2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացները թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասաց, որ բավարար հիմքեր չկան դիմելու ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային` Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու պահանջով:
Armlur.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը, ով ծագումով գյումրեցի է, նշեց, որ ինքը Գևորգ Կոստանյանի ասածի մեջ իրական հիմքեր է տեսնում և համարում է, որ գլխավոր դատախազը մասնագիտական տեսանկյունից իրեն ճիշտ է պահել:
Մեր հարցին, թե Գևորգ Կոստանյանը եթե տեղյակ չէր, որ բավարարար հիմքեր չկան դիմելու ՌԴ գլխավոր դատախազին, ինչո՞ւ էր հանդես գալիս համարձակ հայտարարությամբ և ասում, որ տղամարդավարի խոստանում է դիմել Յուրի Չայկային` Վալերի Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու պահանջով, Սուքիաս Ավետիսյանը ասաց.
«Երբ Գևորգ Կոստանյանը Գյումրիում էր, դեպքը դեռևս նոր էր տեղի ունեցել: Նախաքննության ընթացքում շատ հանգամանքներ են պարզ դարձել, պետք է հիմքեր և փաստեր լինեն, որ Կոստանյանը կարողանա դիմել ՌԴ գլխավոր դատախազին: Դիմելուց մեկ անգամ պետք է դիմի, հո ամեն անգամ չի՞ կարող դիմել: Պետք է բավարար փաստեր լինեն:
Եթե գյումրեցիները չհամաձայնեն համբերել և Գևորգ Կոստանյանի ասածի պես չսպասեն փաստեր հավաքելուն, ես պատրաստ եմ գնալ Գյումրի և նորից ասել Գևորգ Կոստանյանի ասածները»:
Վերջինս պարզաբանեց նաև, որ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի օրը ինքը գտնվել է Շվեդիայում ՀՖՖ գործկոմի կանանց ֆուտբոլի և ֆուտզալի կոմիտեի հետ: Պատգամավորը դրանով է արդարացնում իր` Գյումրի չմեկնելու հանգամանքը: Նկատենք, որ Գյումրիում տեղի ունեցած սպանության օրը քաղաքապետ Սամվել Բալասանյանն ԱՄՆ-ում էր գտնվում: Նա այնտեղ էր դեռևս հունվարի 3-ից, որտեղ նախատեսված էր ստորագրել Գյումրիի և Գլենդելի միջև համագործակցության հուշագիր: Սակայն, Գյումրիի քաղաքապետն ընդհատել է այցը և չսպասելով փաստաթղթի ստորագրման արարողությանը՝ վերադարձել է Հայաստան՝ գյումրեցիների կողքին գտնվելու համար: