ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ ԼՑՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ Սերժ Սարգսյանը գոնե հրապարակավ փորձ է անում պայքար տանել քրեականացված օլիգարխիայի դեմ, այնուամենայնիվ, արդյունքը տեսանելի չէ, ավելին, օլիգարխիան ամեն բացվող օր նոր մարտահրավեր է նետում նրան:
Հուլիսի 8-ին՝ «Հարսնաքար»-ի մոտ սպանված Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառության ժամանակ, ռեստորանում է եղել նաեւ ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարված Ռուբեն Հայրապետյանը, որը հարվածել է Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանին` նրան գետնին տապալելով:
Նախօրեին էլ ոստիկանությունը ձերբակալել է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի քրոջ որդուն՝ Արման Բադալյանին` նրա անունը կապելով մի շարք միջադեպերի հետ:

ՀԱՐՑ. Արդյոք Հայաստանում հնարավոր չէ անվտանգ ապրել՝ առանց օլիգարխիայի հրոսակախմբի հետ բախվելու:

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե կան նման կազմավորումներ, ապա հասարակությունն անվտանգ չի կարող ապրել: Անհրաժեշտ է թիկնազորներին ուղղակի վերացնել: Նրանց այսօրինակ առկայությունը վտանգ է առաջացնում: Հարցը բավականին ակտուալ է: Եթե դու օրենքի շրջանակներում բիզնես ես վարում եւ մարդկանց անօրինական ձեւով մրցակցությունից դուրս չես թողնում, ուրեմն թիկնազոր ունենալու խնդիր էլ չես ունենա: Մենք ունենք բազմաթիվ նշանակության մարդիկ, որոնք մեկ մեքենայով են ման գալիս եւ խնդիրներ էլ չունեն:

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Ժառանգություն» կուսակցության
փոխնախագահ


ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցը բավականին հռետորական է: Այստեղ չեմ տեսնում քաղաքական կամ ԱԺ պատգամավորի մեկնաբանություն տալու անհրաժեշտություն: Իսկ ինչո՞ւ չենք տեսնում արդյունքը, հարցը տվե՛ք պայքարողներին: Եթե կան բացասական երեւույթներ, եթե կա Ձեր ասածի պես քրեական օլիգարխիա կոչվածը, ապա նման դեպքերը պետք է առաջացնեն մտահոգություն: Ընդհանուր առմամբ չեմ կարող ասել, հարցն ուղղե՛ք համապատասխան պատկան մարմիններին:

ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ
ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր

ՊԱՏԱՍԽԱՆ. Անվտանգություն ասելով՝ չգիտեմ, թե ինչ նկատի ունեք, բայց ասեմ՝ այդ տեսանելիությունը վազող գազան չէ, որ տեսնես: Ընդհանրապես ե՛ւ կոռուպցիան, ե՛ւ Ձեր բարձրացրած հարցերը բոլոր հասարակություններում էլ առկա են: Այն քայլերը, որ իրականացնում է մեր իշխանությունը, բոլորի համար էլ տեսանելի են, եւ մի երկու մասնավոր դեպքը պետք չէ ընդհանրացնել ու նման հարցադրումներով էլ ավելի վատթարացնել վիճակը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ
 ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար

 
ՊԱՏԱՍԽԱՆ. (Ծիծաղում է-Ք.Մ.) Նախ եկե՛ք ձեւակերպումը փոխենք: Իսկ ո՞վ ասաց, թե Սերժ Սարգսյանը պայքարում է օլիգարխիայի դեմ: Ոչ մի պայքար էլ օլիգարխիայի դեմ չի ծավալվում: Իսկ այն, որ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, թե մանդատը վայր է դնում, նույնպես Սերժ Սարգսյանի հուշումով է արվել, այս ամենը պարտադրված քայլ է Ռուբեն Հայրապետյանի համար եւ, իհարկե, PR ակցիա Սերժ Սարգսյանի համար: Հայաստանում հնարավոր չէ անվտանգ ապրել: Հասարակությունն իր զգոնությամբ պետք է հասկացնի իշխանություններին, որ համբերության բաժակը լցվել է, պետք է ազատվենք նրանցից:

ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆ
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս