Հունվարի 18-ին եւ 19-ին Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղի միջնակարգ դպրոցը չի գործել: Դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանը (ի դեպ, նա Վանո Սիրադեղյանի եղբոր որդին է) ասաց, որ հունվարի 11-ին եւ հունվարի 17-ին Կոթի գյուղն ադրբեջանական հենակետերից հրետակոծվել է, եւ բազմաթիվ ընտանիքներ վտանգի պատճառով իրենց երեխաներին գյուղից տեղափոխել են այլ բնակավայրեր:
Դպրոցի տնօրենի վկայությամբ՝ հունվարի 11-ին ազերիների ոտնձգություններից հետո դպրոցում ուսումնական գործընթացը բնականոն հուն էր վերադարձել, սակայն հունվարի 17-ին ազերիների հերթական գնդակոծությունները կրկին խափանեցին դպրոցական պարապմունքները:
Մ. Սիրադեղյանը նաեւ հայտնեց, որ Կոթիի դպրոցում տեղադրված է ջեռուցման կենտրոնացված համակարգ, որը գործում է դիզելային վառելիքով: Այդ համակարգում խափանություն կա, շարքից դուրս է եկել կաթսայի բոցայրիչը: Սակայն դպրոցի տնօրենի հավաստմամբ` դասապրոցեսի հիմնական խոչընդոտը դա չէ, հունվարի 21-ին Վանաձորից անհրաժեշտ պահեստամասը կբերվի Կոթի եւ համակարգը կգործարկվի: Դասերի անցկացման խոչընդոտը սահմանագոտում տիրող իրավիճակն է: Մ. Սիրադեղյանն ասաց, որ հունվարի 17-ի երեկոյան ադրբեջանական զինուժը նռնականետերով կրակ է բացել Կոթի գյուղի վրա, նռնակներ են ընկել գյուղի հենց կենտրոնում, որտեղով ձգվում է դպրոց տանող հիմնական ճանապարհը: Եվ հիմա կոթեցի ծնողներն անհանգստացած են իրենց երեխաների կյանքի համար, ուստի այս իրավիճակում, բնականաբար, չեն ցանկանա իրենց երեխաներին դպրոց ուղարկել: Նշենք, որ Կոթիի միջնակարգ դպրոցն ունի 235 աշակերտ:
Տնօրենի փոխանցմամբ` հունվարի 20-ին դպրոց է հաճախել 50 աշակերտ: Դպրոցում դասերը կայացել են կարճ ձեւաչափով՝ ամեն դասը 30 րոպե: Նրա վկայությամբ՝ այժմ Կոթի գյուղում է գտնվում եւս 50 դպրոցահասակ երեխա, որոնք հունվարի 20-ին դպրոց չեն հաճախել: Մ. Սիրադեղյանի վկայությամբ՝ հունվարի 21-ին եւս դասերը տեղի կունենան կարճ ձեւաչափով, իսկ հունվարի 22-ին արդեն դասերը կընթանան բնականոն ձեւով: Եթե, իհարկե, չլինեն նոր գնդակոծություններ:
Վերջին մի քանի օրերին չի գործել նաեւ Կոթիի մանկապարտեզը, որտեղ հաճախում է 52 երեխա: Այս դեպքում, սակայն, ըստ Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանի՝ պատճառը ոչ այնքան ադրբեջանական գնդակոծության վտանգն է, որքան ջեռուցման համակարգի խափանումը: Մանկապարտեզում կառուցվել է փայտով սնուցվող կաթսայատուն, որտեղ տեխնիկական խնդիրներ կան: Գյուղապետը հայտնեց, որ այդ խնդիրները կլուծվեն այս շաբաթվա ընթացքում, եւ հաջորդ շաբաթ մանկապարտեզը կգործի:
Ոսկան Սարգսյան