուղղված է օժանդակելու Հայաստանի զարգացմանը եւ բարեփոխումներին:
ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԸ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի որոշման հիման վրա Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշմամբ Վալերի Պերմյակովին տրամադրվել է հանրային պաշտպան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ, 69-րդ եւ 70-րդ հոդվածների, ինչպես նաեւ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 41-րդ եւ 45-րդ հոդվածների հիման վրա: Պաշտպանի անունը չի հրապարակվում` նրա անվտանգության նկատառումներից ելնելով:
ՌՈՒՍՆԵՐԸ ՎԱԽԵՑԱԾ ԵՆ
Նախօրեին՝ երեկոյան, Գյումրիում տիրող պայթյունավտանգ իրավիճակը, կարծես թե, անցյալում է: Armlur.am-ի թղթակցի հաղորդմամբ` քաղաքում հանգիստ իրավիճակ է, երեկվա ակտիվությունից հետք անգամ չի մնացել: Պատճառը, ինչպես հայտնում են հունվարի15-ին դատախազության առջեւ հավաքված բազմությունից որոշ մարդիկ, պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հայտարարությունն է, որով նա վստահեցրել էր, թե անձամբ տեսել է Վալերի Պերմյակովին, ով, պատգամավորի խոսքով, «ծեծվածի տեսք չուներ»: Armlur.am-ի թղթակցի փոխանցմամբ` Գյումրիի «Վոսմոյ գոռոդոկ» կոչվող թաղամասում, որտեղ բնակվում են ռուսական 102-րդ ռազմաբազայում ծառայող սպաներն իրենց ընտանիքների հետ, մարդիկ խուճապի մեջ են: Նրանք անգամ 3-4 օր է` իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկում` վախենալով, որ հայերի կողմից բռնությունների կենթարկվեն: Գյումրեցիներին ռուսների նման կեցվածքը զարմացրել է. նրանք չեն կարողանում հասկանալ` ինչո՞ւ են ռուսները վախենում իրենցից: «Մենք հո Պերմյակով չենք, որ երեխաների վրա ձեռք բարձրացնենք: Մեր խնդիրը նա է, ոչ թե բոլոր ռուսները: Ինչպե՞ս կարող են մեզնից վախենալ»,- Armlur.am-ի թղթակցին ասել են տեղի բնակիչները:
6 ՏԱՐԻ 6 ԱՄԻՍ
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական երեկվա նիստում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատախազ Արթուր Սարգսյանը պահանջել է դերասանին ենթարկել 6 տարի 6 ամիս ազատազրկման՝ 3 տարով զրկելով մեքենա վարելու իրավունքից: Արթուր Սարգսյանն իր մեղադրական ճառում նշել է, որ մեղադրանք առաջադրելիս իրենք մի շարք հանգամանքներ են հիմք ընդունել. այն, որ Վարդան Պետրոսյանը հեռախոսազրույց է ունեցել դեպքի պահին, մեքենայի արագությունը բախման պահին գերազանցել է 71 կմ/ժ-ը, որը թույլատրված չէ օրենքով եւ այլն:
ԺՈՂՈՎ ԵՆ ԱՆՈՒՄ
Հունվարի 16-ին Հայաստանում իր աշխատանքներն է սկսել ՀՅԴ 32-րդ ընդհանուր ժողովը, որին մասնակցում են ՀՅԴ կազմակերպական բոլոր շրջանների ներկայացուցիչները, ինչպես նաեւ՝ հրավիրյալներ: Կուսակցության բարձրագույն ժողովի օրակարգն ընդգրկում է Հայաստանի ներքին կյանքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող, ազգային ու պետական առումներով հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ համաշխարհային խնդիրներ: Ժողովի արդյունքների մասին կհայտարարվի վերջինիս ավարտից հետո: