Գևորգ Կոստանյանը մեղքս գալիս է. Լևոն Բարսեղյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս լսումների ժամանակ ես Գևորգ Կոստանյանից որևէ նոր բան չլսեցի: Նա կրկնում էր այն, ինչ օրեր շարունակ ասում էր: Այսօր կայացած խորհրդարանական լսումներից հետո այսպիսի տեսակետ հայտնեց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

«Փորձե՛ք 2 ժամվա իր խոսացածը մաղել, տակը կտեսնեք, որ որևէ արժեքավոր տեղեկություն չի մնացել՝ լյա-լյաների շարան է: Նույնիսկ իմ մեղքը սկսեց գալ, սկսեցի խղճալ, թե այս մարդուն ուր են գցել, չլում են, տանջում են, չարչարում են: Մի քանի հանցագործություն է եղել՝ բուն հանցագործությունից բացի, մարդիկ չե՞ն կռահել, որ կոնկրետ վարույթ իրականացնեն, նյութեր պատրաստեն: Մարդն ասում է՝ կպարզենք, նոր հիմքեր կունենանք ՌԴ դատախազին դիմելու: Գևորգ Կոստանյանն ասաց, որ ինքնանպատակ չի դիմելու ՌԴ դատախազին, հիմքեր են պետք: Ի՞նչ է, մինչ օրս չկան այդ հիմքերը»,- ասաց Բարսեղյանը:

«Ես հասկանում եմ, որ սա քաղաքական հարց է: Կոստանյանը չի որոշում: Բայց եթե կան իրավական հակասություններ, դու մե՛ր դատախազն ես, մե՛ր շահերի տեսանկյունից մեկնաբանի այդ ամեն ինչը: Դու ինչի՞ ես ուրիշի մեղադրյալին ուրիշի Սահմանադրությամբ մեկնաբանում, դու մե՞ր դատախազն ես, թե՞ իրենց: Սրանից են կատաղել մարդիկ»,- նշեց Լևոն Բարսեղյանը:

Վերջինս անդրադարձավ նաև ՌԴ-ից հնչող ցավակցություններին. «Խստությամբ պատժելու հայտարարություններն անհեթեթ են,  իսկ ո՞վ իրավունք ունի կասկածել այդ հարցում: Բնականաբար, այդ հանցագործությունն արժանի է խստագույն պատժի, դրանում որևէ մեկը չպետք է կասկածի: Այսինքն՝ սրանով ուզում են ասել, որ մինչև հիմա օրենքի ամբողջ խստությա՞մբ չեն պատժվել հանցագործները: Պուտինը ցավակցեց դեպքի 6-րդ օրը, երբ բախումներ եղան: Երևի թե, Մոսկվայում կռահեցին, որ համը ելնում է»,-ասաց Բարսեղյանը: Վերջինս նշեց նաև, որ բոլորը սպասում են Գևորգ Կոստանյանի խոստման իրականացմանը:




Լրահոս