Գրեթե երկրաչափական պրոգրեսիայով աճում է տեղեկատվությունը այն մասին, որ Հայաստանի տարբեր բնակավայրերում բունտ բարձրացնելու ցանկություն ունեն վրացական համարանիշներով մեքենաներ վարող Հայաստանի քաղաքացիները: Վարորդների դժգոհության դեպքեր արդեն արձանագրվել են Գյումրիում, Վանաձորում եւ Նոյեմբերյանում: Սպասվում է, որ առաջիկայում իրենց մտադրության մասին կբարձրաձայնեն նաեւ Հայաստանի հյուսիսային մյուս բնակավայրերի քաղաքացիները: Սույն թվականի փետրվարի 5-ից ուժի մեջ մտավ «Մաքսային օրենսգրքում» հերթական փոփոխությունը, որով արգելվեց մեքենաների ժամանակավոր ներմուծումը Հայաստան: Ներկայումս, կոնկրետ վրացական պետհամարանիշներով, մեր երկրում առկա է 15 հազար ավտոմեքենա: Նրանք ստիպված են հաշված օրերի ընթացքում մի քանի հազարական դոլար հայթայթել` մեքենան մաքսազերծելու համար: Եթե չհասցնեն, ստիպված կլինեն տուգանք վճարել (օրական 100 հազար դրամ): Իսկ դա նշանակում է, որ մարդիկ, եթե անգամ իրենց սեփական մեքենան նվիրեն մաքսային ծառայությանը, միեւնույն է պարտք կմնան պետությանը: Ի՞նչ է ասում Կառավարությունը. կարող էինք օրենքը գործածության մեջ դնել հունվարի 1-ից, բայց «մեծահոգաբար» մեկ ամիս հետաձգել ենք, լուծում ենք բյուջեի, օրինականության եւ հավասարության ապահովման խնդիր: Եւ վերջապես, Հայաստանը վերածվում է հին ավտոմեքենաների գերեզմանոցի: Օրինականության եւ հավասարության մասին կառավարության «մտահոգությունը» կառաջացնի եփած հավի ծիծաղը եւ մյուս կողմից վարորդների արձագանքը, որը հայտնի պատճառներով չի կարելի տպագրել մամուլում: Երեկ ՊԵԿ-ի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը «News.am»-ին տված հարցազրույցում նշել է, թե ներմուծվող մեքենան մաքսազերծվում է «Մաքսային օրենսգրքի» 87-րդ հոդվածի հիման վրա, եթե ներմուծողը կկարողանա ներկայացնել բավարար հիմքեր ինվոյսային արժեքի իսկության վերաբերյալ: Բոլոր նրանք, ովքեր գեթ մեկ անգամ հարաբերվել են մաքսային ծառայության հետ, կվկայեն, որ հաշիվ- ապրանքագիրը (ինվոյս) անկախ նրա ճշմարտացիությունից, նետվում է մի կողմ, եթե հսկիչ գինը ավելի բարձր է: Ինվոյսը հաշվի է առնվում միայն, եթե նրանում ապրանքի գինը նշված է ավելի բարձր: Այդ ժամանակ էլ հսկիչ գինն է «նետվում» մի կողմ: Կա եւս մի խնդիր. ՊԵԿ-ը հրաժարվում է հրապարակել մեքենաների հսկիչ գինը: Պատճառաբանում են, թե իբր դա սխալ պրակտիկա էր` հաշվի առնելով մեքենաների վնասվածությունը, ներսի վիճակը` հագեցվածությունը եւ այլն: Սակայն բոլորը գիտեն, թե ինչպիսի հնարամտությամբ կարող են մաքսային սպասավորները նկատել կամ չնկատելու տալ «մանրուքները»: Կոռուպցիոն ռիսկը այստեղ ավելի շատ է, քան այն դեպքում, երբ որեւէ ավտոմեքենա կարող է ներմուծվել ասենք բարձրակարգ անվահեծերով` չվճարելով դրա համար լրացուցիչ գումար: ՊԵԿ-ը պատճառաբանում է նաեւ, որ հսկիչ գները բարձր չեն, այլ համապատասխանում են շուկայական գներին: Ինչպես բացատրես, որ շուկայական գինը ձեւավորվում է նաեւ մաքսազերծման գինը հաշվի առնելով: Ի՞նչու նույն մեքենան հարեւան Վրաստանում արժի 40-ից 50 տոկոս էժան: Միգուցե մենք նրանցից շատ ավելի լա՞վ ենք ապրում, դրա համար էլ մեր մոտ գներն ավելի թանկ են: Պարզվում է` մի պետության բյուջե, որն ի վիճակի է հոգալ խոշոր բիզնեսների խնդիրները` վճարելով միլիարդավոր դրամներ` դոտացիայի տեսքով, չի կարող չխանգարել եւ մինչեւ վերջին կոպեկը չքամել այն շարքային քաղաքացիներին, ովքեր իրենց օրվա հացը վաստակում էին Վրաստանի հետ առեւտուր անելու միջոցով: Չուզողություն: ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ
ՄԱՔՍԱՅԻՆ ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ