Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է Սեւանի մասին օրենսդրության փոփոխություններին։ ՄԻՊ հայտարարությունում ասվում է. ,ՀՀ կառավարությունը հունիսի 15-ին ներկայացրեց եւ Ազգային ժողովը ընդունեց օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով նախատեսվում է Սեւանա լճից ջրի բացթողման տարեկան ծավալ 170 մլն խմ-ի փոխարեն սահմանել 320 մլն խմ: Այս կապակցությամբ Պաշտպանի գրասենյակում կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում պետական մարմինների եւ մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ օրենսդրական նշված փոփոխությունների ընդունման գործընթացում հասարակական լսումներ չեն կազմակերպվել, եւ հետեւաբար հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ազդակիր համայնքին եւ հասարակության շահագրգիռ այլ անդամներին հնարավորություն չի ընձեռնվել մինչ օրինագծի ընդունումը արտահայտել իրենց դիրքորոշումը եւ որեւէ կերպ ակնկալել դրա ներառումը օրինագծում: Հաշվի չեն առնվել օրենքի փոփոխությամբ Սեւանի ավազանի էկոհամակարգի վերաբերյալ բնապահպանների ահազանգերը: Միեւնույն ժամանակ քննարկման բոլոր մասնակիցները կարեւորեցին գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ոռոգումը եւ գյուղացիների համար եկամտի աղբյուրի ապահովումը:
Շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման ժամանակ հասարակայնության մասնակցության ապահովումը, որպես պետության պարտավորություն, նախատեսված է Օրհուսի 1998թ. կոնվենցիայով, համաձայն որի յուրաքանչյուր Կողմ ապահովում է հասարակայնության մասնակցությունը վաղ փուլում, երբ բաց են բոլոր տարբերակների դիտարկման հնարավորությունները, եւ հասարակայնության մասնակցությունը կարող է արդյունավետ լինել: Անընդունելի է շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման ժամանակ սահմանված ընթացակարգային կանոնների անտեսումը, որի արդյունքում խախտվում են շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացման թափանցիկության, հանրային մասնակցության ապահովման սկզբունքները:
Կոչ ենք անում իրավասու բոլոր պետական մարմիններին որոշումների կայացման յուրաքանչյուր գործընթաց իրականացնել օրենքի անշեղ պահպանմամբ: Որպես օրենքի պահանջ հասարակության մասնակցության ապահովումն այս գործընթացներում իրականացնել հրապարակայնության, մատչելիության եւ թափանցիկության սկզբունքներին համապատասխան, ձևավորել քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ համագործակցության մշակույթ եւ հրատապ միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվությունը հասարակության համար անմատչելի դարձնող որոշումները եւ գործողությունները բացառելու ուղղությամբե: