ՀԻՎԱՆԴՆԵՐԸ ԿԻՍԱՔԱՂՑ ԷԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերի հիվանդներն անցնող տարվա ընթացքում պարբերաբար թերսնվել են: Այս իրողությունը խոստովանեց հաստատության տնօրենը` ամփոփելով անցնող տարին. «Ֆինանսական միջոցների անբավարարությունը Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի անձնակազմին դժվար կացության մեջ էր դրել: Հիվանդների համար որակյալ սպասարկում իրականացնելը գերխնդիր էր դարձել»,- նշեց Արարատ Վարդանյանը:

Բանն այն է, որ դիսպանսերը ծանր կացության մեջ է հայտնվել՝ կուտակելով 9 մլն դրամ պարտք: Կառույցի գոյատեւման համար, բացի պետբյուջեի հատկացումներից, կարեւոր մաս էր կազմում նաեւ հովանավորների եւ բարեգործների աջակցությունը: «Լինի դա սննդի, թե անկողնային պարագաների, հագուստի եւ կոշկեղենի տեսքով: Նախորդ տարի նրանց թիվը գնալով կրճատվեց, իսկ միջոցների սակավությունը բացասաբար ազդեց անգամ սննդի չափաբաժնի վրա»,- ներկայացրեց տնօրենը:
Բարեբախտաբար հաջողվել է հովանավոր գտնել. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը դրամական օգնություն է ցուցաբերում դիսպանսերի հիվանդների սնունդի համար: Թեեւ Կառավարության կողմից սահմանված էր սննդի օրական չափաբաժինը, սակայն գումարն անբավարար էր: Իսկ այժմ արդեն ամսական 2 մլն դրամ հատկացվում է «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի կողմից:
«ԶՊՄԿ-ի՝ սննդակարգի բարելավմանն ուղղված ֆինանսական աջակցության շնորհիվ դիսպանսերում պատկերը փոխվեց. հիվանդների առողջական վիճակում դրական տեղաշարժ կա, անգամ նրանց շրջանում նկատվող սակավարյունությունն է նվազել»,-ընգծեց Արարատ Վարդանյանը:
2014-ը նյարդահոգեբուժական դիսպանսերի պատմության մեջ հիշատակվեց եւս մեկ բարեգործությամբ: «Միացյալ ազգերի զարգացման» ծրագրի փոխանցած 50 հազ. ամերիկյան դոլարն օգնեց, որ ամռանն արեւային էներգիայով աշխատող տաք ջրամատակարարման համակարգ տեղադրվի շենքի տանիքում: Սա նաեւ օգնեց տնտեսումներ անել:
Իսկ Գերմանիայի դեսպանատան դրամաշնորհային ծրագրի շնորհիվ բոլոր հիվանդասենյակները եւ աշխատասենյակները կահավորվել են անհրաժեշտ փայտե գույքով՝ մահճակալներ, պահարաններ, սեղաններ ու աթոռներ:
Թվարկելով անցած տարվա ձեռքբերումները` Արարատ Վարդանյանն առանձնացրեց նաեւ տարիներ շարունակ խնդիր դարձած կոյուղու բացակայության հարցը: Նա նշեց, որ դիսպանսերը 10 տարի առանց կոյուղու է աշխատել: Անցած տարի, սակայն, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տնօրեն Պատրիկ Լորենին դիմելուց հետո այս հարցը ի վերջո լուծվել է:
Ինչ վերաբերում է հիվանդների թվին, տնօրենի խոսքով՝ տարվա վերջում դիսպանսերում բուժում էր ստանում 40-ից ավել մարդ: «Որպես կանոն տղամարդկանց բաժանմունքն առավել հագեցած է լինում: Իսկ ամբողջ մարզի տարածքում հաշվառված հիվանդների թիվը 2.600-ից ավել է»,-նշեց հաստատության ղեկավարը:

ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կապան

 

 
ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԵՎ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ ԹԱՍԻԲԸ

Գյումրիում տեղի ունեցած վերջին օրերի խառը դեպքերի ընթացքում շատերի համար զարմանալի էր, որ ոչ մի անգամ չշոշափվեց քաղաքապետ Սամվել Բալասանյանի անունը: Բանն այն էր, որ քաղաքապետը հունվարի սկզբին իր հաշվին արձակուրդ էր ձեւակերպել եւ մեկնել Միացյալ Նահանգներ:

Կատարված ողբերգության պատճառով ընդհատելով արձակուրդն ու հունվարի 15-ի երեկոյան Հայաստան ժամանելուն պես՝ քաղաքապետը հաջորդ առավոտյան հանդես եկավ մամուլի ասուլիսով: Անդրադառնալով իր բացակայության ընթացքում քաղաքում ստեղծված իրավիճակին՝ նա նշեց, որ ինքը եւս պատրաստվում էր 15-ի երեկոյան ներկա գտնվել դատախազության շենքի մոտ, կանգնել իր ժողովրդի կողքին եւ թասիբին, բայց ժամանակի առումով ուշացավ: Քաղաքապետի համար, սակայն, այդպես էլ անհասկանալի է մնացել, թե ինչու է գյումրեցիների ինքնաբուխ հավաքը վերածվել մեծ անկարգության:
«Ասում են՝ Դուբայում հանգստանում էի, մինչդեռ մեկնել էի Գլենդել սեփական ծախսերիս հաշվին՝ պայմանագիր կնքելու: Հունվարի 22-ին պետք է Գյումրին եւ Գլենդելը ճանաչվեին քույր քաղաքներ: Այնքան կարեւոր հանդիպումներ կային նախատեսված, բոլորը թողեցի ու շտապ վերադարձա: Հանդիպում ունեի նաեւ Քըրք Քրքորյանի հետ, իրանահայ համայնքի նախագահի, բայց… 27 ժամվա ընթացքում հասա Հայաստան, հանդիպեցի Գյումրի այցելած ՀՀ գլխավոր դատախազի հետ, վերջինս ինչպես ձեզ, այնպես էլ ինձ տղամարդավարի խոստացավ, որ հարցը լուծում կստանա մեր պահանջի համաձայն»,-ասաց քաղաքապետը:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք տեսնո՞ւմ է ռուսական ռազմաբազան Գյումրիից տեղափոխելու անհրաժեշտություն, քաղաքապետը բացասական պատասխանեց՝ ասելով, որ պետք չէ հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրել: «Մենք ունենք դարավոր բարեկամություն: Այդուհանդերձ, ես նույնպես պահանջելու եմ, որ հանցագործը դատվի այստեղ»,- նշեց նա:
Ավետիսյանների ընտանիքից ողջ մնացած միակ փոքրիկի՝ Սերյոժայի անվամբ քաղաքապետի հանձնարարականով հաշվեհամար է բացվելու:
«Ես ինքս իմ երեք ամսվա աշխատավարձը պատրաստվում եմ փոխանցել նրա հաշվին»,-տեղեկացրեց նա:
Իսկ հարցից, թե ինչու Գյումրիում սգո օր չհայտարարվեց, եւ ՀՀ նախագահին քաղաքապետարանից ոչ ոք չդիմեց այդ խնդրանքով, Ս. Բալասանյանն ու նրա աշխատակազմը սրտնեղեցին.«Մենք՝ տեղական ինքնակառավարման մարմիններս, այդ որոշումը կայացնելու եւ ներկայացնելու իրավունք չունենք»,-արդարացավ Գյումրիի քաղաքապետը:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի

 

 

ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ
2013թ. նոյեմբերի 14-ին «Ժողովուրդ» թերթի հերթական համարում լույս էր տեսել հոդված՝ «Հերթական խաբվածը» վերնագրով: Հոդվածում խոսվում էր «Նորվիկ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից բողոքող քաղաքացի Վարդան Հովսեփյանի մասին, ով դիմել էր թերթի խմբագրություն՝ հայտնելով, որ կազմակերպությունը կեղծ փաստաթղթերի եւ ստորագրության կեղծման միջոցով իրենից հավելյալ 400.000 դրամ է ցանկանում գանձել:
Վերջերս «Նորվիկ» վարկային կազմակերպությունը դիմեց մեզ՝ ներկայացնելով ապացույցներ, որոնցից պարզ երեւում է, որ տվյալ ժամանակահատվածում «Նորվիկ» վարկային կազմակերպությունը Վարդան Հովսեփյան անուն-ազգանունով վարկառու չի ունեցել: Հիշեցնենք նաեւ, որ թերթի խմբագրությունը հոդվածի լույս տեսնելուց հետո փորձել է կապ հաստատել տվյալ քաղաքացու հետ, սակայն վերջինիս հեռախոսը շարունակ անջատված է եղել:
Այս ամենը մեզ հիմք է տալիս եզրակացնելու, որ քաղաքացու հայտնածն իրականությանը չի համապատասխանում, եւ նա (միգուցե առանց դիտավորության) անվանարկել է «Նորվիկ» վարկային կազմակերպությանը: Այս թյուրիմացության կապակցությամբ հայցում ենք մեր ընթերցողների եւ «Նորվիկ» վարկային կազմակերպության ներողամտությունը:




Լրահոս