Հրազդան քաղաքում ամիսներ առաջ սարսափելի դեպք է գրանցվել: 47-ամյա Ռոբերտ Հախվերդյանը պարբերաբար գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ` դաժան ծեծի է ենթարկել իր խնամքին գտնվող մորը` Ա. Ս.-ին:
Այս դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել` ՀՀ Քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պարբերական խոշտանգումը` նյութական կախվածություն ունեցող անձի նկատմամբ. պատժվում է ազատազրկմամբ 3-7 տարի ժամկետով): Գործն ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան` դատավոր Վարդան Ստեփանյանի վարույթ: Առաջին դատական նիստը նշանակվել է հունվարի 26-ին:
Մեղադրական եզրակացության համաձայն` Ռոբերտ Հախվերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի ընթացքում պարբերաբար ծեծի է ենթարկել և խոշտանգել հաշմանդամ մորը:
Մայր ու որդի բնակվել են համատեղ, և Ռոբերտը համարվել է մոր միակ խնամակալը: Վիճաբանությունների և դրանից բխող խոշտանգումների պատճառը, ըստ մեղադրանքի, որդու` ալկոհոլի ազդեցության տակ գտնվելն է եղել: Վիճաբանությունների ընթացքում Ռոբերտը մորը դիտավորությամբ հարվածներ է հասցրել՝ պատճառելով ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանք:
Խոշտանգումներից մեկն, օրինակ, եղել է հետևյալ կերպ. Ռ.Հախվերդյանը 2014 թ. ապրիլի 6-ին` ժամը 18-ի սահմաններում, իրենց բնակարանում ալկոհոլ օգտագործած վիճակում ցանկացել է հյուրասենյակում գտնվող, մի կերպ հենակի միջոցով քայլող մորը տանել ննջասենյակ, սակայն վերջինս` տեսնելով, որ իր որդին ի վիճակի չէ նրան օգնել, հրաժարվել է գնալ և բռնվել է սեղանից: Սա տեսնելով` Ռոբերտը զայրացել է մոր վրա, վիճաբանել նրա հետ և բազմաթիվ հարվածներ հասցրել անօգնական մոր դեմքին՝ դիտավորյալ կերպով նրան պատճառելով ուժեղ ցավ:
Այնուհետև, 2014թ. օգոստոսի 12-ին` կրկին նույն ժամին, հարբած լինելու պատճառով արժանանալով մոր նախատինքներին` կրկին վիճաբանել է նրա հետ, ապա բազմաթիվ հարվածներ է հասցրել իրենից կախվածության մեջ գտնվող, անօգնական մոր դեմքին և ձեռքերին:
Հավելենք, որ արդեն Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է 45-ամյա Սամվելի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Ըստ մեղադրանքի նա պարբերաբար ծեծի է ենթարկել անօգնական մորը, իսկ մի օր` սպանել նրան:
Ըստ մեղադրանքի` իր մոր հետ նույն բնակարանում բնակվող 45-ամյա Սամվելին, մեղմ ասած, դուր չի եկել իր խմելու վերաբերյալ մոր դիտողությունները:
Որդին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել է մոր հետ ու դիտավորությամբ բութ, կոշտ առարկաներով բազմաթիվ հարվածներ հասցրել մոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ` այդ կերպ սպանելով նրան: Սամվելին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանությունը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: