Կանխատեսելի է, որ սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կրկին «կփայլեն» հանրապետականները: Նշենք, որ Շիրակի մարզում համայնքի ղեկավար եւ ավագանու անդամներ կընտրվեն 84 գյուղական եւ 2 քաղաքային համայնքներում: Գործող համայնքապետերի մեծ մասը դարձյալ պատրաստվում է առաջադրել թեկնածությունը: Հիմնականում նրանք հանրապետականներ են, կան նաեւ ՕԵԿ-ականներ, քիչ թվով դաշնակցականներ, ԲՀԿ ներկայացուցիչներ եւ, իհարկե, անկուսակցականներ:
Կանխատեսումների համաձայն՝ հատկապես թեժ պայքար է լինելու Գյումրիում, Արթիկում եւ Արթիկի շրջանի գյուղական որոշ համայնքներում: Խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն զգալի ձայներ ստացավ Շիրակի մարզում, սպասվում է, որ այդ կուսակցությունը ակտիվորեն կմասնակցի նաեւ ՏԻՄ ընտրություններին: «Դեռ քաղաքական որոշում չի կայացվել, թե որ համայնքում ինչ կարգավիճակով է մասնակցելու: Մի տեղ քաղաքապետի, մյուս տեղերում գուցե ավագանու կարգավիճակով, բայց կարծում եմ՝ լուրջ մասնակցություն կունենանք»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ ներկայացուցիչ, քաղաքապետի հավանական թեկնածու Վարդեւան Գրիգորյանը: Նա շեշտեց, որ հատկապես Գյումրին լինելու է ԲՀԿ-ականների ուշադրության կենտրոնում:
Հանրապետականներն իրենց հերթին են պնդում, որ առաջիկա նախագահական ընտրությունների շեմին իրենք էլ են լուրջ մասնակցություն ունենալու ՏԻՄ ընտրություններին: Կուսակցությունը մեծ թվով թեկնածուներ կառաջադրի տարբեր համայնքներում: Արթիկ համայնքը, ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ՏԻՄ ընտրություններում եւս թեկնածուներ կունենա տարբեր քաղաքական ուժերից: «Գյումրիում եւ մարզի մյուս խոշոր քաղաքում՝ Արթիկում, կլինի ընդգծված պայքար»,-շեշտում է Շիրակի մարզի ՏԻՄ հարցերի վարչության պետ Կառլեն Աբրահամյանը:
Գյումրիում արդեն մեկ ամիս շարունակ շրջանառվում են քաղաքապետի թեկնածուների տարբեր անուններ: Առայժմ միայն գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է հայտարարել իր առաջադրվելու մասին: Բացի ԲՀԿ-ից, ՀՅԴ-ն եւս պատրաստվում է ներգրավվածություն ունենալ ՏԻՄ ընտրություններին, հատկապես Գյումրիում: ՀՅԴ ՇՄ կառույցի պատասխանատու Գեւորգ Ալեքյանը հայտարարեց. «Գյումրու մասով միանշանակ մասնակցելու ենք սեփական թեկնածուով: Արթիկի մասով դեռ ընթացքի մեջ են քննարկումները: Տեղի մարմիններն են որոշում իրենց գործունեությունը՝ ավագանո՞ւ թեկնածու կունենան, թե՞ քաղաքապետի: Համայնքներում էլ ունենք թե՛ գործող, թե՛ առաջադրվել պատրաստվող թեկնածուներ»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ից կսկսվեն թեկնածուների առաջադրումները, որից հետո կմեկնարկի քարոզչության ակտիվ փուլը:
Գյումրի