Գյումրիում անօթևան ընտանիքների բնակապահովման ծրագիրը փակուղուց դուրս բերելու ելքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես գիտենք, Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով, ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ին կայացրած որոշմամբ, պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված 444 ընտանիքների տրամադրվելու են բնակարանների գնման վկայագրեր՝ երկու փուլով:

ՀՀ կառավարության նույն որոշման համաձայն, վկայագրերի միջոցով տրամադրվող աջակցության չափը որոշվել և հիմք է ընդունվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2014 թ. հոկտեմբերի 1-ին հրապարակած՝ Գյումրի քաղաքում բազմաբնակարան շենքերի ընդհանուր մակերեսի 1 քառ. մետրի 2014 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ձևավորված շուկայական միջինացված գինը՝ 109.300 ՀՀ դրամ:

Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացը ՀՀ Շիրակի մարզպետարանի կողմից սկսվել է 2014 թվականի նոյեմբերի 27-ից:
Գաղտնիք չէ, որ բնակարանատերերը վաճառքի հանված բնակարանների գները սովորաբար սահմանում են ԱՄՆ դոլարով, և քանի որ նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցավ դոլարի փոխարժեքի բարձրացում ՀՀ դրամի նկատմամբ, բնակարանների գնման վկայագրեր ստանալու ենթակա անօթևան ընտանիքները հայտնվել են ծանր խնդրի առջև: Թերևս նաև այդ պատճառով, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, նախորդ երկու ամիսների ընթացքում, առաջին փուլով ԲԳՎ-ներ ստանալու ենթակա 215 ընտանիքներից ընդամենը 10 ընտանիք է ընդգրկված բնակարաններ գնելու գործընթացում:

Այդ իսկ նպատակով առաջարկում ենք

1. Իրականացնել վկայագրերի միջոցով նախատեսված ֆինանսական աջակցության չափի վերահաշվարկ և ԲԳՎ-ների միջոցով տրամադրվող աջակցության չափը սահմանել Գյումրիում բազմաբնակարանային շենքերի ընդհանուր մակերեսի 1 քառ. մետրի ներկա պահին առկա շուկայական գնով:

2. Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ԲԳՎ-ների միջոցով բնակարաններ գնելու տասնյակ շահառուներ չեն կարողանում բնակարաններ ձեռք բերել նաև այն պատճառով, որ Գյումրու բազմաբնակարան շենքերում չկան վաճառքի ենթակա անհրաժեշտ քանակությամբ բնակարաններ: Այդ իսկ նպատակով անհրաժեշտ է արագացնել Մուշ-2/2 թաղամասում դեռ 2012 թվականին շահագործման հանձնված 1756 բնակարանների սեփականաշնորհման գործընթացը:

Նաև Ձեր ուշադրությունն ենք ուզում հրավիրել Գյումրիում վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում, սոցիալապես ծանր պայմաններում բնակվող հարյուրավոր անօթևան ընտանիքներին ոչ պետական միջոցներով բնակարաններով ապահովելու անհրաժեշտության վրա: Տասնյակ գյումրեցի անօթևան ընտանիքներ ուրախությամբ լսեցին, երբ տեղեկատվություն տարածվեց, թե 2014 թվականի սեպտեմբերի 7-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի և հեռուստատեսություններից մեկի նախաձեռնությամբ իրականացված հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված ավելի քան 700.000 ԱՄՆ դոլարով տասնյակ բնակարաններ են գնվելու և նվիրաբերվելու Գյումրու անօթևան ընտանիքներին: Գյումրեցիները հիմա էլ լիահույս սպասում են այն երանելի օրվան և ուզում են իմանալ, թե վերջապես ե՞րբ և ու՞մ են տրամադրվելու հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված գումարներով ձեռք բերված բնակարանները: Սակայն հեռուստամարաթոնից անցել է արդեն ավելի քան չորս ամիս և մինչև օրս հանգանակաված գումարի ճակատագրի մասին որևէ տեղեկատվություն չի հրապարակվել:

Ուստի Ձեզ խնդրում ենք հանրությանն իրազեկել, թե գյումրեցի անօթևան ընտանիքների բնակարաններով ապահովելու նպատակով կազմակերպված հեռուստամարաթոնի ընթացքում որքա՞ն գումար է հանգանակվել, վերջապես ե՞րբ են այդ գումարներով բնակարաններ ձեռք բերվելու, ու՞մ, ի՞նչ սկզբունքով ու պայմանով են նվիրաբերվելու կամ տրամադրվելու հանգանակված գումարներով գնվելիք բնակարանները:

Վերջում ուզում ենք Ձեզ հղել հարյուրավոր անօթևան ընտանիքների ևս մեկ ակնկալիք: Այն է՝ մոտակա ժամանակահատվածում իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից աղետի գոտու և Գյումրու, հատկապես պետության կողմից փոխհատուցման ոչ ենթակա անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով համահայկական հեռուստամարաթոն-դրամահավաք:

Հավաստիացնում ենք, որ ծայրահեղ սոցիալական պայմաններում ավելի քան քառորդ դար մաքառող անօթևան ընտանիքներին հուզում են վերը շարադրված հարցերն ու առաջարկությունները: Դրանք շարադրելիս հիմք եմ ընդունել մեր՝ «Շիրակ կենտրոն» կազմակերպության անօթևան ընտանիքների հետ երկարատև և ամենօրյա աշխատանքային փորձն ու ուսումնասիրությունները: Ուստի ակնկալում եմ, որ Դուք հնարավորինս կարճ ժամկետում հրապարակայնորեն կարձագանքեք:
Հարգանքով՝ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ` Վահան Թումասյան

Գյումրի
2015 թ. հունվարի 22




Լրահոս