Հաղորդավար, շոումեն, երգիչ ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը, սակայն, ինչպես ինքը նշեց, դերասանական գործունեությունը հիմա դադարեցրել է, ինչի համար շատ է ցավում, քանի որ իրեն համարում է թատրոնի մարդ:
-Ճիշտ է, հիմա թատրոնում չեմ խաղում, բայց զբաղվում եմ ինձ հարազատ աշխատանքով` հաղորդավար, շոումեն, երգիչ, այլ բաներով չեմ զբաղվում, փառք Աստծո:
-Ինչո՞ւ:
-Վերը նշված մասնագիտություններն ինչ-որ չափով եկամուտ են ապահովում, ինչը չի կարող լինել թատրոնում: Դա իմ ցավոտ կողմն է: Ուղղակի թատրոնն այսօր այն վիճակում չէ, որտեղ աշխատելով՝ կկարողանամ ընտանիքս պահել, դրա համար էլ այս պահին դրանով չեմ զբաղվում: Չնայած հույս ունեմ, որ կգա ժամանակ, երբ ես թատրոնում կաշխատեմ որպես դերասան, սակայն չգիտեմ՝ երբ կլինի: Եթե շատ լավ առաջարկ ունենամ թատրոնից, մեծ հաճույքով կմտածեմ այդ ուղղությամբ:
-Իսկ սերիալներում նկարահանվելու առաջարկ չե՞ք ստացել:
-Եղել է մի սերիալ` «Հ2» հեռուստաընկերությամբ էր հեռարձակվում` «Շեղշե լյա ֆամ» («Փնտրե՛ք կնոջը»), որը, ի դեպ, բավականին լավն էր, հումորով էր, բայց մեծ հաջողություն չունեցավ, որովհետեւ եկամուտ չբերող սերիալ էր: 40 սերիայից հետո փակվեց:
-Եթե կրկին սերիալում նկարահանվելու առաջարկ ստանաք, կհամաձայնե՞ք:
-Դժվար թե, ոչ թե որ չեմ նայում սերիալներ կամ համարում եմ ցածրակարգ, ուղղակի չեմ կարծում, որ այդքան ժամանակ կունենամ:
-Պրոֆեսիոնալ շոումենի պահանջարկը որքանո՞վ է առկա Հայաստանում:
-Բավականին պահանջարկ կա: Չեմ ուզում խոսել իմ անունից, կասեմ, որ այսօր ե՛ւ համերգների կազմակերպման համար, ե՛ւ այլ միջոցառումներին պահանջվում են համապատասխան վարողներ: Որքանով որ ես տեղյակ եմ, ու ապացուցել է իմ մասնագիտությունը, շոումենը շոու ծրագրի ամենակարեւոր դեմքն է: Նավապետն ինչ տեսակ եղավ, այդ տեսակ էլ նավն իր ուղեւորությունը կանի:
-Դուք հարսանիքներին որպես թամադա հանդես գալի՞ս եք:
-Այո՛, երբեմն լինում է: Վերջին տարիներին Հայաստանում եւ արտերկրում մի տեսակ նորաձեւ է դարձել, որ հարսանիքները դարձնում են շոու: Առաջվա ձյաձյաները չեն, որոնք թամադայություն են անում: Հարսանիքը նույնպես դարձել է շոու, իսկ եթե շոու է, ուրեմն շոումեն էլ կարող է լինել: Այդ ձեւաչափը ոչ միայն մեզ մոտ է ընդունված: Հաճախ է պատահում, երբ հաղորդավարներն ու շոումենները թամադայություն են անում:
-Հայաստանում թամադա, շոումեն, հաղորդավար լինելով՝ հնարավո՞ր է ընտանիք պահել, թե՞ ամեն դեպքում կողմնակի եկամուտ է հարկավոր:
-Չեմ կարծում, որ դա չնչին է համարվում, որովհետեւ նորից ասեմ՝ դա մի փոքր ինդիվիդուալ է: Եթե որեւէ կորպորատիվ միջոցառման կամ հարսանիքի հրավիրում են հայտնի մարդու, բնական է, որ նա ունի իր հոնորարի չափը:
-Լսել եմ, որ Դուք բավականին բարձր վարձատրվող շոումեն եք:
-Բարձր՝ համեմատած ո՞ւմ եւ ինչի՞ հետ: Եթե սկսնակ ինչ-որ կատարողներ ինչ-որ X գումար են վերցնում, դո՞ւ էլ նույն չափով ուզես, երբ 20 տարի բեմում աշխատում ես ու տարբեր աշխատանքներ ես կատարել, այդ ամենի արդյունքը պետք է նաեւ հոնորարների վրա ազդի: Բնականաբար, սկսնակի գին չես ուզում, բայց ամեն ինչ խելքին մոտ ես անում՝ հաշվի առնելով, որ Հայաստանն այսօր այդքան հնարավորություններ չունի: Երբեմն լինում է, որ դրսից՝ ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան, մեծ գումարներ աշխատում ես, բայց դա ոչ միշտ է ու ոչ ստաբիլ:
-Դուք «Արմենիա» մրցանակաբաշխության կարծես անփոփոխ վարողն եք: Ինչո՞վ է դա պայմանավորված. Վալերի Սահարյանի հետ ընկերական կա՞պ կա, թե՞ Հայաստանից միայն Ձեզ են ընտրում:
-Ասեմ, որ ես նաեւ ինչ-որ տեղ կազմակերպիչ եմ, «Արմենիա պրոդաքշն» հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչն եմ: Հայաստանի հետ կապված բոլոր տեսակի աշխատանքները կատարում եմ ես: Մենք Վալերի Սահարյանի հետ միասին ենք սկսել մեր առաջին քայլերը, կազմակերպել ենք նախ «Քեզ համար, Հայաստա՛ն», «կպրվÿ չՏՊՈ ԸՐՎպվՌՌ», տարբեր մրցույթ-փառատոններ, պարզապես փառատոններ, «Անելիք» մրցանակաբաշխություն, հետո «Տաշիր»-ը, հիմա էլ վերանվանվեց ու դարձավ «Արմենիա» մրցանակաբաշխություն: Ինչպես արդեն նկատեցիք, ես այդ մրցանակաբաշխության անփոփոխ հաղորդավարն եմ, ինչպես նաեւ Լյուդմիլա Տատարովան, այսպես ասած` ցմահ հաղորդավարներն ենք:
-Կողմնակի ի՞նչ այլ գործերով եք զբաղվում, որ կապ չունի շոու բիզնեսի հետ:
-Միայն շոումեն, հաղորդավար ու երգիչ, կողմնակի բիզնես չունեմ:
-Իսկ ես լսել էի, որ փոքր բար-ռեստորան ունեք Երեւանում:
-Ես այդքան ժամանակ չունեմ, իսկ եթե ունենայի, կհատկացնեի իմ մասնագիտությանը:
-Եթե ժամանակ չունեք, ուրեմն ինչ-որ կոնկրետ տեղ աշխատանք ունեք: Որտե՞ղ:
-«Jose» ժամանցի վայրում ամեն երեկո ծրագիր եմ վարում:
շարունակելի
«ԿՈՂՄՆԱԿԻ ԲԻԶՆԵՍ ՉՈՒՆԵՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ