Ֆրանսիայի Մարսել քաղաքում սպանված հայազգի 16-ամյա Միքայել Ասատուրյանի սպանության գործով կալանավորվել է 3 հոգի: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց սպանվածի հայրը` Արսեն Ասատուրյանը՝ կատարվածը կապելով քրիստոնյաների եւ մուսուլմանների միջեւ առկա լարվածության հետ եւ այն համարելով ահաբեկչություն:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել հունվարի 12-ին: Միքայելը դասերի ավարտից հետո դպրոցից դուրս էր եկել, երբ դարպասների մոտ նրան էր մոտեցել մոտոցիկլետով մի երիտասարդ եւ դանակով հարվածել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպանվածի հայրը՝ Արսեն Ասատուրյանը, պատմեց, որ իր որդու սպանության պատճառը հասարակ մի հարցի շուրջ վիճաբանությունն է եղել, եւ իրենց մտքով անգամ չի անցել, թե այն կարող էր նման դաժան ավարտ ունենալ. «Միքայելն իր համադասարանցի ընկերուհիներից մի քանի հոգու հետ բաստկեբոլ խաղալուց է եղել, եւ նրա ընկերուհիներից մեկն ասել է, թե Միքո՛, մեզ էլ պաս տուր, տղաս էլ ասել է, թե հարմար չի, երբ հարմար տեղ լինի, անպայման պաս կտա: Այս խասակցությանը խառնվել է Սոֆիա անունով մի աղջիկ, որն արաբ է եւ խաղի մեջ չի էլ եղել: Աղջիկը հայհոյանքով ասել է, թե ինչու եք լսում Միքայելին: Որդիս էլ ասել է, թե դու ինչ գործ ունես, մենք մեր խաղն ենք խաղում, դու մի խառնվի, եւ հայհոյանքի նման աղջկա ասած բառով էլ հակադարձել է` ասելով, թե դու ես: Այս ամենից հետո Սոֆիան բոլորի ներկայությամբ ասել է, թե ես քո հաշիվները մաքրել կտամ, իսկ որդիս էլ պատասխանել է, թե դու իմ հաշիվները մաքրել տալ չես կարող»:
Ըստ մեր զրուցակցի՝ աշակերտների լեզվակռիվն այսքանով ավարտվել է, որից հետո համադասարանցիները քայլեր են արել Միքայելին եւ Սոֆիային հաշտեցնելու համար, իսկ Միքայելն էլ ընկերներին ասել է, թե խոսակցություն էր, անցավ, գնաց:
Սակայն, ինչպես հետագայում պարզվում է, Սոֆիան վիճաբանությունից հետո հանդարտված չի լինում, զանգահարում է երկու անձանց եւ նկարագրում է Միքայելի արտաքին տեսքը, որպեսզի ածանոթները տեսնելով տղային դպրոցից դուրս գալիս` «հաշիվները մաքրեն»:
Իսկ ինչպես է աղջիկը պլանավորել եւ իրագործել անչափահաս տղայի սպանությունը: Սպանվածի հոր ներկայացմամբ` երբ Միքայելը դուրս է եկել դպրոցի դարպասներից, Սոֆիան միտումնավոր կերպով անցել է տղայի հետեւով եւ հեռվում գտնվող անձանց ձեռքով ցույց է տվել Միքայելին.«Որդիս այդ ժամանակ հեռախոսով է զբաղված եղել, երեւի հաղորդագրություն է գրել եւ անգամ չի էլ մտածել, որ կարող է իր դեմ ինչ-որ բան ծրագրավորված լինի: Արդյունքում՝ դպրոցի դարպասներից մեկ մետր չանցած նրան է մոտեցել մոտոցիկլետով մի երիտասարդ եւ դանակով մի քանի տեղից հարվածել»:
Հոր խոսքերով՝ դպրոցում տեղի ունեցած վիճաբանության մասին իր որդին տեղյակ է պահել եղբոր որդուն` ասելով, որ գա իրեն դպրոցից տանի, քանի որ դպրոցում մեկի հետ վիճաբանություն է ունեցել եւ միգուցե նորից լեզվակռիվ լինի.«Ես տանը որդուս էի սպասում, քանի որ տեղ էինք հրավիրված, պետք է գնայինք: Ում մտքով կանցներ, որ այս մի փոքրիկ խաղային լեզվակռիվն այս կերպ կավարտվի, բոլորն են ապշած»:
Ինչպես տեղեկացանք սպանված տղայի հորից` որդու գործով կալանավորվածները երեքն են.«Մեկը չափահաս է՝ 18 տարեկան, մյուսը 17 տարեկան, իսկ կալանավորված աղջիկը 16 տարեկան է: Այս երեքը մի քանի անգամ հայտնվել են ոստիկանների ուշադրության կենտրոնում եւ մի քանի անգամ ազատազրկման են դատապարտված եղել: Սոֆիան նույնիսկ 12 տարեկանում է ազատազրկման դատապարտվել»:
Արսեն Ասատուրյանն իր որդու սպանությունը կապում է քրիստոնյաների եւ մուսուլմանների միջեւ խորացող լարվածության հետ.«Մեր լրագրողներին՝ «Շառլի Հեբդո»-ի խմբագրակազմին, երբ խփեցին, ու այսքան կյանքեր գնացին, ճիշտ է՝ դրանք այլ խմբավորումների հետ են կապված, սակայն այդ խմբավորումների քայլերն է, որ ոգեւորում է այս արաբ ջահելներին, եւ նրանք սկսել են քաղաքի տարբեր տեղերում նման գործողություններ անել: Սա եւս մեկ տեռոր է, սա կանխամտածված սպանություն էր, որ եկել են, անգամ մի բառ չեն ասել, թե, օրինակ, Միքայե՛լ, ինչ ես ասել այս աղջկան, միգուցե որդիս բացատրություն տար, որ ոչինչ չի ասել: 4 տեղից դանակով հարվածել են: Այս երկիրը գնալով դառնում է անապահով երկիր, չի կարողանում ամբողջ ազգության, երեխաների, կանանց անվտանգությունն ապահովել: Իմ տղան հիանալի երաժիշտ էր, սպորտսմեն, 6 անգամ չեմպիոն է եղել: Երբեք չի ամաչել հայկական դրոշը կրելուց, մեծ պատվով է խոսել իր հայրենիքի մասին: Այս դեպքից ամիսներ առաջ գնացել էր արշավի, ու բոլորը պատմում էին, թե ինչպես է մի խումբ ֆրանսիացիների քոչարի պարել սովորեցրել, եւ բոլորը հայկական քոչարին են պարել: Ապրող, շնչող ախպեր, ափսոս, անտեղի, անհասկանալի կերպով գնաց, դեռ նոր կյանք էր մտնում:
Մեր թանկ երկիրը պետք է այնքան լավ լիներ, որ մենք այս երկիր գայինք միայն հանգստանալու համար, այլ ոչ թե ուրիշի հողերը հարստացնելու համար: Միքայելի նման հազարավոր երեխաներ են կործանվում, սա էլ սպիտակ գենոցիդի նման մի բան է: Մեր երկիրը պետք է դզվի, որ բոլորը հետ վերադառնան, ոչ թե ուրիշի հողի վրա, ուրշին կյանք նվիրեն: Խնդրում եմ, զարթնե՛ք, հայե՛ր, մեղք են մեր ձագերը»:
«ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ-Ի ԿԱԼԱՆԱՎՈՐԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԿՀԱՅՏԱՐԱՐԻ
Հոկտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում սպանված 33-ամյա Արման Մանուկյանի գործով կալանավորվածները երկուսն են, մինչդեռ սպանվածի եղբայրը մի շարք մարդկանց անուններ էր տվել, որոնք անտեսվում են քննիչների կողմից:
Հիշեցնենք, որ երիտասարդին սպանել էին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի մեջ: Գործով կալանավորվել են Վարդենիս քաղաքի բնակիչ Սասուն Կարապետյանը, որը եղել է կրակողը, ու Սարգիս Գալստյանը (Ապեր): «Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպանվածի եղբայր Գրիշա Մանուկյանն ասել էր, որ իր եղբոր սպանության պատճառը Սոթքի ոսկու հանքանյութի շուրջ բարեկամների միջեւ առաջացած տարաձայնությունն է եղել: Այսինքն` հարազատները ոսկու հանք մտնելու եւ ապօրինի ձեւով ոսկի հանելու համար բազմիցս ծեծել ու կրակել են իրար: Ավելին` Գրիշան վստահեցրել էր, որ արյունալի պատմության մեծ մեղավորն իր հորեղբայրն է՝ Մյասնիկ (Հրաչ) Մանուկյանը. «Հրաչի բանդայի անդամներն էլ Վահագ եւ Վարդան Մանուկյաններն են, որոնք իր որդիներն են, Կարեն Մանուկյանը, Սարգիս՝ Ապեր Գալստյանը, Սասուն Կարապետյանը, Հովոն, Ռուբոն, Մարտոյի Սուրենը»:
Նկատենք, որ սպանվածի եղբոր կողմից հնչեցրած անուններից այսօր կալանքի տակ են գտնվում միայն Սասուն Կարապետյանը, որը խոստովանել է՝ ինքն է կրակել ու սպանել Արման Մանուկյանին, եւ Սարգիս Գալստյանը: Իսկ մյուսները անհասկանալի պատճառներով չեն հետաքրքրել գործը վարող քննիչներին: Մինչդեռ նրանցից յուրաքանչյուրի հարցաքննությունը հաստատ նորանոր քրեական գործերի հիմք կարող էր դառնալ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սարգիս Գալստյանի հարազատները հայտնեցին, որ այս գործում շատ բաներ կան, որ հակասում են միմյանց: Ըստ նրանց՝ մեկ հոգու ցուցմունքով են կալանավորել Սարգիսին: «Որեւէ ապացույց չկա, որ Սարգիսը կապ ունի այս դեպքի հետ, կամ, առհասարակ, սպանություն կատարողը եղել է Սարգիսի մեքենայով: Ասում են իբր Սարգիսի մեքենայի վրա կան քարի հետքեր. այսինքն՝ նրա մեքենայի վրա քարեր են շպրտել դեպքի վայրից փախնելու ժամանակ, մինչդեռ ապացուցված է, որ Սարգիսի մեքենայի վրա քարի որեւէ հետք չկա, այլ քարի հետքերը կան սպանություն իրականացրած Սասունի մեքենայի վրա: Մի խոսքով՝ շառ են անում Սարգիսի վրա»:
Հարազատների համար անհասկանալի է նաեւ այն, որ սպանված Արմանի եղբայրը՝ Գրիշան, դեռ շարունակում է մնալ ազատության մեջ. «Բոլորին հայտնի է, որ Արման եւ Գրիշա Մանուկյաններն իրենք են դեպքի օրը նախ կանգնեցրել Սարգիսի մեքենան, ցանկացել են խփել Սարգիսին: Հետո Սասունի մեքենան են կանգնեցրել, նրան են ծեծել, ի վերջո, Սասունն էլ սպանել է: Ինչո՞ւ Գրիշան իր այս արարքի համար պատասխանատվության չի ենթարկվում. ի վերջո, նա հրահրել է, սա արդար չէ»:
Ըստ կալանավորվածի հարազատի՝ եթե քննչական կոմիտեի Գեղարքունիքի քննիչները գործը շարունակեն այսպես ոչ օբյեկտիվ քննել եւ կալանքի տակ պահել Սարգիս Գալստյանին, ապա նա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կդիմի հացադուլի եւ այլ ծայրահեղ քայլերի:
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ՈՎՔԵՐ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԵՑԻՆ
Նախօրեին Գյումրիում` ՌԴ հյուպատոսարանի եւ Երեւանում` Ազատության հրապարակի մոտ տեղի ունեցած ինքնաբուխ բողոքի ակցիաների ընթացքում տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել, որոնց անունները ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես այդպես էլ չհրապարակեց:
Հիշեցնենք, որ քաղաքացիները պահանջում էին 6 հոգանոց ընտանիքին սպանած Վալերի Պրեմյակովին դատապարտել ՀՀ-ում ՀՀ օրենքներով:
Պարզվում է՝ բերման ենթարկվածների մեծ մասը «Հիմնադիր խորհրդի» (նախկինում` «Նախախորհրդարան») անդամներն են ու նրանց համախոհները: Խորհրդի անդամ Գարեգին Չուքասզյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ Երեւանում եւ Գյումրիում բերման ենթարկված «Հիմնադիր խորհրդի» անդամների եւ համախոհների ընդհանուր թիվը շուրջ 45 է: Նշենք, որ բոլորն էլ երեկվա դրությամբ ազատ են արձակվել:
Մեր զրուցակիցը՝ Գարեգին Չուկասզյանը եւս բերման է ենթարկվել եւ ազատ արձակվել: Նրա տեղեկացմամբ՝ ոստիկանություն են տարվել եւ ազատ արձակվել Ալեք Ենիգոմշյանը, Վարդան Հակոբյանը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, կինոռեժիսիոր Տիգրան Խզմալյանը, Կարո Եղնուկյանը, ակտիվիստներ Կարեն Հարությունյանը, Գեւորգ Սաֆարյանը, փաստաբան Լուսինե Սահակյանը, Արեգ Կյուրեղյանը` Հայկ Կյուրեղյանի եղբայրը, լրագրող Թեհիմնե Ենոքյանը, Վարդան Հակոբյանը, Տիգրան Վարդազարյանը, Սարգիս Հովսեփյանը եւ այլք:
Նրանց մի մասը բերման են ենթարկվել Գյումրիում` ՌԴ հյուպատոսարանի առջեւից, մյուս մասը` Երեւանում` Ազատության հրապարակից:
Ոստիկանների եւ հավաքված մարդկանց միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով ընդհանուր առմամբ բուժօգնության են դիմել մոտ 30 անձինք, որոնցից 20-ը՝ ոստիկանության ծառայողներ, որոնց հիմնական մասը դուրս է գրվել հիվանդանոցից: Վնասվել են նաեւ ճանապարհային ոստիկանության չորս ավտոմեքենաներ:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով (խուլիգանություն) եւ 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը): «Ժողովուրդ»-ը քննչական կոմիտեից տեղեկացավ, որ գործով ձերբակալվածներ չկան: Կատարվում է քննություն:
Նշենք, որ կեսգիշերին մոտ էլ Երեւանում` Ազատության հրապարակում, երբ մի խումբ քաղաքացիներ ինքնաբուխ ակցիա էին անցկացնում, ոստիկանները 7 մարդու բերման են ենթարկել` զենք կրելու կասկածանքով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Հիմնադիր խոհրդի» անդամ Կարո Եղնուկյանի մոտ գազային ատրճանակ է եղել, օրինական: Նրանք բոլորն էլ ազատ են արձակվել:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ