Հայտնում եմ Ձեզ, որ տղաս՝ Հրաչյա Հենզելի Գեւորգյանը, արդեն տասը ամիս է՝ անօրինական կերպով գտնվում է Երեւանի քննչական մեկուսարանում եւ մեղադրվում է առեւանգման համար, որը զրպարտություն է, նման բան չի եղել, դա Մաշտոցի շրջանի ներքին գործերի բաժնի պատվերն է: Այս տասը ամիսների ընթացքում ամեն տեղ բողոքել եմ, էլ տեղ չմնաց: Ինձ պատասխանում են, թե հերիք է նույնաբովանդակ նամակներ գրեք, հետաքննությունը կպարզի: Տղաս ծայրահեղ միջոցների է դիմել որպես բողոք. քննիչի սենյակում կտտանքների ենթարկվելով՝ դաժան ծեծի ու ստորացումների, ցավին չդիմանալով՝ մեխեր է կուլ տվել, հացադուլ հայտարարել, բերանը կարել: Ներքին գործերի բաժնում քրեական օպերները ջարդել են ձեռքը, որից մեկը պարգեւատրվել է, այժմ Մաշտոցի ներքին գործերի բաժնի պետն է: Ես ու տղաս «Ժողովուրդ»-ին ենք դիմում խնդրանքով. բարձրաձայնե՛ք, թող հասարակությունը իմանա՝ ինչ է կատարվում: Առանց պատճառի հինգ անգամ հետաձգվում է դատը, ոչ մի վկայի չեն գրանցել որպես վկա, արդարությունը մահացել է, մի անգամ էլ Դուք եք տպագրել տղայիս մասին հոդվածում: Տղաս դիմել է կաթողիկոսին, մարդու իրավունքների պաշտպանին, Հելսինկյան կոմիտեին եւ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը՝ այս ավազակային պետությունից հեռանալու եւ ընդունելու իսլամը: Ես 70 տարեկան ծեր կին եմ, ոչ ոք չունեմ, բացի Հրաչից, ամուսինս եւ 40 տարեկան տղաս երկու տարի առաջ են մահացել: Արդեն ես էլ եմ ուզում տղայիս հետ հեռանալ այս պետությունից. իսլամանանք, իշխանությունները թող ամաչեն՝ ինչ վիճակի մեջ են գցել մարդկանց, իմ նմանները շատ-շատ են, որոնք հիասթափված են:
ՀՀ քաղաքացի